×


Եվրատեսիլյան կրքերից «հինգ պակաս»

«Եվրատեսիլյան» ամենամյա տվայտանքների փուլը համացանցաբնակները պաշտոնապես դեռ չեն բացել, չնայած՝ մեր այս տարվա պատվիրակի անունն արդեն հայտնի է՝ Սրբուհի Սարգսյան (Սրբուկ): Մասնակցի հետ կապված քննարկումներ չեղան. տպավորություն է, թե համաձայն են բոլորը՝ անկախ այն բանից, որ այս անգամ ընտրությունն արել են ոչ թե «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուներն, այլ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը: Այս տարվա պատվիրակից սպասելիքները շատ են: Բայց ամեն ինչ ամբողջական տարբերակով կարող ենք գնահատել միայն, երբ հնարավորություն կլինի լսելու երգը, որն ընտրվելու է մրցութային կարգով:

Շոու՞, թե՞ վոկալ, վոկա՞լ, թե՞ շոու: Այս տարի, հաշվի առնելով նախորդ մասնակիցների փորձը, ի՞նչ փոփոխություն կամ լրացում կտեսնենք, BRAVO.am-ը փորձել է պարզել «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նոր ղեկավարներից:

Անուշ Տեր-Ղուկասյանը, «Մանկական Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոնը եւ Դավիթ Ծերունյանը


«Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ «Եվրատեսիլը» վոկալի մրցույթ չէ։ Սա երգի մրցույթ է, համաեվրոպական մեծ տոն, որում իր կարեւոր տեղն ունեն յուրաքանչյուր երկրի արտիստը, երգը եւ շոուն։ Իր մասնակցության 12 տարիների ընթացքում Հայաստանը միշտ յուրովի է ներկայացել, հետեւել է տվյալ պահի երաժշտական եւ բեմադրական թրենդերին՝ միաժամանակ ուրույն տեղ հատկացնելով ազգային էլեմենտներին։ Այս ամենի արդյունքում մեր արտիստները միշտ սիրվում եւ հիշվում են երկրպագուների կողմից»,- ասաց Դավիթ Ծերունյանը՝ հավելելով, որ փոփոխություններ լինում են յուրաքանչյուր տարի եւ այդ փոփոխություններն առաջին հերթին կախված են երկիրը ներկայացնող արտիստից։ Կարելի է ասել, որ յուրաքանչյուր արտիստ հենց ինքն է թելադրում ցանկացած տեսակի փոփոխություններն ու լրացումները՝ ըստ իր բեմական կերպարի, ձայնային տվյալների, ցանկությունների եւ այլն։ Այս տարին եւս բացառություն չի լինի։

Այն, որ ամեն տարի ներկայանում ենք լուրջ պատրաստված ելույթներով՝ փաստ է, որ ստանում ենք սպասվածից կամ ցանկալիից ցածր միավորներ՝ սա էլ է փաստ: Մրցույթը մրցույթ է, որքան էլ այն դիտում ենք որպես երգի մեծ տոն. պրոֆեսիոնալ տեսանկյունից ի՞նչն է մեր պատվիրակների՝ ոչ այնքան բարձր հորիզոնականներ գրավելու պատճառը: «Մեր մասնակցության տարիներին տարբեր արդյունքներ ենք գրանցել, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ «Եվրատեսիլն» իսկապես անկանխատեսելի մրցույթ է: Թե ժյուրիի, թե հեռուստադիտողի քվեարկության դեպքում մեծ դեր է խաղում մարդկային գործոնը, այդ իսկ պատճառով երբեք էլ չգիտես, թե տվյալ տարում ինչը կսիրվի, ինչը՝ ոչ։ Բայց մի բան միանշանակ է. Հայաստանը միշտ տարբերվում է մասնակից այլ երկրներից։ Մեր արտիստները, երգերն ու բեմադրությունները միշտ սպասված են, իսկ 43 մասնակիցներից հիշվելն արդեն լավ արդյունք է:)»,- ասաց Անուշիկ Տեր-Ղուկասյանը՝ ավելացնելով, որ շատ կարեւոր է մրցույթին ներկայանալ նոր ասելիքով, երաժշտական եւ բեմական նոր լուծումներով։ Մնացածը ժյուրիի եւ հեռուստադիտողների ձեռքերում է։

Ինչ վերաբերում է մեր այս տարվա պատվիրակ Սրբուկին, ապա Անուշիկ Տեր-Ղուկասյանն ասաց.«Վերջին երկու տարիներին Սրբուկի անունը եւս շատ էր շրջանառվում։ Հաշվի առնելով «Եվրատեսիլ»-ի երկրպագուների ցանկությունը, ինչպես նաեւ Սրբուկի վոկալային տվյալները, յուրօրինակ կերպարն ու պրոֆեսիոնալ բեմերում ելույթ ունենալու փորձը, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը միաձայն որոշում կայացրեց ընտրել հենց նրան»։

Չնայած՝ «Դեպի Եվրատեսիլը» նոր անուններ է բերում ասպարեզ, ամեն դեպքում աշխատատար է, Դավիթ Ծերունյանի խոսքով՝ նախապատրաստական եւ մրցույթի ավարտին հաջորդող աշխատանքներն իսկապես շատ ժամանակ են խլում.«Այս տարի որոշեցինք անցկացնել արտիստի ներքին ընտրություն, եւ շատ ուրախ եմ, որ արձագանքներն ավելի քան դրական են»։

Դրական արձագանքները, Սրբուկի վոկալն ու նրա սիրելի երաժշտական հետաքրքիր ոճերը, հուսանք, կտան իրենց արդյունքները միավորների տեսքով:

Տեքստը՝ Զառա Ղազարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Առաջին ալիքի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport