Հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ րոպեներ առաջ տեղեկացրել են, որ այսօր հայ երգիչները հանդես են եկել Եվրոպական հեռարձակողների միությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն ուղղված հայտարարությամբ, որով հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվող «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին:
Հայ երգիչները հրաժարվում են մեկնել Բաքու
Տարածված հայտարարության մեջ երգիչները նշում են.
«Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եվ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին հետ քաշել դիպուկահարներին շփման գծից:
Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլեւ ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար: Այս պարագայում մենք, ներքոստորագրյալներս, հրապարակավ հայտարարում ենք, որ լրջագույն վերապահում ունենք` կապված Բավքում կայանալիք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության հետ:
Հայաստանի երգիչները տարիներ շարունակ մասնակցել են Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպած «Եվրատեսիլ» երգի բոլոր, այդ թվում` նաեւ մանկական մրցույթներին:
Սակայն այս տարվա «Եվրատեսիլ-2012»-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու հեռանկարը հարուցեց շատ երկրների հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների սուր քննադատությունն ու դժգոհությունը:
Մենք հայտարարում ենք, որ հրաժարվում ենք մասնակցել Բաքվում անցկացվող մրցույթին:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որեւէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս:
Որքան էլ ադրբեջանական իշխանություններն ասեն, թե իբր երաշխավորում են մասնակիցների անվտանգությունը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ 2004 թ-ին ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ Բուդապեշտի հյուրանոցում գիշերը ադրբեջանցի մարդասապան սպայի ձեռքով անկողնում քնած պահին կացնահարված Գուրգեն Մարգարյանի ճակատագրին կարող է արժանանալ ազգությամբ հայ յուրաքանչյուր երգիչ կամ պատվիրակության որեւէ անդամ:
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մինգեչաուրում եւ Մարաղայում կազմակերպեց զանգվածային ջարդեր եւ կոտորածներ, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր: Մի երկրում, որը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա, փորձեց բռնի ուժով հայաթափել Ղարաբաղը եւ մեր քույրերին ու եղբայրներին դուրս մղել իրենց պատմական հայրենիքից: Արցախի մեր քույրերի եւ եղբայրների հերոսական ինքնապաշտպանության շնորհիվ նրանց զինված ուժերը դուրս մղվեցին Արցախից, սակայն այսօր էլ շարունակում են հայերին կոտորելու սպառնալիքները: Եվ այդ ամենը կատարվում է նախագահի եւ իշխանության տարբեր մարմինների մակարդակով, որոնք տարիներ շարունակ իրենց քաղաքացիներին դաստիարակում են ռեւանշիզմի եւ հայատյացության ոգով:
Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու Եվրատեսիլ-2012-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտը, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված մանկական «Եվրատեսիլ»-ի օրերին, որին, ի դեպ, չմասնակցեց Ադրբեջանը: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ»-ի բոլոր հետագա մրցույթներին»:
BRAVO.am-ը տաք հետքերով փորձեց պարզել, թե մեր երգիչներից ովքեր են ստորագրել այս հայտարարության տակ: Երեկոյան ուշ ժամին մեզ հաջողվեց պարզել միայն, որ մեր կատարողներից ոչ բոլորն են տեղյակ նման հայտարարության գոյության մասին, մյուսներն էլ տեղյակ են միայն դրա բովանդակությանը եւ համաձայն, բայց առայժմ չեն ստորագրել: Մասնավորապես, Սոֆի Մխեյանը եւ Հասմիկ Կարապետյանը մեր թղթակցից են տեղեկացել նման նամակի գոյության մասին, իսկ Հայկոն պատմել է, որ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ` ինքը, Նունե Եսայանը եւ այլ երգիչներ միացել են նախաձեռնությանը:
Անդրեն պատրաստակամություն է հայտնել մասնակցել "Եվրատեսիլ 2012"-ին
Մինչդեռ “Եվրատեսիլ”-ի հայաստանյան առաջին մասնակից Անդրեն BRAVO.am-ի հետ զրույցում կրկնել է բազմիցս արտահայտած այն կարծիքը, որ Հայաստանն անպայման պետք է մասնակցի մրցույթին, եւ պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու եւ ներկայացնել այնտեղ մեր երկիրը:
Մեր կայքը կհետեւի այս խնդրի շուրջ զարգացումներին:
Bravo.am
Կարդացեք նաեւ` Ու կրկին Եվրատեսիլի մասին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: