×


Երեխաները քաղցր խաղալիքներով զարդարել են “Արմենիա Մարիոթ”-ի տոնածառը

Տոնածառի, աստղիկների, սրտիկների տեսքով թխվածքաբլիթները երեկ գունավորվել ու զարդարվել են 50-ից ավելի երեխայի կողմից եւ կախվել “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի նախասրահի տոնածառից:

Միջոցառմանը մասնակցած փոքրիկներից


Երեխաները “Օրրան”, “Հայաստանի մանուկներ հիմնադրամ”, “ՍՕՍ մանկական գյուղ”, “Աստղիկ” հասարակական կազմակերպություններից էին, որոնք նախատոնական տրամադրությամբ` սեղանների շուրջ քաղցրավենիքից ստանում էին տոնածառի խաղալիքներ: Նրանց նաեւ օգնում էին ուսուցիչներն ու հյուրանոցի աշխատակիցները:

“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը եւ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Միկել Կռանցը


7-ամյա Արմենը, որը հաճախում է “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոն, ուշադրությամբ գունավորում էր թխվածքաբլիթները. “Փայլերով ու կոնֆետներով տոնածառ եմ սարքում, որ կախեմ մեծ տոնածառից: Ամենաշատը սիրում եմ տոնածառի լույսերը”:

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի 7-ամյա Միլենան առաջին անգամ էր մասնակցում ամանորյա միջոցառմանը: Դպրոցի սաներին հրավիրել էին “Հայաստանի մանուկներ” հիմնադրամից. “Ուզում եմ, որ Ձմեռ պապիկն ինձ երգող, խոսող տիկնիկ բերի, մեկ էլ սիրուն շորեր:): Շատ լավ է անցնում այստեղ, երբ տոնածառի լույսերը վառեն, երազանք կպահեմ”:

“Արմենիա Մարիոթ” հյուրանոցում բարեգործական միջոցառմամբ հայտարարվել է Սուրբ Ծննդյան սկիզբը


15-ամյա Գայանեն էլ “ՍՕՍ” մանկական գյուղից եկել էր իր ընտանիքի հետ: Նրա ամանորյա երազանքը եւս կապված էր ընտանիքի հետ. “Շատ կուզեի, որ մեր ընտանիքի համար ավտոմեքենա լինի, որ “ՍՕՍ” մայրիկը մեզ տարբեր տեղեր տանի: Նոր տարվա հետ կապված ամեն ինչ հետաքրքիր է անցնում, հատկապես սիրում եմ նվերների մասը:)”:

Երեխաները քաղցրավենիքից տոնածառի խաղալիքներ են պատրաստել


Հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանի խոսքով` արդեն երրորդ տարին է` երեխաներն ընդգրկված են տոնածառի զարդարման ընթացքին, բացի այդ, տարվա բոլոր եղանակներին տոնական միջոցառումներ են կազմակերպում հենց երեխաների համար. “Այստեղ երեխաները միավորվում են, մոռանում խնդիրների մասին: Փորձում ենք ամեն ինչ անել, որ ուրախ լինեն, խաղան, հետաքրքիր ժամանց ունենան: Տարեցտարի մեզ միանում են հասարակական տարբեր կազմակերպություններ. միասին նպատակ ունենք բարձրացնելու հասարակության իրազեկության մակարդակը եւ նշելու, որ մեր կողքին ապրում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW