×


Լուիզա Ղամբարյանը

Երեք տարի անց Լուիզա Ղամբարյանը վերադառնում է սերիալներ

Լուիզա Ղամբարյանի աշխատանքային առօրյան այժմ խիստ հագեցած է: Երկար դադարից հետո նա պատրաստվում է ներկայանալ երկու նոր սերիալում, ինչպես նաեւ երկու նոր թատերական ներկայացումներում: Իր մասնակցությամբ նոր նախագծերի մասին դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Այս երեք տարիների ընթացքում եղան առաջարկներ, որոնք տարբեր պատճառներով իմ կողմից հավանության չարժանացան: Բայց շուտով` դեկտեմբեր 4-ից, Հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվի «Բացիր աչքերդ»  40 մասանոց նոր սերիալը, որտեղ ներկայանում եմ բավական նոր եւ ուրույն կերպարով` փոքր-ինչ չոր եւ զուսպ բնավորությամբ: Մարմնավորելու եմ ծերանոցի տնօրենի կերպարը, ով ծանր կյանքով է ապրել, բայց մի շրջափուլից հետո նրա վերաբերմունքը փոխվելու է կյանքի հանդեպ, իսկ չոր բնավորությունը՝ փափկելու: Այսինքն` սերը կփոխի ամեն ինչ... Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց Լուիզան:

Լուիզա Ղամբարյանը


Մյուս նախագիծը, որին մասնակցելու է դերասանուհին, եթեր կհեռարձակվի եկող տարվա սկզբին՝ «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ նկարահանումներն արդեն մեկնարկել են, բայց մանրամասներ պատմելը դեռ վաղ է:

Հեռուստատեսային այս դադարի ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել թատերական ներկայացումներում: Հիմա էլ պատրաստվում են նոր ներկայացում բեմադրել` Թեննեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»» պիեսի հիման վրա: Հայ թատրոնի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ է բեմադրվում ամերիկացի հեղինակի այս հայտնի ստեղծագործությունը: Մինչ օրս Սուրեն Շահվերդյանի բեմադրությունը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է եւ անցնում է հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու լեփ-լեցուն դահլիճով: Գլխավոր դերերում հանդես են գալիս Նելլի Խերանյանը եւ Մուրադ Ջանիբեկյանը: Այժմ Սուրենը նույն պիեսը բեմադրում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ այս անգամ արդեն նոր դերասանների մասնակցությամբ:

«Սա հրաշալի գործ է: Վստահ եմ` թե՛ հանդիսատեսի, եւ թե՛ դերասանների համար շատ հետաքրքիր է լինելու: Գլխավոր դերերում հանդես ենք գալու ես եւ Ստեփան Ղամբարյանը. որոշել ենք Ղամբարյաններով ներկայանալ բեմում (ժպտում է,- հեղ.): Ես հանդես եմ գալու Բլանշի կերպարում: Հիմա փորձասենյակային աշխատանքներ են տարվում, կարծում ենք` փետրվարի վերջին արդեն հանդիսատեսի դատին կհանձնենք»,- նշեց Լուիզան: Ի դեպ, BRAVO.am-ն առաջիկայում առավել մանրամասն կպատմի ներկայացման մասին:

Լուիզա Ղամբարյանը


Մյուս նոր նախագիծը, որին նույնպես մասնակցելու է դերասանուհին, ընդգրկվելու է Դրամատիկական թատրոնի խաղացանկում: Բեմադրության հեղինակը Ժան-Պիեր Նշանյանն է: Գլխավոր դերերում նրա հետ հանդես են գալիս Արթուր Ութմազյանը եւ Վահագն Գալստյանը.«Հոգեբանական դրամա է, կոչվում է «Եկեք անկեղծ խոսենք»: Այստեղ ես հոգեթերապեւտի կերպար եմ մարմնավորելու: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Արթուր Ութմազյանի` իմ վաղեմի խաղընկերոջ հետ: Այս ներկայացումն էլ, հավանաբար, մարտ ամսվա ծրագրերում է նախատեսված»:

Ամփոփելով 2017 թվականը՝ Լուիզան ասաց, որ այն աչքի չի ընկել ո՛չ վերելքներով, ո՛չ էլ անկումներով. հանգիստ աշխատանքային տարի է եղել: Կարծում է` մեծ անելիքներ կլինեն գալիք տարվա ընթացքում: Հետաքրքրվեցինք նաեւ, թե այս անգամ որտեղ եւ ինչպես է դիմավորելու Ամանորն իր ընտանիքը: Նա ասաց` դեռ քննարկում են, բայց մի բան հստակ է՝ այս տարի երկրից չեն մեկնի եւ Նոր տարին կդիմավորեն ընկերների ու հարազատների հետ.«Սովորաբար, մենք ծովափնյա հանգստի ենք ուղեւորվում, բայց այս տարի կլինենք Հայաստանում: Թե կոնկրետ որտեղ՝ դեռ չենք որոշել»:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport