Երկվորյակ քույրեր Վերա եւ Ռենա Հովհաննիսյանները Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կայացած խոհարարական արվեստի օլիմպիադայում քաղցր քանդակների համար արժանացել են ոսկե մեդալի: Մոսկվայում բնակվող աղջիկները ներկայացել են Հայաստանի դրոշի ներքո եւ հաղթել “Հրուշակեղենի արտադրանք” անվանակարգում:
Վերա եւ Ռենա Հովհաննիսյանները զբաղվում են տորթերի ձեւավորմամբ
Մուլտֆիլմային կենդանիներին նրանք պատրաստել են Մոսկվայում եւ իրենց հետ տարել Գերմանիա: “Ամեն մեկս ներկայացրել ենք մեր կոմպոզիցիան, որոնք գնահատվեցին մաքսիմալ 100 բալով: Ժյուրին դրանց նայում է որպես արվեստի գործի: Ուտելու համար է, բայց չենք կերել. մեկը թողել ենք ժյուրիին, մյուսը` հետ բերել:): Օլիմպիադային մասնակցում էին 52 երկրի ներկայացուցիչներ` թիմային կամ անհատական աշխատանքներով, կային նախապես բերված աշխատանքներ եւ տեղում պատրաստվող ուտեստներ”, - BRAVO.am-ին հայտնել է Վերա Հովհաննիսյանը:
Վերա եւ Ռենա Հովհաննիսյանների ձեւավորած տորթերից
Տասը տարուց ավելի է` երկվորյակ քույրերը զբաղվում են տորթերի ձեւավորմամբ. “Դեռ դպրոցական տարիքից այս ամենի մեջ ենք, քանի որ ծնողներս խմորեղենի արտադրամաս ունեին: Միշտ գնում էի ու նայում, հետաքրքրվում բոլոր մանրուքներով: Նաեւ նկարչական կրթություն ունեմ. միախառնել եմ իրար: Սկզբում ես աշխատեցի, քրոջս դուրն էլ եկավ, եւ վերջին երկու տարին միջազգային մրցույթներին միասին ենք մասնակցում: Երկուսս էլ ոսկե մեդալներ ենք բերել նաեւ անցյալ տարի Մալթայում կայացած մրցույթից”:
"Մեծ միջոցառումների ու տարբեր առիթների համար զարդարում ենք տորթեր ու պատրաստում քանդակներ”. Վերա
Հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը նշել է, որ այժմ իր հիմնական աշխատանքը ոչ թե տորթ թխելն է, այլ` զարդարելն ու քանդակներ պատրաստելը. “Բազմիցս քանդակել եմ ռուսաստանյան արտիստների դեմքերը… Շատ մեծ միջոցառումների ու տարբեր առիթների համար զարդարել ենք տորթեր ու պատրաստել հատուկ քանդակներ”:
Վերա եւ Ռենա Հովհաննիսյանների ձեւավորած տորթերից
29-ամյա քույրերից Ռենան բնակվում է Մոսկվայում, իսկ Վերան վերադարձել է Հայաստան` ապրելու եւ աշխատելու: Ի դեպ, նրանց փոքր քույրը` Իրինան, եւս հմտանում է այս ոլորտում եւ Վերայի հետ աշխատելու է Երեւանում. “Այստեղ ուզում եմ Մոսկվայում գտնվող մեր խանութի մասնաճյուղը բացել, նաեւ հրուշակագործության դասընթացներ անցկացնել ու իմ մասնագիտական գաղտնիքներով կիսվել հայրենակիցներիս հետ:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Վերա եւ Ռենա Հովհաննիսյանների անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: