×


Զառայի եւ Հենոյի “զոհաբերությունը” հանուն շրջագայության

“Dogma”-ն օգոստոսի 20-ից համերգներով է հանդես գալիս մարզային քաղաքներում: Էթնիկ ռոք-խմբի առաջին կանգառը Վանաձորն էր, այնուհետեւ ելույթ են ունեցել Գյումրիի գլխավոր հրապարակում եւ Սիսիանում, ապա Ստեփանակերտում, այսօր երաժիշտները կնվագեն Կապանում, վաղը՝ օգոստոսի 28-ին, Գորիսում, ամսվա վերջին օրն էլ Արմավիրի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա եզրափակիչ համերգը: BRAVO.am-ը զրուցել է խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանի հետ, ով պատմել է շրջագայության գաղափարի, մարզերում անցնող օրերի, հետաքրքիր հանդիպումների մասին եւ ոչ միայն:

"Dogma" ռոք-խումբը համերգներ է տալիս Հայաստանի մարզերում


- Ի՞նչ նպատակ ունի մարզային շրջագայությունը եւ անվճար համերգներով ներկայանալը:

- Մեր նպատակը Հայաստանի հեռավոր մարզային քաղաքներում միջազգային չափանիշներին համապատասխան հնչողությամբ ու տեխնիկայով համերգներ մատուցելու մշակույթ ձեւավորելն է: Մենք ֆինանսական շահ չենք հետապնդում, ուստի փորձեցինք գտնել աջակիցներ, որպեսզի կարողանանք համերգներն անվճար կազմակերպել` հնարավորություն տալով մարզաբնակ ունկնդրին ցանկության դեպքում անարգել ներկա գտնվել: Նպատակներից մեկն էլ նաեւ այն է, որ այս մակարդակի համերգի ներկա գտնվելուց հետո ունկնդիրն արդեն առավել պահանջատեր կդառնա իրեն մատուցվող երաժշտության որակի հանդեպ: Արդեն այսօր մի քանի համերգի արձագանքների շնորհիվ մենք տեսնում ենք մարդկանց ոգեւորությունը, գոհունակությունը եւ գնահատականը մեր գործին, քանզի նկատում ենք, որ իրենց` կենդանի համերգն ընկալելու պատկերացումներում ցանկալի փոփոխություններն արդեն նշմարվում են:

- “Դոգմա”-ն արդեն 7 տարվա պատմություն ունի, բայց, կարծես, սա ձեր առաջին շրջագայությունն է:


- Այո, սա մեր հայաստանյան առաջին շրջագայությունն է: Մենք առիթ ենք ունեցել համերգ տալ Եվրոպայում, բայց այս շրջագայությունը պատրաստելն առավել բարդ էր: Գաղափարն ու նախապատրաստական աշխատանքները տեղի են ունեցել նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգեցինք եւ միայն հիմա նորից անցանք գործի:

Վարդան Գրիգորյանը եւ Զառա Գեւորգյանը


- Կպատմե՞ք Վանաձորում, Գյումրիում, Սիսիանում, Ստեփանակերտում կայացած համերգների մասին:

- Բոլոր քաղաքներում էլ համերգներն ու զգացողություններն իրարից շատ տարբեր են եղել: Մենք գնում էինք որոշակի նախատրամադրվածությամբ ու սպասումներով, անգամ, որ հնարավոր է ամեն ինչ մեր ծրագրածով չլինի, բայց զգացողությունների ու լիցքերի տարափը, որ ստացել ենք ամեն մի քաղաքից սպասվածից շատ ավելի էին:

Վանաձորում համերգից առաջ հանդիսատեսի դահլիճ մտնելուն պես հոսանքն անջատվեց ու այդպես էլ չվերականգնվեց ինչ-որ վթարի պատճառով: Փոխարենը մենք սկսեցինք զրուցել ունկնդիրների հետ իրենց խնդիրների, երազանքների, ցանկությունների մասին, բայց առանց նվագել չէինք ուզում հեռանալ. “Որդան կարմիր” խմբի տղաների առաջարկով հանդիսականների հետ գնացինք իրենց փորձասենյակ, որտեղ էլ շատ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում նվագեցինք: Դա թե՛ մեզ, թե՛ իրենց համար, համոզված եմ` հիշարժան օր էր:

Գյումրիի համերգը խելահեղ էր` ունկնդրից եկող “դրայվ”-ով ու էներգիայով լի: Մեզ համար շատ անսպասելի ու ոգեւորիչ էր: Սիսիանն էլ առանձնացավ նրանով, որ գրեթե ոչ ոք նախկինում չէր լսել մեր երաժշտությունը, բայց համերգից հետո միանշանակ հավատարիմ երկրպագուներ ձեռք բերեցինք` անկեղծ, խելացի, երաժշտությունն ընկալելուն ունակ եւ ավյունով լի:

"Dogma" ռոք-խումբը համերգներ է տալիս Հայաստանի մարզերում


- Իսկ ինչպե՞ս եք որոշել՝ որ մարզային քաղաքները ներառել շրջագայության ցանկում:

- Մենք կցանկանայինք ավելի շատ քաղաքներ ընդգրկել, սակայն ժամանակն ու ռեսուրսները չէին բավականացնի: Ոստի ընտրել ենք մարզկենտրոնային քաղաքները, որպեսզի մյուս քաղաքներից ցանկացողները կարողանան գալ: Սակայն մյուս քաղաքներից ունեցանք նաեւ “բողոքներ”, թե ինչու իրենց չենք այցելելու: Եթե լինեն առաջարկներ պատասխանատու օղակներից ու գտնվեն աջակիցներ, գուցե այդ քաղաքներում հետագայում նույնպես նվագենք:

- Ձեզ համար բացահայտե՞լ եք նոր ռոքասերների:

- Մենք` այո, սակայն ավելի ճիշտ կլինի ասել, որ որոշ երիտասարդներ մեր համերգներից հետո բացահայտեցին, որ իրենք նույնպես ռոքասեր են ու չվարանեցին մեզ ուրախացնել այդ լուրով:

Զառա Գեւորգյանը` Շաքիի ջրվեժի մոտ


- Տեխնիկապես որակյալ համերգ կազմակերպելը որքանո՞վ է բարդ մարզերում:

- Որակյալ համերգ կազմակերպելը բարդ է անգամ Երեւանում, իսկ մարզերում կրկնապատիկ, եռապատիկ բարդ է, քանզի չկա գրեթե ոչինչ: Մենք լավ տեղեկացված ենք պայմաններից, ուստի այդ է պատճառը, որ համերգներին մենք գնում ենք մեզ անհրաժեշտ ողջ տեխնիկայով եւ մասնագետներով զինված: Յուրաքանչյուր քաղաքում մեզ անհրաժեշտ է միայն դահլիճն իր պատերով: Օրինակ` Սիսիանում խոստովանեցին, որ համերգներ էլի եղել են, բայց նման ձայնային ու լուսային սարքավորումների քանակություն իրենց մոտ առաջին անգամ են տեսնում:

- Ելույթներից բացի, ի՞նչ հանդիպումներ եք ունենում:

- Մեզ շատ ջերմ ընդունելության արժանացրեց Գյումրիի քաղաքապետը, ում հետ խոսեցինք քաղաքի երիտասարդության ու մշակութային խնդիրների մասին, Սիսիանի քաղաքապետի կողմից նույնպես լավ ընդունելության արժանացանք: Նա հնարավորություն ստեղծեց` հիանալու տեղի դյութիչ բնության հրաշքներով:

Զառայի եւ Հենոյի երեխաներն` իրենց տատիկի հետ


- Ձեր երեխաները՝ Թենին ու Արենը, ձեզ հետ չեն, իսկ շրջագայությունը համընկել է նրանց ծննդյան օրերի հետ. ինչպե՞ս եք լրացնում բացը:

-Հանուն այս շրջագայության մենք զոհաբերել ենք մեր երեխաների ծննդյան օրերին իրենց հետ լինելու հաճույքը: Դա շրջագայության ամենաընկճող պահն է: Նրանց շատ ենք կարոտում ենք, ինչը որեւէ կերպ լրացնել չի լինում...

- Իսկ Երեւան վերադառնալուց հետո առաջիկայում որո՞նք են խմբի անելիքները:


- Այս շրջանի համար մենք նախատեսել էինք սկսել մեր երրորդ ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները, որը պլանավորում էինք պատրաստ ունենալ նոյեմբերին, սակայն գերադասությունը տրվեց շրջագայությանը, իսկ ձայնագրությունները կսկսենք մի փոքր շունչ քաշելուց հետո: Երեւանում առաջիկա համերգը կլինի սեպտեմբերի 18-ին` Տիկնիկային թատրոնում` “Progressing Yerevan” խորագրով, որին կմասնակցի նաեւ նորվեգական շատ հայտնի “Leprous” խումբը:

BRAVO.am
Լուսանկարները` “Dogma” խմբի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW