«Դոգմա» խմբի միակ աղջիկը՝ վոկալիստ Զառա Գեւորգյանը, փետրվարի 4-ին նշում էր տարեդարձը, սակայն, ի տարբերություն շատ երաժիշտների, նա ծննդյան օրը մեծ իրադարձության չի վերածում։ 2008-ին հիմնադրված էթնիկ ռոք-խմբի մենակատարը BRAVO.am-ին պատմել է Արտո Թունջբոյաջյանի հետ զուգերգի, ընտանիքի, խոհերի եւ նորությունների մասին։
Զառա Գեւորգյանի եւ Հենրի Գրիգորյանի ընտանիքը
- Տարեդարձը, կարծես, ապրած տարիները գնահատելու ու վերանայելու օր է: Երբ հետադարձ հայացք եք գցում, ի՞նչ մտքեր ու զգացողություններ եք ունենում։
- Երեւի դեռ այն տարիքում եմ, որ կյանքին հետադարձ հայացք գցելը շատ ծանրակշիռ է ասված: Ուզում եմ հավատալ, որ շատ բան դեռ առջեւում է եւ առավել ընդգրկուն հայացք գցել դեռ կհասցնեմ:): Այնուամենայնիվ, հիշում եմ ինձ իմ բոլոր տարիքներում, ինքս ինձ մեկը մյուսից տարբեր եմ տեսնում թե՛ արտաքինով, թե՛ խոհերով, թե' արարքներով, սակայն այդ ամենը ես եմ, ու նրանք ինձ դուր են գալիս իրենց ժամանակի մեջ, ավելին՝ այն ժամանակվա «եսերիս» հիմա նայում եմ իր երեխային ճիշտ դաստիարակած, հպարտացող ծնողի պես, որ քաղում է իր տնկած սերմերի առողջ պտուղները ու նրանց համար ամաչելու առիթ այժմ չունի: Ինձ շրջապատողների կողմից չհասկացված լինելն ինձ համար սովորական բան է եղել, քանի որ սահմանել եմ կեցության սկզբունքներ, բայց դրանք ենթարկվել են իմ գցած քայլերի փորձությանը ու հղկվել-հարմարվել իմ անհատական կեցությանը: Սակայն իմ սահմանները փորձել եմ երբեք չձգել որեւէ մեկի անձնական տիրույթից ներս: Ես արել եմ սխալներ, որովհետեւ իմաստուն չեմ եղել ուրիշի սխալի օրինակով չսխալվելու համար, բայց եղել եմ բավարար խելամիտ՝ իմ սխալների վրա սովորելու համար: Ու այսօր տեսնում եմ աճն ու արդյունքը եւ հանգիստ եմ: Ու հիմա ես եմ: Ու դեռ շատ «եսեր» կլինեն: Ես նրանց բոլորին գրկաբաց սպասում եմ…
- Տարեդարձի մեծ խնջույքների սիրահար չեք, այս անգամ ինչպե՞ս նշեցիք։
- Իմ ծննդյան օրը երբեւէ մեծ տոնախմբության չի վերածվել, այլ միշտ փոքր ընտանեկան ընթրիք է ամենահարազատ մարդկանց հետ: Ավելորդ աղմուկը երբեք չեմ հասկացել, ամիսներով այդ օրվա համար պատրաստություններ տեսնելը՝ նույնպես: Այս տարեդարձիս էլ հիշեցրին, թե ինչպես պարտադրված ավելորդ իրարանցումից խոսափելու համար 20-ամյակիս նախօրեին «փախա» տնից, ու անկրկնելի հիշողություններ մնացին այդ օրերից:
Ինձ համար կարեւոր է ինձ շրջապատող մարդկանցից եկող պարզ ջերմությունը, անկեղծ մաղթանքները, ժպիտը, որը զգայական ու հոգեւոր տիրույթում է եւ նյութականի հետ չի կարող առնչություն ունենալ: Մարդիկ կարող են իրենց առիթները տոնել ոսկեզօծ պատերով ռեստորաններում, պարտադրված հյուրերի հրավիրել, գլխից դուրս բաներ մտածել, բայց այդպես էլ իրենց բավարարված չզգալ, որովհետեւ ավելի շատ հենց նույն նյութական-ցուցադրականի համար է արվում, քան էությունը լցնելու: Մինչդեռ ես կարող եմ սեղանին հաց ու պանիր դնել, գինին էլ ճոխություն համարել, բայց ինձ համար ամենահարազատ մարդկանցից զգալ դրական ջերմության հոսքն ու լիանալ: Ես շնորհակալ եմ …
Զառա Գեւորգյանը
- Ձեր երեխաները՝ Թենին ու Արենը, ի՞նչ նախասիրություններ ունեն։ Արդյո՞ք երաժշտական հակումներ ունեն։
- Այո, երկուսի մեջ էլ երաժշտություն կա. Թենին կատարյալ լսողություն, անուշիկ ձայն ունի, անընդհատ երգում, պտտվում ու հորինում է: Արենն էլ է շատ շուտ հիշում երաժշտական պատկերները, նաեւ բառերն անգիր է անում եւ գործիքների հանդեպ հետաքրքրություն ունի: Ես չգիտեմ՝ դա օրինաչափությո՞ւն է բոլոր երեխաների մոտ, թե՞ գեների ու միջավայրի ուղիղ ազդեցությունն է: Միեւնույն է` ամեն ծնողի համար իր երեխան լավագույնն է ու բացառիկ:): Բայց այդ ամենից առավել կարեւորը` տեսնում եմ, թե նրանք ինչքան են սիրում իրար, որքան ուշադիր են միմյանց նկատմամբ: Մտածում եմ՝ որպես ծնող ինչ-որ բան, այնուամենայնիվ, ճիշտ ենք արել:):
- Ընտանիքից անցում կատարենք գործնականին. «Դոգմա»-ն 2016-ի հուլիսին թողարկեց 3-րդ՝ «Նա Նե» սկավառակը։ Ի՞նչ արդյունքներ ու վաճառք ունի այն առ այսօր։
- Հուլիսին շտապ կարգով ալբոմի տեղական թողարկում արեցինք, քանի որ մեր թմբկահարը՝ Գոռը, զորակոչվեց բանակ, եւ ուզում էինք, որ ալբոմի շնորհանդես-համերգին նա անպայման լինի: Իսկ միջազգային թողարկումը եղավ վերջերս՝ հունվարին: Ալբոմի թվային տարբերակն արդեն հասանելի է ներբեռնման եւ առցանց լսելու համար բոլոր հայտնի կայքերում, ինչպիսիք են՝ iTunes, Amazon, CdBaby, Spotify, Deezer, Shazam եւ այլն: Հետաքրքիր է, որ մեր երաժշտության հանդեպ ամենամեծ հետաքրքրութունը Ճապոնիայից է: Շուտով կլինեն ռեւյուները, իսկ տարբեր երկրներում մեր երկրպագուներից մինչ այժմ ստացած կարծիքները միայն դրական են, ինչի համար շնորհակալ ենք:
- Ալբոմում տեղ է գտել «Գարունը» երգը, որը համագործակցություն է Արտո Թունջբոյաջյանի հետ։ Կպատմե՞ք այս երգի ստեղծման մասին։
-«Գարունը» մեկը մեկին չկրկնող, բայց հիշվող վոկալային գծերով, հայկական մեղեդայնությամբ կատակ խաղերգ է: Մեղեդին առաջին անգամ լսելիս միանգամից պատկերացրի, որ հետաքրքիր զուգերգ կլիներ Արտո Թունջբոյաջյանի հետ: Ի ուրախություն մեզ, Արտոն եւս տեսավ իրեն այդ երգի մեջ, ու խելահեղ դուետը կայացավ: Նման մարդու եւ երաժշտի հետ համագործակցությունը մեզ համար մեծագույն պատիվ ու գերագույն հաճույք է:
Զառա Գեւորգյանը եւ Արտո Թունջբոյաջյանը
- Արդյո՞ք մտադրություն ունեք այդ երգը հոլովակով ներկայացնել։
- Տեսահոլովակի աշխատանքներն ընթացքի մեջ են, նկարահանման մի մասն արդեն կատարվել է: Կարծում ենք՝ մարտին արդեն կներկայացնենք լայն հանրությանը: Գուցե գիտեք, որ մենք տեսահոլովակներ շատ չունենք, առավել նախընտրում ենք կենդանի համերգների տեսագրությունները ներկայացնել, իսկ տեսահոլովակ ներկայացնում ենք այն դեպքում, եթե մեր ցանկալի ներշնչանքը գտել ենք, գաղափարը պատկերավոր կարող ենք փոխանցել ունկնդրին, եւ ոչ թե պարտադրված ինչ-ինչ ժամկետներով ու կանոններով: Ուստի մեր տեսահոլովակներն էլ մեր երաժշտության նման ձեռագրային ինչ-որ բան են ստացել՝ առավել թատերական, երեւի, ինչն այս դեպքում, կարծում եմ, նորից կպահպանվի:
-Ի՞նչ թիմի հետ եք աշխատելու։
- Նկարահանող թիմը, ինչպես նախորդ դեպքերում, մեր ընկերներն են, ոլորտի պրոֆեսիոնալներ, ովքեր սիրում ու գնահատում են մեր աշխատանքը եւ, որ ամենակարեւորն է, իրենց մոտ առկա է ցանկությունը՝ իրենց ներդրումն ունենալու այդ գործում, ինչի համար հոգաչափ շնորհակալ ենք նրանց:
- Առաջիկայում այլ ի՞նչ նորությունների սպասեն «Դոգմա»-ի սիրահարները։
- Ինչպես գիտեք, «Դոգմա»-ից զատ խմբի անդամները նաեւ համերգների ու փառատոնների կազմակերպմամբ են զբաղված, դա զուգահեռ գործունեություն է, որը թեպետ ժամանակ առ ժամանակ մեզ մի քիչ կտրում է բուն խմբային գործունեությունից, բայց դրանով փորձում ենք ակտիվ պահել մեր երաժշտական ոլորտը: Այժմ մի մեծ նախագծի վրա ենք աշխատում, որի վերջնական հաստատման դեպքում բոլոր երաժշտասերներին անակնկալ է սպասվում, եւ շատ շուտով կլսեք դրա մասին։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Դոգմա»-ի արխիվից, Բեռտայի եւ shant.tv-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: