×


Էդգար Հակոբյանն իր մենահամերգին զգացել է Մարկ Սաղաթելյանի ներկայությունը

Ռուսաստանաբնակ ջութակահար Էդգար Հակոբյանին BRAVO.am-ն անդրադարձել է օրեր առաջ: Տեղեկացրել էինք, որ երաժիշտը պատրաստվում էր հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք մենահամերգին: Ելույթից հետո նա  մեզ հետ զրույցում պատմել է Մարկ Սաղաթելյանին նվիրված հուզիչ կատարման, հյուրերի եւ Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցության մասին:):

Էդգար Հակոբյանը եւ Լյուբով Ուսպենսկայան


- Ինչպե՞ս անցավ համերգդ “Միր”-ում:

-Անկեղծ ասած, չէի սպասում, որ մենահամերգիս այդքան շատ մարդ կգա: Անսպասելի էր շատ, քանի որ Մոսկվայում մոտ ժամանակներս հայկական թեմայի մեջ չորս համերգ կա, այդ թվում` գործիքային: Իհարկե, գիտեի, որ դահլիճը դատարկ չի լինի, բայց որ այդպես լեփ-լեցուն կլինի, չէի սպասում, ինչի համար անչափ ուրախ եմ: Ուրախ էի նաեւ, որ այդ օրն իմ հարազատ քաղաքի՝ Երեւանի տոնն էր, որտեղ ես ծնվել եմ եւ մեծացել: Թեեւ Հայաստանում չեմ ապրում, բայց շարունակում եմ ինձ համարել երեւանցի: Այնտեղ ունեմ շատ ընկերներ, բարեկամներ, հարազատներ:

Էդգար Հակոբյանը եւ Սոնան


- Ո՞րն էր երեկոյի ամենահուզիչ պահը Ձեզ համար:

- Ամենահուզիչ պահը, անխոս, “Smile” կատարումն էր` նվիրված Մարկ Սաղաթելյանին… Ինձ անչափ մոտ մի անձնավորության, ով վաղաժամ հեռացավ մեզնից: Հենց Մարկի միտքն էր իմ այս համերգը: Նա ինձ համար շատ թանկ էր որպես մարդ, որպես մտերիմ ընկեր ու հարազատ: Ցավոք, նա չտեսավ, թե ինչպես իր մտահղացումն իրագործեցի, բայց զգում էի, որ ինձ հետ է: “Smile”-ի ժամանակ բոլորը` թե´ ռուս, թե´ հայ, կանգնած էին, որովհետեւ Մարկին բոլորը գիտեն: Հուզիչ էր նաեւ, երբ համերգից հետո հեռախոսով մտա համացանց, իմ “ֆեյսբուքյան” էջում վիդեոներ էին համերգիցս: Կարծես, օնլայն հեռարձակում լիներ, կար նաեւ հենց Մարկ Սաղաթելյանին նվիրված կատարման տեսանյութը:

Էդգար Հակոբյանի մենահամերգին


- Արդյո՞ք ելույթ են ունեցել բոլոր արտիստները, որոնց հրավիրել էիք:  Ջութակահար Տիգրան Պետրոսյանը, երգչուհիներ Սոնան եւ Լյուբով Ուսպենսկայան ի՞նչ երգեր են կատարել:

-Այո, իհարկե, նրանք ելույթ ունեցան իմ նվագակցությամբ: Սոնան երգեց “Все пройдет”, Ուսպենսկայան կատարեց “К единственному, нежному” ու “Ջիգյար” երգերը: Պետք է ելույթ ունենար նաեւ Մարգարիտա Պոզոյանը, սակայն անսպասելի գործեր ծագեցին եւ Սոչի մեկնեց: Նա դեռ շատ երիտասարդ երգչուհի է եւ մենահամերգը, բնականաբար, չտուժեց նրա բացակայությունից:

-Երաժշտական ի՞նչ ծրագրով ներկայացաք հանդիսատեսին:


- Նվագել եմ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի սաունդթրեքը, որը ձայնագրել էի Հայկոյի հետ: Հնչեց նաեւ “Խաղից դուրս” ֆիլմի սաունդթրեքը, որը նույնպես ես եմ կատարել: Բացի այդ, աշխարհահռչակ բազմաթիվ կոմպոզիտորների գործեր են հնչել: Ուզում եմ նշել, որ ինձ նվագակցում էին այնպիսի երաժիշտներ, որոնք ունեն համաշխարհային ճանաչում եւ վայելում են հանդիսատեսի սերը:

Էդգար Հակոբյանը եւ Լյուբով Ուսպենսկայան


-Իսկ անկանխատեսելի անակնկալներ եղա՞ն համերգի ընթացքում կամ հետո:

-Անակնկալներ գրեթե չկային, համենայն դեպս, ինձ համար: Քանի որ ինքս էի ամեն ինչ կազմակերպել եւ հաղորդավարն էլ ես էի, գծագրել էի յուրաքանչյուր մանրուք: Չնայած, հենց սկզբից ամեն ինչ սցենարով չգնաց, քանի որ կար ինտերակտիվ շփում հանդիսատեսի հետ: Համատեղում էի հումորը, կատակները եւ երաժշտությունը, ինչում ինձ օգնեց դեռ ՈւՀԱ-ից ձեռք բերված փորձը:

-Համերգից հետո երեկույթը որտե՞ղ եք անցկացրել եւ ովքե՞ր են ներկա եղել:


-Մոսկվայի կենտրոնում գտնվող ակումբներից մեկում: Ներկա էին Ռուսաստանում ճանաչված աստղեր, սակայն չեմ ուզում անուններ նշել: Նույնիսկ չեմ ցանկացել, որ նկարները հայտնվեն համացանցում, քանի որ չեմ պատրաստվում նրանց անունով ինձ PR անել: Պարզապես ասեմ, որ ամեն ինչ հրաշալի անցավ: Նույնիսկ ստիպեցին, որ կրկին ելույթ ունենամ:

Էդգար Հակոբյանի մենահամերգին


- Սովորաբար, համերգներից հետո կարճատեւ արձակո՞ւրդ եք վերցնում, թե՞ անմիջապես անցնում եք հաջորդ աշխատանքների իրականացմանը:

 
-Այնքան զբաղված գրաֆիկ ունեմ, որ դադարների ժամանակ չի մնում: Օրինակ, այժմ պատրաստվում եմ եւս մի քանի ելույթի, հետո պիտի մեկնեմ Ամստերդամ, այնտեղից՝ Գերմանիա, հետո Ֆրանսիա... Այդպես շարունակ:

-Ելույթ եք ունենալու 2014-ի փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին: Ո՞ւմ կողմից եք առաջարկը ստացել եւ ո՞ր օրն եք նվագելու:


- Երբ Իտալիայում հյուրախաղերի էի, առաջարկ ստացա գեղասահքի չեմպիոն Բրիան Ժուբերից: Ավելի ճիշտ, առաջարկը նաեւ իմ կողմից հնչեց, երբ լսեցի, թե ինչ երաժշտությամբ է նա ուզում հանդես գալ Սոչիում: Բացի այդ, պետք է ելույթ ունենամ գեղասահքի մրցումների փակման արարողության ժամանակ, երբ ցուցադրական ելույթներ կլինեն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Էդգար Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW