×


Էմմին` Երեւան վերադառնալու պատճառի եւ գլխավոր անելիքի մասին

Էմմին օրերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ ստեղծագործական գործունեությունը համատեղել է հանգստի հետ: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ դեռ չի պատրաստվում հանրությանը պատմել իր նոր աշխատանքների մասին, քանի որ դրանք անավարտ են.“Կարող եմ ասել, որ նոր երգեր են ձայնագրվում, ու պատրաստվում ենք “The Big Apple Music Awards 2015 Golden Edition” մրցույթին, որտեղ նոմինացվել եմ որպես տարվա լավագույն երգչուհի, եւ այն կկայանա հուլիսի 25-ին՝ Գերմանիայում”:

Էմմին


Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում մեծամասամբ արտերկրի մասնագետների հետ համագործակցությունը, միթե հայ մասնագետները չեն կարողանում գոհացնել եւ բավարարել նրա երաժշտական պահանջները, երգչուհին պատասխանել է.“Մենք Հայաստանում ունենք բավական տաղանդավոր մասնագետներ, եւ ես բազմիցս նրանց հետ համագործակցել եմ: Եղել են նաեւ դեպքեր, երբ իմ երգերի  համար միաժամանակ աշխատել են հայ եւ արտասահմանցի մասնագետներ,  հետեւաբար, սխալ է մտածել, որ ինձ չեն գոհացնում հայ երաժիշտները, իսկ վերջին շրջանում իմ` արտերկրի մասնագետների հետ համագործակցությունը պարզապես ցանկության եւ առաջարկների արդյունք է”:

Երգչուհին արտերկրում գտնվելիս հատկապես կարոտում է Երեւանը.“Հայրենասեր եմ, բայց առավել շատ երեւանամոլ եմ, եւ սա է պատճառը, որ ուր էլ գնամ, միշտ վերադառնում եմ իմ սիրելի քաղաք”: Նրա խոսքով` այս հատկությունը ծնողներից եւ հատկապես հորից է ժառանգել. Դավիթ Բեջանյանը եղել է իսկական երեւանցի:

Էմմին


Միացյալ Նահանգներում բնակություն հաստատելու ցանկության հարցին նա հետեւյալն է պատասխանել. “Այսօր հստակ չեմ կարող ասել, թե արդյոք հայ մյուս արտիստների նման մի օր վերջնականապես կմնամ այնտեղ, բայց մի բան հաստատ գիտեմ` քանի դեռ կան հնարավորություններ, միշտ էլ կարող եմ գնալ ու վերադառնալ”:

Անդրադառնալով սոցիալական ցանցերի եւ “յութուբյան” իր էջերի հետ պարբերաբար առաջացող խնդիրներին` Էմմին ասել է, թե դրանց պատճառը չգիտի.“Կամ գուցե գիտեմ, սակայն չեմ ուզում ընդլայնվել, քանի որ դա ինձ չի հուզում: Գլխավորն իմ լսարանն է, եւ ես գիտեմ, որ անկախ այդ խնդիրներից, այն մարդիկ, ովքեր լսել ու սիրել են ինձ մինչ օրս, կշարունակեն լսել ու սիրել նաեւ որոշ մարդկանց ձեռքով “յութուբյան” էջերից իմ տեսահոլովակների անհետանալուց եւ սոցիալական ցանցերում կատարված խնդիրներից հետո”:

Էմմին


Ոճային կտրուկ փոփոխությունների սիրահար երգչուհին վարսերի նոր գույնը չի կապում իր կյանքում նոր փուլի հետ, պարզապես իր ոճաբանների հետ սիրում է զարմացնել մարդկանց` ներկայանալով նոր տեսքով: 

Այսօր Էմմիի գլխավոր անելիքն, ինչպես նշել է, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը պատրաստվելն է, որը կկայանա ապրիլի 24-ին. “Այս տարի հայ ազգին մեկ հարց է հուզում` աշխարհին ցույց տալ, որ մենք չենք մոռանում մեր ողբերգական պատմությունը: Մեր բոլորի պարտքն է, որպեսզի ոչ ոք երբեւիցե  չմոռանա այն ամենը, ինչ եղել է 100 տարի առաջ”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աղավնի Մանուկյանի եւ Էմմիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW