×


“Ընտրյալներ”-ից Սոնա Մուրադյանը` շոկային երեւույթների, կնամեծար տղամարդկանց եւ իր երազանքի մասին

Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի եւ սերիալային դերասանուհի Սոնա Մուրադյանի համար սիրելի աշխատանքով զբաղվելն իսկական հաճույք է: BRAVO.am-ի հետ զրույցում նա համեմատել է թատրոնն ու սերիալը, պատմել է “վախերի”, իր երազանքի մասին եւ ոչ միայն:):

Սոնա Մուրադյանը


Սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի “Դերասանական արվեստ” բաժնի մագիստրատուրայում: Մասնագիտության ընտրության հարցում խոչընդոտների չեմ հանդիպել. ծնողներս աջակցել են ինձ: Ավագ քույրս` Տաթեւիկը, նույնպես դերասանուհի է:

Ցանկություն կար իրավաբանի, դատապաշտպանի մասնագիտությամբ շարունակել, բայց, ի վերջո, ընտրեցի դերասանուհու ճանապարհը: Այսօր վստահ կարող եմ ասել, որ շատ ճիշտ որոշում եմ կայացրել:

Սոնա Մուրադյանը


Սերիալային առաջին առաջարկս եղել է 4 տարի առաջ`  Գարիկ Մաշկարյանի կողմից: Մի քանի ընկերուհիներով մասնակցեցինք “Հայ TV”-ով հեռարձակվող “Ներիր ինձ” հեռուստասերիալի համար հայտարարված քասթինգին, արդյունքում ստացա գլխավոր դեր:

Առանց փորձի պիտի նկարահանվեի սերիալում… Ինձ համար դա շոկային երեւույթ էր, բայց լրջագույն եւ կարեւոր քայլ. գծվեց իմ դերասանական կարիերայի ճանապարհը:

Սոնա Մուրադյանը եւ Հենրիխ Մկրտչյանը "Ընտրյալները" սերիալի նկարահանումներին


Հետագայում նկարահանվեցի Հ2 հեռուստաընկերությամբ ցուցադրվող “Սադրանք”-ում: Հանդես եմ եկել նաեւ “Արմենիա TV”-ի “Ո՞ւր է իմ տղամարդը” եւ “Եզրագծից այն կողմ” սերիալներում` մարմնավորելով Ստելլային եւ Ժաննային: Իմ խաղացած կերպարներից այս երկուսին առանձնացնում եմ նրանով, որ ավելի ակտիվ ու ընդգծված անհատականություններ էին.նրանք անպոչ գդալի նման հայտնվում էին ամենուր, անգամ այնտեղ, որտեղ պետք չէր:

“Ընտրյալներ”-ում խաղալու առաջարկը ստացա դեռ այն ժամանակ, երբ նկարահանվում էի “Եզրագծից այն կողմ” սերիալում:


Ծանոթանալով սցենարին ու Մարիի կերպարին` հասկացա, որ այն լրիվ ուրիշ հարթակի վրա է: Այս աղջիկն ուրիշ ներկապնակ ունի, որն ինձ գրավեց հենց առաջին իսկ պահից: 

Սոնա Մուրադյանը


Մարին դժբախտ է: Նա շատ շուտ է հիասթափվում, բայց կյանքից ստացած դասերը հետագայում նրան կսովորեցնեն պայքարել եւ չհուսահատվել: Ի տարբերություն կերտածս կերպարի` ես ավելի կայուն ու պայքարող եմ:

Առանց դադարի աշխատելով հեռուստասերիալներում, թատրոնում` մասնագիտական վախ էի ձեռք բերել. շաբաթական 3 կերպար էի մարմնավորում եւ մտավախություն ունեի, որ նույնություն կլինի, բայց վախս իզուր էր:

Ինքնաքննադատ եմ, միշտ նայում եմ խաղս ու փորձում  շտկել առկա վրիպումները:

Սերիալին զուգահեռ խաղում եմ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Զբաղված եմ “Զգուշացե′ք, կանայք են”, “12-րդ գիշեր”, “Մորգանի խնամի” ներկայացումներում:

Սոնա Մուրադյանը “Զգուշացեք, կանայք են’’ ներկայացման պրեմիերային


Թատրոնն ու սերիալն ինձ համար տարբեր են, սիրում եմ 2-ն էլ: Թատրոնից ստանում եմ այն էներգիան, որը բացակայում է նկարահանման ժամանակ, իսկ նկարահանման հրապարակը տալիս է հետաքրքիր խաղընկերներ:

Երազում եմ խաղալ Փարիզում բեմադրված “Դոն Ժուան” մյուզիքլի գլխավոր հերոսուհու` Էլվիրայի կերպարը:

Դեմ չեմ լինի հանդես գալ արտասահմանյան թատրոններում, ֆիլմերում, բայց տվյալ երկրում ոչ մշտական բնակության պայմանով:


Շատ եմ սիրում մեր երկիրը, Երեւանը:

Սոնա Մուրադյանը


Ազատ ժամանակ գրեթե չեմ ունենում: Սիրում եմ ընտանիքիս հետ ժամանակ անցկացնել քաղաքից դուրս:

Ընկերասեր եմ:

Սերիալը մեծ հնարավորություններ ու ճանաչում է տալիս դերասանուհուն:
Երկրպագուներիս կողմից հետաքրքիր ու խենթ արարքներ էլ են եղել: Օրինակ` սրճարանում ճանաչել են ինձ ու վճարել իմ փոխարեն:

Ընդունում եմ առողջ եւ տեղին քննադատությունը: Մեր թատրոնի ղեկավար պարոն Ղազանչյանը միշտ ճիշտ ու տեղին խորհուրդներ է տալիս:

Սոնա Մուրադյանը


Իմ կողքի տղամարդը պետք է լինի կայուն, շրջապատից անկախ, կնամեծար:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սոնա Մուրադյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW