Թամար Կապրելյանը վերջին անգամ Հայաստանում էր նախորդ տարվա հուլիսին, այս ամռանը եւս կժամանի Երեւան։ BRAVO.am-ը տեղեկացրել է, որ ամերիկաբնակ երգչուհին հիմնել է «Նվակ» երաժշտական նախագիծը։
Թամար Կապրելյանը
Հեղինակ-կատարողը «Թումո» ստեղծարար կենտրոնում կշարունակի երգեցողության դասընթացները.«Ոգեւորված եմ, որ հնարավորություն ունենք շարունակել ու մեր նախագծի ծավալները մեծացնել։ Այս անգամ հրավիրելու ենք նոր արտիստների ու պրոդյուսերների։ Դասընթացը կտեւի երեք շաբաթ՝ հունիսի 19-ից հուլիսի 7-ը»։
Թամարն այս շրջանում աշխատում է երաժիշտ ԴերՀովայի հետ, ով գործիքավորել է նրա ու Լարիսա Հովհաննիսյանի «Սարերի հովին մեռնեմ» զուգերգը.«Վաղուց ցանկանում էի ԴերՀովայի հետ հայկական երգ ձայնագրել։ Միշտ հիացել եմ նրա աշխատանքներով, ուրախ էի, որ նա էլ ուզում է ինձ հետ համագործակցել։ Նաեւ ուզում էի զուգերգ կատարել խելացի ու նպատակասլաց կնոջ հետ: Կարծում եմ՝ կանայք ավելի շատ մրցում են ու միմյանց ներքեւ հրում։ Սակայն, եթե կանայք աշխատանքի մեջ միմյանց աջակցեն, ավելի կուժեղանան։ Նախքան Լարիսայի հետ զուգերգ կատարելը, երկար խոսել ենք այս թեմայի շուրջ։ Հույս ունենք՝ մեր օրինակով ցույց կտանք իրար աջակցելու կարեւորությունը»։
Լարիսա Հովհաննիսյանը եւ Թամար Կապրելյանը
Արիզոնայում մեծացած, այժմ Նյու Յորքում բնակվող երգչուհու հայրական ազգանունը Մարտիրոսյան է, իսկ բեմական անվան համար նա ընտրել է մայրիկի ազգանունը։ 15 տարեկանից սկսել է երգեր գրել, հասցրել է աշխատել ամերիկյան հայտնի երգահանների ու պրոդյուսերների հետ։ BRAVO.am-ի հարցին, թե ում հետ կցանկանար աշխատել, երգչուհին նշել է շվեդ երգահան, երաժշտական պրոդյուսեր Մաքս Մարտինին, որի հիթերը կատարում են Փինկը, Սելին Դիոնը, Բոն Ջովին, Քեթի Փերին, Քրիստինա Ագիլերան, Լեդի Գագան եւ այլք.«Անսահման երեւակայությամբ մարդ է, գրել է մեր ժամանակների լավագույն փոփ երգերի մի մասը։ Կուզեի նրանից նորը սովորելու հնարավորություն ունենալ ունենալ»։
Երգչուհին իրեն հաջողակ է համարում.«Յուրաքանչյուր առավոտ արթնանալով՝ ես զբաղվում եմ իմ սիրելի գործով։ Սիրում եմ երաժշտություն ստեղծել ու սիրով եմ աշխատում իմ հիմնած ընկերությունում։ Նոր երգեր գրելիս ոգեշնչվում եմ հետաքրքիր գրքերից, իմ սիրելի երգերից։ Սակայն երբեմն գրելու միջոցով արտահայտում եմ հույզերս, որոնք կարիք ունեմ ինձնից առանձնացնելու։ Գրելը հզոր գործիք է, թերապիայի նման է։ Օրինակ, «Raining in Paradise»-ը ստեղծելիս հաճույք էի ստանում, որովհետեւ ինքս ինձ ապացուցեցի, որ առանց որեւէ մեկի օգնության ինքնուրույն կարող եմ երգ գրել, որով կհպարտանամ»։
Թամար Կապրելյանը
Թամարը փաստում է, որ իր նպատակներն իրականում են: Նա հաճախ նշում էր, որ ուզում է ծանոթանալ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի հետ.«Ինձ օրհնված եմ զգում, որովհետեւ մեկուկես տարի առաջ հնարավորություն ունեցա ընկերանալ այդ հրաշալի մարդու հետ։ Հուսով եմ՝ մի օր միասին կհամագործակցենք եւ բարձր մակարդակի գործ կներկայացնենք»։
Երգչուհին ծրագրում է այս ամռանը համերգով ներկայանալ Երեւանում. «Սիրում եմ շփվել իմ երգարվեստով հետաքրքրվողների հետ։ Ես հպարտ եմ, որ հայ եմ եւ այդ անհավանական հայկական մշակույթի կրողը: Ապագայիս ծրագրերը կապված են երաժշտության ու հայերի հետ։ Ուզում եմ շարունակել ստեղծագործել իմ սիրելի ոճում եւ շարունակել աշխատել հայ տաղանդավոր պատանիների ու երիտասարդների հետ»։
BRAVO.am
Լուսանկարները` Թամար Կապրելյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: