Շուրջ 3 տարի է՝ պրիմա պարուհի, վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը ամուսնու՝ «Բարեկամություն» պետական անսամբլի մենապարող, փորձավար Կարեն Մակինյանի հետ դասավանդում է Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության «Գայանե» պարարվեստի դպրոցում։ Այս տարվանից ամուսինները նաեւ ղեկավարում են 50 հոգուց բաղկացած բալետային դասարանն ու «Քնար» սիրողական պարախումբը։
Ժակլին Սարխոշյանը՝ դստեր հետ
Ժակլինն այժմ Երեւանում է, BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց, որ վերադարձել է հանգստանալու, նաեւ պատրաստվում է իր ընտանիքի համար կարեւոր իրադարձության։ Օրեր անց տեղի կունենա իր դստեր՝ Լիլի Զախարենկոյի եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի հարսանեկան արարողությունը։ Լիլին ավարտել է Երեւանի Սլավոնական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը։ Թեեւ Ժակլինը խուսափեց մանրամասներ հայտնել, սակայն նշեց, որ բոլորով միասին են զբաղվում հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով.«Քանի որ ընտանիքներով վաղուց ենք միմյանց ճանաչում, մեր երեխաներն էլ վաղուց իրար գիտեն»։
Լիլի Զախարենկոն եւ Հայկ Ամիրյանը
Ժակլինը պատմեց, որ Լիբանանում ծանրաբեռնված ուսումնական տարի են ունեցել, քանի որ երեք խմբերի հետ տարբեր ծրագիր են պատրաստել.«Համազգայինում բալետի դասարան չի եղել, երեխաները հունիսին ցուցադրեցին երեք ամսվա աշխատանքը, ինչը բալետի համար ռեկորդային ցուցանիշ է։ Ես ու ամուսինս համատեղ խորեոգրաֆներ ենք, մանկավարժ ու պարուսույց, միասին կարողացանք պատասխանատու գործն ավարտին հասցնել։ Արդեն պայմանավորվածություն ունենք եւ հոկտեմբերին նորից կվերադառնանք Լիբանան»։
«Գայանե» պարարվեստի դպրոցի տարեկան հաշվետու համերգին մասնակցել է 320 աշակերտ՝ պարելով հայկական եւ տարբեր ազգերի պարեր. «Դեռ այդպիսի մեծամասշտաբ ներկայացում չէր եղել։ Հայերից բացի ունենք մի քանի արաբ աշակերտ, եթե անգլերեն չեն հասկանում, հայ երեխաները թարգմանում են արաբերեն։ Համազգայինի արվեստի դպրոցն իրականացնում է հայապահպան ծրագիր՝ միախմբելով տեղի հայերին։ Մարդիկ աշխատանքից հետո հաճույքով գալիս են, բացահայտում, որ կարող են չափահաս տարիքում այդքան լավ պարել։ Շատ եմ գնահատում, որ աշակերտներս, երկար ճանապարհն ու զբաղվածությունը հաշվի չառնելով, գալիս են փորձերին, ինչպես չուրախանամ, որ գալիս են մեզնից գիտելիք ստանալու: Սերն ու հարգանքն ինձ համար կարեւորագույնն է»:
Ժակլին Սարխոշյանը՝ դստեր հետ
Ռուսական կրթություն ունեցող բալետի պարուհին այժմ սահուն խոսում է հայերեն, ինչպես նշում է, կատարելագործել է մայրենի լեզուն.«Եթե առաջ ռուսերեն էի մտածում ու թարգմանում, ապա սփյուռքում աշխատելով՝ ավելի լավ եմ տիրապետում հայերենին։ Այնտեղ բացի պարի դպրոցից, նաեւ գործում է Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցը, Թորոս Ռոսլինի անվան նկարչական դպրոցն ու թատերական խումբը»։
BRAVO.am
Լուսանկարները` Ժակլինի Սարխոշյանի եւ Լիլի Զախարենկոյի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: