×


Ժակլին Սարխոշյանը` Լիբանանում 40-ամյակը նշելու, մեծ անակնկալի եւ նոր աշխատանքի մասին

Ժակլին Սարխոշյանն այժմ բնակվում եւ աշխատում է Լիբանանում, որտեղ էլ երեկ` հունվարի 26-ին, նշել է իր 40-ամյակը: Բալետի պարուհին BRAVO.am-ի հետ զրույցում է պատմել է, թե ինչ նպատակով է ամուսնու հետ տեղափոխվել այլ երկիր եւ ինչպես է տոնել ծննդյան տարեդարձը:

Ժակլին Սարխոշյանը եւ Կարեն Մակինյանը` Լիբանանում


“Ասում են` 40-ամյակը չի կարելի նշել, բայց սնահավատ չեմ. տոնեցի` ինչպես միշտ: Մեծանում ենք, բայց պետք է հոգով մեզ երիտասարդ զգանք. ինձ 20-21 տարեկան եմ զգում: Երկու օր առաջ անակնկալ մատուցեց ընկերուհիս` Աննան` ավիատոմս գնելով աղջկաս համար, որ նա մեկ շաբաթ կողքիս լինի: Աղջիկս դեռ չի եկել, բայց այդ լուրն ամենամեծ նվերս էր”:

Ժակլինն ու ամուսինը` պարող, պարուսույց Կարեն Մակինյանը, երեք ամիս առաջ տեղափոխվել են Բեյրութ եւ դասավանդում են Համազգայինի գեղարվեստի դպրոցում: Թե ինչու են Երեւանում թողել աշխատանքը ու մեկնել Լիբանան, Ժակլինը պատասխանել է.“Այստեղ մեկ վայրում աշխատելով` մեզ ավելի գնահատված ենք զգում: Երեւանում չորս տարբեր աշխատանք էի անում, իսկ այստեղ ժամանակ ենք տրամադրում նաեւ հանգստին: Շնորհակալ եմ մեր նոր ընկերներին, որ կարճ ժամանակահատվածում մտերմացանք, նրանց հետ շրջում ենք տեսարժան վայրերով, իհարկե, երբ անձրեւ չի գալիս, որովհետեւ այստեղ շատ հորդառատ անձրեւներ են տեղում: Բայց իմ ծննդյան օրը պայծառ ու տաք եղանակ էր”:

Ժակլին Սարխոշյանը եւ Կարեն Մակինյանը` Լիբանանում


Ծննդյան օրվան նախորդող երեկոյին զույգի բեյրութահայ ընկերները նրանց հրավիրել են ճաշկերույթի.“Ինձ դիմավորեցին տորթով, երգելով, ինչի մասին նախապես չգիտեի: Քանի որ նրանք երաժիշտներ են, երգում ու նվագում էին, մենք էլ պարում էինք: Երեւանի ժամանակով ինձ շնորհավորեցին մեր արվեստագետ ընկերները, որոնք եւս հիմա Բեյրութում են”:

Պարուհու խոսքով` իրեն հաճելի է աշխատել բեյրութահայ սաների հետ. “Դասավանդում եմ ինչպես բալետ, այնպես էլ տարբեր ժողովրդական, ժամանակակից եւ, իհարկե, հայկական պարեր: Մայիսի 22-ին եւ 23-ին կունենանք հաշվետու համերգներ, մեր աշակերտների հետ նաեւ ես ու ամուսինս կպարենք: Այժմ բեմադրում ենք հայկական մի քանի պար, որոնք նվիրված կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին”:

Ժակլին Սարխոշյանի 40-ամյակին


Ժակլինը հայտնել է, որ մշտական բնակության չեն մեկնել. մայիսին կվերադառնան Հայաստան: Նրանք Ամանորին 6 օրով եղել են Երեւանում, հարազատների հետ նշել տոները, հետո կրկին մեկնել Լիբանան.“Երեւանում հիմնած մեր պարի ստուդիայում հիմա մեզ փոխարինում են այլ պարուսույցներ: Այնքան հաճելի էր, որ սաներս “ֆեյսբուքյան” էջումս շնորհավորում էին` գրելով, թե որքան են սպասում մեր վերադարձին: Շնորհավորանք եմ ստացել նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Շատ եմ կարոտում, բայց գիտեմ, որ ժամանակավոր եմ մեկնել: Երեւանն իմ տունն է, որ երկրում էլ լինեմ, ուզում եմ վերադառնալ”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ժակլին Սարխոշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW