×


Ժաննա Բուտուլյան. “Սիրային հարաբերություններ չեմ ունեցել ոչ Դավիթի, ոչ էլ մեկ ուրիշի հետ”

Ժաննա Բուտուլյանին “Դժվար ապրուստ” -ի մյուս դերասանների հետ հյուրընկալում եք ձեր տանն արդեն երկու տարի:): Սերիալում խաղալը ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետն ավարտած այս աղջկա մանկության երազանքն է եղել: BRAVO.am-ի հետ զրույցում նա կարոտով ու ջերմությամբ հիշել է մանկությունը, դպրոցական տարիները, խենթությունները, խոսել է գործընկերների հետ հարաբերությունների մասին, նշել է նաեւ, թե ինչպիսին պետք է լինի իր տղամարդը:

Ժաննա Բուտուլյանը


Երբ փոքր էի, բոլոր ընկերներս ուզում էին շուտ մեծանալ, իսկ ես` ոչ: Ինձ հիշում եմ 4 տարեկանից, միգուցե` 3: Հենց այդ տարիքից էլ եղել եմ շատ չար եւ չլսող երեխա: Ծնողներիս պատմածով գիտեմ, որ ավելի վաղ տարիքում էլ էի այդպիսին: 

Հիմնական “զոհս” փոքր քույրս էր` Ջուլիետան, ում հաճախ էի նեղացնում ու վախեցնում: Շատ էի սիրում բակում խաղալ: Ծնողներս, բազմաթիվ հնարքներ կիրառելով, համոզում էին, որ տուն գնամ: 

Ակտիվ խաղեր, վնասվածքներ, հարեւանների բողոքներ, պայծառ, անմոռանալի եւ ուրախ օրեր. սա է ինձ համար մանկությունը: 

Ժաննա Բուտուլյանը


Ամենակարեւորը, մնայունը եւ անփոխարինելին այդ տարիներին ձեռք բերված ընկերներն են, որոնց  հետ մտերիմ եմ մինչ օրս:

Ամենամեծ երազանքս շուն ունենալն էր: Միշտ բակից շան ձագեր էի վերցնում եւ տանում տուն, որ պահենք: Լացում էի, խնդրում, որ շուն գնեն ինձ համար: Վերջիվերջո, այդպես էլ եղավ: Հենց այդ ժամանակ համոզվեցի, որ երազանքները կատարվում են:

Ժաննա Բուտուլյանը


Մյուս երազանքս դերասանուհի դառնալն էր: Այդ տարիներին շատ էին ցուցադրում իտալական, մեքսիկական, բրազիլական սերիալներ: Երազում էի սերիալում խաղալ: 

Համոզված էի, որ Թատերական ինստիտուտ պիտի ընդունվեմ, բայց ամեն ինչ այլ հունով ընթացավ…

Դպրոցական տարիներս շատ լավ հիշում եմ. դասարանցիներով տարին գոնե 2 անգամ հանդիպում ենք, այցելում մեր շատ սիրելի դասղեկին եւ վերհիշում անցած օրերը: 

Ժաննա Բուտուլյանը


Գերազանցիկ չեմ եղել: Սովորում էի այն առարկաները, որոնք սիրում էի, որոնք հետաքրքիր էին ինձ: Կյանքում հիվանդագին մոտեցում չեմ ունեցել գնահատականներին: Վստահ էի, որ դրանք խելացիության ցուցանիշ չեն, այդպես էլ կա:

Ընթերցանության հանդեպ սերը ծնողներս են իմ մեջ սերմանել: Սկզբից ստիպողաբար էի կարդում, բայց հետո սիրեցի եւ մինչ օրս սիրում եմ: 

Ջերմ ընկերական հարաբերություններ, հետաքրքիր միջոցառումներ, ծննդյան տոնակատարություններ, ամենամտերիմ ընկերուհի եւ առաջին սեր. այսպիսին էին դպրոցական տարիներս: 

Ժաննա Բուտուլյանը


Ինչպես արդեն նշեցի, երկար տարիներ համոզված էի, որ ընդունվելու եմ Թատերական ինստիտուտ, բայց եկավ որոշում կայացնելու ժամանակը եւ միտքս փոխեցի. ուղղակի սկսեցի ուրիշ բան ուզել: 

Ընդամենն 9-ն ամիս ունեի անհրաժեշտ առարկաները պարապելու համար: Բավական բարձր միավորներով ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ: 

6 տարի սովորեցի, ստացա մագիստրոսի կոչում եւ… նորից սկսեցի մտածել Թատերական ինստիտուտ ընդունվելու մասին, բայց որոշեցի գոնե 1 տարի հանգստանալ:

Ռեժիսոր Վահե Սայանը եւ Ժաննա Բուտուլյանը


Բոլորին տեղյակ պահեցի, որ նպատակ ունեմ “հին” երազանքս իրականացնել: Հենց այդ ժամանակահատվածում ընկերուհուս ծանոթներից մեկն աշխատում էր “Արմենիա” հեռուստաընկերությունում` “Դիմակահանդես” հեռուստասերիալի նկարահանող անձնակազմի հետ: Նա ասաց` էպիզոդիկ դերի համար դերակատար է պետք, շատ ուրախացա եւ գնացի քասթինգի: Ռեժիսորը` Վահե Սայանը, մի քանի խնդիր տվեց, կատարեցի, ասացին`շատ շնորհակալություն, կզանգահարեն: Ու զանգահարեցին… 

“Դիմակահանդես”-ից հետո “Դժվար ապրուստ”-ն էր: Կյանքիս գումարվեցին եւս 2 անմոռանալի տարի, որոնք շատ բան փոխեցին…

"Դժվար ապրուստ"-ի դերասաններ Դավիթ Մարդյանը եւ Ժաննա Բուտուլյանը


Շատ պրիմիտիվ եմ համարում խաղընկերներին սերիալից դուրս իրար կապելը. սիրային հարաբերություններ չեմ ունեցել ոչ Դավիթի, ոչ էլ մեկ ուրիշի հետ:

Սիրտս ազատ է: Տղամարդու ընտրության հարցում մեծ ամբիցիաներ չունեմ եւ փորձում եմ իդեալ չստեղծել ինձ համար, որպեսզի այն մարդուն, ում կսիրեմ, կարողանամ ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Կարեւորն իրար հասկանանք, իսկ դրա համար պետք է նույն արժեքներն ունենաք եւ նույն հայացքով նայենք աշխարհին: 

Կարեւոր է նաեւ, որ տղամարդը, առհասարակ, մարդիկ, որոնց հետ շփվում եմ, ունենան սեփական կարծիք:

Ժաննա Բուտուլյանը


Փոխարենը կարող եմ ասել, թե ինչն է վանում. հարաբերություններին խանգարող բարդույթները, մատերիալիզմը, հասարակական կարծիքից խիստ կախված լինելը, ինձ փոխելու ցանկությունը:

Զգացմունքների հարցում մաքսիմալիստ եմ: Մինչեւ իմ մաքսիմումով չսիրեմ ու չընդունեմ այդ մարդուն, չեմ ամուսնանա: Այլապես կյանքում չեմ կարող երջանիկ լինել: Ոչ հաշվարկը, ոչ էլ ժամանակի ընթացքում հարմարվելն ինձ համար չեն:

Տեքստը` Հասմիկ Միկչյանի/Bravo.am/
Լուսանկարները` “Armenion Photography”-ի եւ Ժաննա Բուտուլյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW