×


«Որդան կարմիր» ռոք-խմբի «Լաո» ալբոմի շնորհանդես-համերգին

Ժողովրդական երգերը՝ ռոքային մշակմամբ. «Որդան կարմիր»-ը ներկայացրեց իր «Լաո» ալբոմը

«Զարթիր, լաո», «Սարդարապատ», «Ձայն մը հնչեց» եւ այլ հայտնի ժողովրդական երգեր այսուհետ լսելի են նաեւ ալտերնատիվ ռոք ժանրում: «Որդան կարմիր» ռոք-խումբը թողարկել է իր նոր՝ «Լաո» ալբոմը, որը ներառում է ժողովրդական երգերի մշակումներ` խմբի արդեն հայտնի ոճով։ Ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսին հավաքվել էին հայկական ռոքի հնաբնակների հավատարիմ երկրպագուները:

«Լաո» ալբոմը լույս է տեսել դեռ սեպտեմբերին եւ առաջին անգամ ներկայացվել ԱՄՆ-ում կայացած «Innovate Armenia 2017» փառատոնի ժամանակ. «Սկավառակում տեղ է գտել 8 գործ, այդ թվում՝ նաեւ մեր հեղինակային երգերը: Դեռ տարիներ առաջ, երբ սկսեցինք հայկական ժողովրդական երգերի նմանատիպ մշակումներ անել, միտք առաջացավ բոլորը մեկ ալբոմում հավաքել: Ճիշտ է` մի քիչ երկար տեւեցին ձայնագրման աշխատանքները՝ մոտ երկու տարի, որովհետեւ անընդհատ գրում-ջնջում էինք, չէինք հավանում եւ այլն, բայց վերջապես «Լաո»-ն ծնվեց»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը:

«Որդան կարմիր» ռոք-խմբի «Լաո» ալբոմի շնորհանդես-համերգին


Քանի որ խումբը նոր է վերադարձել համերգային շրջագայությունից, հետաքրքրվեցինք, թե ինչպես է ԱՄՆ-ում ընդունվել նոր սկավառակը: Վահանը պատմեց, որ ալբոմը նախ ներկայացվել է Հարավային Կալիֆորնիայի USC համալսարանում, որտեղ ներկա էին նաեւ հազարավոր հայեր ու բավական լավ են ընդունել իրենց նոր գործերը.«Մենք նույնպես շատ լավ տպավորություններով ենք վերադարձել: Մեզ հրավիրել էր տեղի հայ համայնքը: Նվագեցինք նաեւ աշխարհահռչակ «Whisky a Go Go» ակումբում, որտեղ նվագել են ռոք երաժշտության լեգենդները՝ Led Zeppelin, The Beatles, The Rolling Stones, ժամանակակիցներից` System of a Down եւ այլք: Երբ նվագում էինք, այդ էներգետիկան զգում էինք: Իսկ Հոլիվուդում համերգին հայերը շուրջպար բռնեցին, հայկական դրոշ ծածանվեց: Այնուհետեւ նվագեցինք մի շարք այլ քաղաքներում եւս»:

Նշենք, որ «Որդան կարմիր» ռոք-խումբը կազմավորվել է 2005-ին` Վանաձորում։ Երբ Վահան Պողոսյանին հարցրինք, թե որն է համարում իրենց ամենամեծ ձեռքբերումն այս 13 տարիների ընթացքում, նա ընգծեց՝ այն, որ մինչեւ հիմա խումբը գործում է. «Շատ դժվար է ներկայիս պայմաններում այդքան տարի խումբ պահել: Կարող եմ ասել՝ միայն գաղափարի նվիրյալներն են կարողանում նման բան անել, քանի որ կան տարատեսակ խնդիրներ՝ կենցաղայինից սկսած: Մենք նույնպես առնչվել ենք տարբեր խնդիրների, բայց կարողացել ենք պահպանել խումբը մինչեւ այսօր: Ի դեպ, կազմն անփոփոխ է 2010 թվականից, այսինքն՝ արդեն 8 տարի: Նույնիսկ ես, որ հիմա սա ասում եմ, մի քիչ զարմանք է առաջանում մոտս»:

«Որդան կարմիր» ռոք-խմբի «Լաո» ալբոմի շնորհանդես-համերգին


Ակումբային համերգը մեկնարկեց խմբի ամենահայտնի ու սիրված երգերով: Այնուհետեւ ներկայացվեցին «Լաո» ալբոմի նոր գործերը: Իհարկե, հեշտ չէր այդ ոչ մեծ տարածքում ռոք երաժշտություն նվագելն ու լսելը, բայց խմբի անդամներն ու երկրպագուները դա արեցին մեծ հաճույքով, ընդ որում՝ մոտ երկու ժամ: Եթե դուք դեռ չեք հասցրել լսել «Որդան կարմիր»-ի նոր մշակումները, ապա այդ երգերը հասանելի են https://soundcloud.com/vordan-karmir/sets/lao -ում եւ այլուր:

«Որդան կարմիր» ռոք-խմբի «Լաո» ալբոմի շնորհանդես-համերգին


Վահանն ասաց՝ դեռ կոնկրետ օրեր չեն նշանակել, բայց 2018-ի գարնանը կունենան շատ համերգներ, այդ թվում՝ բացօթյա: Բացի այդ, պատրաստվում են կրկին մեկնել ԱՄՆ՝ համերգային շրջագայության: Ունեն նաեւ նոր երգեր, որոնք արդեն ձայնագրել են եւ շուտով հանրությանը կներկայացնեն տեսահոլովակներով: Կարճ ասած՝ եկող տարին խոստանում է ավելի հագեցած ու ակտիվ լինել խմբի համար:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport