“Just Dance”. այսպես է կոչվում երաժշտական նոր նախագիծը, որն առաջարկում է ունկնդրել արտասահմանյան ռիթմիկ երգեր ու պարել դրանց ներքո: Առաջին համերգը կայացել է հունիսի 22-ին` “Jose” ակումբի դահլիճում, որտեղ կենդանի նվագակցությամբ շուրջ երեք ժամ երգել ու ներկաներին պարեցրել են Գրիգոր Կյոկչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Լուսինե Շմավոնյանը եւ ռեփեր Հակոբ Բաբայանը:
Գրիգոր Կյոկչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Հակոբ Բաբայանը եւ Լուսինե Շմավոնյանը
Երգիչները հիթերը ներկայացնում են նորովի` միախառնելով հայկական շվիի, զուռնայի, բլուլի, դուդուկի հնչյուններին: Բենդի երաժիշտները փոփ, լատինո, ռեգգի, ռեփ ու այլ ոճի երգերը միքսում են հայկական էլեմենտներով` պահպանելով երգերի օրիգինալ տարբերակները:
Սուսաննա Պետրոսյանն առաջին համերգին երգել է հիթեր Բեյոնսեի, Ադելի ու այլ արտիստների երգացանկից. “Իմ ոճի երգերը դրել եմ մի կողմ եւ ընտրել եմ նախագծի անվանը համապատասխան ռիթմիկ ու պարային երգեր, որոնց ներքո յուրաքանչյուրը կցանկանա պարել: Ամերիկյան ռիթմերը, միքսվելով մեր ժողովրդական գործիքների հետ, գեղեցիկ ու հետաքրքիր են հնչում: Հուսով եմ` “Just Dance”-ը երկար կյանք կունենա, միգուցե արտերկրում էլ համերգներ տանք”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է երգչուհին:
Սուսաննա Պետրոսյանը
Երեկույթին ներկա են եղել ինչպես երիտասարդներ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ: Հյուրերի թվում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կնոջ` Լիբբի Հեֆերնի հետ: “Նրանք նախագծի հետ կապ չունեն, պարզապես հրավիրել էինք: Քանի որ ԱՄՆ անկախության տոնի առթիվ շուտով նվագելու ենք, եկել էին մեզ ունկնդրելու”,-ասել է խմբի ղեկավար, բաս-կիթառահար Հովհաննես Հարությունյանը:
Նա մեզ հետ զրույցում հայտնել է, որ երգիչների շարքը հետզհետե կհամալրվի նոր անուններով, եւ պայմանավորված սկզբնական հաջողությամբ` կիրականացնեն առաջիկա ծրագրերը.“Պարային ձեւաչափը մեծամասնության համար մատչելի է, ինչն էլ հաշվի առնելով` անընդհատ առաջ ենք շարժվելու: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ էլ նախատեսում ենք պարային ռետրո համերգ: Կարծում եմ` մեր նախագծի մասին մարդիկ դեռ շատ կլսեն”:
"Just Dance" երաժշտական նախագծի մասնակիցները
Գրիգոր Կյոկչյանի համար հետաքրքիր էր կատարել ոչ միայն հայտնի հիթեր հայկական էլեմենտներով, այլեւ առաջին անգամ դուետներ ու տրիոներ երգել Լուսինեի, Հակոբի եւ Սուսաննայի հետ: Նա կատարել է հիթեր Մայքլ Ջեքսոնի, Maroon 5-ի, Աշերի, Սի Լո Գրինի, Էնրիկե Իգլեսիասի երգացանկից.“Կան գործեր, որ երգում եմ առաջին անգամ: Շատ հաճելի է կենդանի բենդի հետ երգել ու էքսպերիմենտներ անել”:
Երգիչները համերգի սկզբում նկատել են, որ սեղանների շուրջ նստած հանդիսատեսն այնքան էլ ակտիվ չէ, սակայն համերգի երկրորդ հատվածում հյուրերի մեծ մասը պարել է:): Եզրափակիչ “Crazy” երգը կատարել են չորսով ու խոստացել պարային նոր երեկույթներ:
Գրիգոր Կյոկչյանը, Հակոբ Բաբայանը եւ Սուսաննա Պետրոսյանը
Նշենք, որ “Just Dance” նախագծի բենդը հանդես է գալիս հետեւյալ կազմով.
Հովհաննես Հարությունյան- բաս-կիթառ, խմբի ղեկավար
Վիգեն Բալասանյան- ժողովրդական փողային գործիքներ
Սարգիս Դալաքյան- ստեղնաշարային գործիքներ
Գեւորգ Հարությունյան- հարվածային գործիքներ
Համլետ Շաղոյան- սոլո-կիթառ
Արթուր Ալիխանյան- ստեղնաշարային գործիքներ
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարինե Աբրահամյանի եւ “Just Dance” արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: