×


Ի՞նչն է միավորել Թամար Կապրելյանին եւ Լարիսա Հովհաննիսյանին

Ամերիկաբնակ երգչուհի Թամար Կապրելյանն ու Լարիսա Հովհաննիսյանը նոր զուգերգ ունեն, որի մանրամասներն առաջինը ներկայացնում է BRAVO.am-ը։ Նրանք միասին կատարում են «Սարերի հովին մեռնեմ» ժողովրդական երգը։

Լարիսա Հովհաննիսյանը եւ Թամար Կապրելյանը


Երգի պրոդյուսինգն արել են ԴերՀովան եւ «Գրեմմի» մրցանակակիր երգահան Բեն Մուդին, որը համագործակցել է երգչուհիներ Ավրիլ Լավինի, Սելին Դիոնի, Քելլի Քլարկսոնի հետ, եղել է «Evanescence» խմբի համահիմնադիրն ու կիթառահարը։ Դուետը ձայնագրել են 2016-ի ամռանը, երբ Թամարը Երեւանի «Թումո»-ում անցկացնում էր «Նվակ» երաժշտական նախագիծը, որի համերգը BRAVO.am-ը լուսաբանել է։

Թե ինչու են ընտրել այս հայտնի եւ բազմիցս կատարված երգը, Լարիսան մեզ հետ զրույցում ասել է, որ իրենց ամենասիրելի ֆոլկ գործերից է.«Երբ Թամարի հետ մտածում էինք՝ ինչ երգ կարելի է ձայնագրել, յուրաքանչյուրս այս երգի մեջ մեր պատմությունը տեսանք։ «Սարերի հովին մեռնեմ»-ը նաեւ կատարել եմ հարսանիքիս ժամանակ. ինձ համար ուրիշ իմաստ ունի՝ սիրո, հայրենասիրության ու այլ թեմաներ է շոշափում։ Ուրախ ենք նաեւ, որ երկու երիտասարդ կին միասին աշխատանք են ներկայացնում, եւ ցանկանում ենք մեր օրինակով ոգեշնչել այլ կանանց, որ միասին նոր գաղափարներ իրագործեն»:  

Տեսահոլովակը նկարահանվել է մեկ օրվա ընթացքում՝ Երեւանի հյուրանոցներից մեկում.«Այս երգն ասոցացվում է Հայաստանի լեռների հետ, բայց ավելի ժամանակակից երեւանյան տեսարաններ ստացանք։ Սեւ-սպիտակ կադրերով մինիմալիստական հոլովակ է, ինչը բնորոշ է մեր ընդհանուր ճաշակին ու ոճին»,- պատմել է Լարիսան։

Լարիսա Հովհաննիսյանը եւ Թամար Կապրելյանը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Ռեժիսորը Լարիսայի ամուսինն է՝ Կարին Հովհաննիսյանը, զգեստների դիզայները՝ Մանե Խաչատրյանը.«Քանի որ ինձ ու Թամարին ամուսինս լավ է ճանաչում, միանգամից իրար հասկացանք։ Կարելի է ասել՝ մեր բախտը բերեց, որ Կարինը նկարահանեց։ Մեզ համար նաեւ կարեւոր էր, որ ժամանակակից, բայց հայկական էլեմենտներով զգեստներ կրենք»։

Լարիսան «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրի հիմնադիրն է, պրոֆեսիոնալ երգչուհի չէ, սակայն վաղուց երգում է: Նրան կհիշեք Սերժ Թանկյանի հետ «Արի իմ սոխակ» օրորոցային զուգերգով.«Երբ Բեն Մուդին ստուդիայում հարցրեց՝ իսկապես պրոֆեսիոնալ վոկալով չեմ զբաղվում, շատ ոգեւորվեցի, որ հավանել է իմ ձայնը։ Դեռ չգիտեմ՝ ինձ կգտնեմ երաժշտության մեջ, թե՝ ոչ, բայց շատ եմ սիրում երգել, դրական կարծիքներից միայն ուրախանում եմ»։

Լարիսա Հովհաննիսյանն ամուսնու՝ Կարին Հովհաննիսյանի հետ


Աղջիկները ծանոթացել են «Արի իմ սոխակ» երգի հոլովակից հետո, բացահայտել են, որ ընդհանուր ծանոթներ ունեն երաժշտության ասպարեզում.«Երբեմն լինում է, որ մարդու հետ շփվելիս քեզ թվում է՝ ողջ կյանքում ճանաչել ես. ես ու Թամարը միանգամից մտերմացանք։ Թամարն իսկապես տաղանդավոր երգչուհի ու խելացի մարդ է։ Ապրելով Նյու Յորքում՝ նա շատ բաներ է անում Հայաստանի երեխաների համար»։

Տեսահոլովակի պրեմիերան կկայանա առաջիկայում, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել անոնսն ու լուսանկարները։

BRAVO.am   
Լուսանկարները՝ Լարիսա Հովհաննիսյանի եւ Թամար Կապրելյանի արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW