×


Իվետա Մուկուչյանը եւ Հասմիկ Շիրոյանը

Ինչու է Հասմիկ Շիրոյանը ցանկանում մասնակցել «Եվրատեսիլ»-ին

Ուկրաինաբնակ երգչուհի Հասմիկ Շիրոյանը, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցության հայտ է ներկայացրել։ 23-ամյա երգչուհին որոշել է դարձյալ փորձել ուժերը՝ հաղթելու ակնկալիքով։

Նա մարտական է տրամադրված, հույս ունի՝ Հայաստանի պատվիրակը կդառնա երգի միջազգային մրցույթում.«Իհարկե, ուզում եմ հաղթել։ Անցյալ տարի եւս հաղթելու ցանկությունս մեծ էր։ Ամեն դեպքում սիրում եմ ելույթ ունենալ, այնպես չէ, որ չհաղթեմ, կյանքս կավարտվի, հակառակը՝ նոր փուլ կսկսվի։ Քանի որ այս տարի կանոնները փոխված են, եւ յուրաքանչյուր մասնակից պետք է երգի հենց այն երգը, որով ցանկանում է մեկնել «Եվրատեսիլ», հիմա կենտրոնացել եմ այդ երգի վրա։ Նոր երգով ներկայանալն ավելորդ հուզմունք ու անհանգստություն է բերում, որովհետեւ քո ստեղծած երգը պետք է գնահատի հանրությունը»։

Հասմիկ Շիրոյանը


Չբացելով բոլոր փակագծերը՝ Հասմիկը BRAVO.am-ին հայտնել է, որ եվրատեսիլյան երգի համար համագործակցում է հիմնականում հայ հեղինակների հետ. «Իմ թիմը մեծ է, մի քանի հոգով ենք աշխատում, որոնց շարքում կան նաեւ այլազգիներ։ Նշեմ, որ մտերիմ եմ ԴերՀովայի հետ, բայց այս դեպքում նրա հետ չեմ համագործակցում։ Երգը կլինի անգլերեն լեզվով, դեռ պատրաստ չէ, այս պահին ոգեւորված աշխատում ենք։ Վստահել եմ հեղինակներին, բայց ես էլ մասնակցում եմ ընթացքին, պետք է շատ լավը լինի։ Ուզում եմ, որ իմ երգը հասնի մարդկանց սրտերին, առաջին հերթին դրա վրա եմ կենտրոնացել»։

Նա ոգեւորվել է նախորդ տարվա դրական կարծիքներից եւ կրկին կենտրոնացել մրցույթի վրա.«Երբ անցյալ անգամ նախագծից դուրս մնացի, կային երկրպագուներ, որ ուզում էին հաղթեի, ինչն ինձ համար մեծ աջակցություն էր։ Նրանց շնորհիվ շատ չտխրեցի, որ պայքարից դուրս մնացի։ Այս տարի վստահ չէի, բայց այնքան շատ էին հարցնում, ի վերջո, դրական արձագանքներից հասկացա, որ պետք է նորից փորձեմ»։

Միշան եւ Հասմիկ Շիրոյանը


Թե ինչու է ցանկանում մասնակցել «Եվրատեսիլ»-ին, Հասմիկը պատասխանել է.«Սա լավ հնարավորություն է, որ աշխարհը լսի իմ ձայնը։ Սիրելով Հայաստանը՝ ուզում եմ Հայաստանի եվրատեսիլյան պատմության մեջ մտնել, ինձ համար այս մրցույթը պատմական իրադարձության նման է, ինքս կստեղծեմ իմ պատմությունը։ Ես Հայաստանում չեմ ապրում, բայց միշտ ասում եմ, որ արմատներս ու առաջին տունս Հայաստանն է։ Հետագայում չգիտեմ, թե որ երկրներում հայտնի կդառնամ, ժամանակը ցույց կտա»։

«Ուկրաինայի ձայնը» 4-րդ եթերաշրջանին մասնակցած երգչուհին երգում է սոուլ, R’n’B, փոփ, ջազ ոճերում։ Նախկինում բենդի հետ հաճախ էր համերգներ ունենում Կիեւում, ինչպես նշում է՝ այժմ  նախկին օրակարգով չի աշխատում, քանի որ ելույթները շատ էներգիա են խլում։ Այժմ Կիեւում է, բայց փետրվարին կայանալիք «Դեպի Եվրատեսիլ»-ի համար շուտով կվերադառնա Երեւան։

Երգչուհին Բրիտանական «The Famous Company»-ի հետ պայմանագիր է կնքել: Ինչպես պատմել է BRAVO.am-ին, այժմ նոր երգերի ստեղծման փուլում են, որոնք ձայնագրվելու է Միացյալ Նահանգներում։ Իսկ թե ինչու անգլիացի երգահանների հետ չի ստեղծում եվրատեսիլյան իր երգը, Հասմիկը պատասխանել է.«Անգլիացիների հետ պայմանագիր կնքել էի «Դեպի Եվրատեսիլ»-ից շատ ավելի շուտ, այս երգերը չեմ կարող օգտագործել «Եվրատեսիլ»-ի համար։ Բացի այդ, արտերկրում երգ չէի փնտրում, մտածեցի, որ հայ հեղինակների հետ կարող եմ աշխատել, որովհետեւ ունենք տաղանդավոր երաժիշտներ, եւ իմ ուզած որակը կկարողանամ ստանալ»։

Հասմիկ Շիրոյանը եւ Արծվիկը


Ի դեպ, այս տարի նա ներկա է եղել մանկական եւ մեծերի «Եվրատեսիլ»-ներին, բեմից հետեւել է Արծվիկի ու Միշայի ելույթներին։ Մեր հարցին, թե ինչն է իրեն հետաքրքրել ետնաբեմում, Հասմիկը պատասխանել է.«Կազմակերպչական ներքին հարցերին չեմ ծանոթացել, ավելի շատ ներկա եմ եղել որպես հանդիսատես։ Գնացել էի քաջալերելու հայ մասնակիցներին, հետաքրքիր էր դահլիճից հետեւել շոուին»։

Հասմիկի փոխանցմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի ընթացքում Թբիլիսիում եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs-ին հարցազրույց է տվել.«Որպես անցյալ տարվա ֆավորիտ հիշում էին ինձ։ Հարցնում էին Արծվիկի, Իվետայի մասին, թե ինչու եմ նորից մասնակցում «Դեպի Եվրատեսիլ»-ին։ Հարցազրույցն անգլերենով էր, լեզվին լավ տիրապետում եմ։ Վերջին տարիներին համագործակցելով Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի երաժիշտների հետ, անգլերեն հաղորդակցվելն աշխատանքիս մի մասն է դարձել»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Հասմիկ Շիրոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport