×


Ինչո՞ւ է տխրել “Գեներալի աղջիկը” սերիալից հայտնի Մովսես Երեմյանը

Այսօր Մովսես Երեմյանի ծննդյան 20-րդ տարեդարձն է: “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում Ալեքսանդրի դերակատարը, որը հայտնի է նաեւ Անի Երանյանի հետ իր սիրավեպով, նախօրեին զրուցել է BRAVO.am-ի հետ` խոսելով ապրած կյանքի, նախասիրությունների, վախերի եւ այլ թեմաների շուրջ:

Մովսես Երեմյանը

Ծնվել եմ Երեւանում, այստեղ է անցել իմ մանկությունը: Շատ եմ կապված իմ քաղաքի հետ, սիրում եմ անչափ: Արտասահմանում աշխատելու շատ առաջարկներ են եղել, բայց երկար ժամանակով հայրենի քաղաքից բացակայել չեմ կարող. կարոտում եմ:

Հաճախել եմ Երեւանի Իսակովի անվան թիվ 132 դպրոցը: Լավ սովորող ու օրինակելի աշակերտ եմ եղել. մինչեւ 8-րդ դասարան գերազանցիկ էի: Որքան էլ տարօրինակ կթվա, բայց ամենասիրածս առարկան եղել է քիմիան:

Բեմի, արվեստի հետ կապված եմ մանկուց: Մայրիկիս որոշմամբ ու ցանկությամբ 4 տարեկանից հաճախել եմ պարի խմբակներ: Նա շատ էր ցանկանում, որ պարող դառնամ: 12 տարի պարել եմ լատինաամերիկյան եւ եվրոպական պարեր` 8 անգամ դառնալով Հայաստանի, մեկ անգամ` Եվրոպայի, չորս անգամ էլ Անդրկովկասի չեմպիոն:

Պարն ինձ համար ամեն ինչ է: Երկար տարիներ պարելուց հետո ցանկանում էի ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի բաժին, բայց հետո հասկացա, որ այն ավարտելուց հետո դարձյալ պարող եմ լինելու եւ որոշեցի ընդունվել “Երաժշտական թատրոնի դերասան” բաժինը: Այժմ սովորում եմ 4-րդ կուրսում, ավարտելուց հետո դառնալում եմ երգիչ-դերասան:

Մովսես Երեմյանը

“Կաստանիետ”-ում ղեկավարում եմ պարային պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբակներ: Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարիաննա Մամյանն ինձ վստահեց այդ գործը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Նպատակս է պարը մասսայական դարձնել: Ես ինձ առաջին հերթին համարում եմ պարող:

Մոդելային գործունեությունս սկսվել է 2000 թվականից` դարձյալ մայրիկիս որոշմամբ ու ցանկությամբ: Ութ տարեկանում առաջին անգամ մասնակցեցի գեղեցկության մրցույթի` ճանաչվելով “Միստր Հայաստան”: Այս հաղթանակն այդքան էլ սրտովս չէր: Եգիպտոս էին ուզում ուղարկել` այլ մրցույթների ներկայանալու, բայց ես չցանկացա: Որոշ ժամանակ դադար եղավ:

17 տարեկանում առաջարկ ստացա մեկնել Դոմինիկյան Հանրապետություն` մոդելային գործունեության մեջ մասնագիտանալու, ինչպես նաեւ է “Mister Universe Model” միջազգային մրցույթին մասնակցելու համար: Արժանացա հանդիսատեսի համակրանքին: Այնտեղ սովորեցի մեկ ամիս` առաջարկներ ստանալով ասիական երկրներում կարիերա ստեղծել, բայց հրաժարվեցի: Եթե եվրոպական երկրներ լինեին, միգուցե համաձայնեի:

Այժմ պայմանագիր ունեմ “Ռոբերտ Ֆլորենս” մոդելային տան հետ. ներկայացնում եմ սմոքինգներ: Անցած տարի էլ Բուլղարիայում մասնակցեցի “Best Model of the World” մրցույթին` հայտնվելով 20 լավագույն մոդելների ցուցակում: 7 ամիս Ֆրանսիայում աշխատելու հրավեր ստացա, բայց պայմանագրում կային այնպիսի կետեր, որոնց հետ ես համաձայն չէի:

Մովսես Երեմյանը

Սերիալային գործունեությունս սկսվել է 2008 թվականից: Առաջինը մեկ ամիս խաղացել եմ “Շանթ” հեռուստաընկերության “Ուսանողները” սերիալում: “Գեներալի աղջիկն” իմ երկրորդ սերիալն է:

Մասնագիտական կրթությունը կարեւորում եմ, բայց կան նաեւ դերասանական բնատուր շնորք ունեցող մարդիկ:

Մասնագիտական ու առհասարակ, խորհուրդների փորձում եմ հետեւել, բայց վերջնական որոշումը լինում է իմը:

Կարծում եմ` ընկերասեր եմ: Շփվող եմ, բայց միանգամից չեմ մտերմանում: Ամեն մեկն էլ չի կարող դառնալ իմ ընկերը:

Մովսես Երեմյանը

Շատ եմ սիրում ֆուտբոլ, լող, լսում եմ հիմնականում ջազ: Հայկական էստրադային հետեւում եմ, բայց պիտի խոստովանեմ, որ այդքան էլ չեմ ընդունում: Ավելի շատ լսում եմ արտասահմանյան երաժշտություն:

Ինձ համարում եմ տխուր մարդ, ավելի ճիշտ` թախծոտ: Թեեւ շատերի կարծիքով` ուրախ մարդ եմ, ծիծաղկոտ, բայց իրականում հաճախ եմ տխրում:

Ծննդյանս օրը կնշեմ, իհարկե ընկերներիս, հարազատներիս հետ: Բայց այդ օրերին առավել եւս տխուր եմ, չգիտեմ`ինչու:

Վախենում եմ, երբ մտածում եմ` մեկ օր նշելու եմ 41-ամյակս: Դե մտածում եմ, որ կյանքիս կեսն արդեն անցած կլինի…

Մովսես Երեմյանը

Անձնական կյանքիցս չեմ ուզում խոսել, կներեք:

Իրականացել է ամենամեծ երազանքներիցս մեկը: Ես եւ եղբայրս շատ էինք ցանկանում քույրիկ ունենալ: Մեր փոքրիկ հրաշքը` Մարին, ծնվել է անցած տարի:

Կարծում եմ` շատ խիստ եղբայր չեմ լինի: Շատ ենք սիրում Մարիին: Ամեն ինչ արգելող ու մերժող եղբայրներից չեմ լինի: Կլինեմ իր ընկերը, որն օգտակար խորհուրդներով կկարողանա ճիշտ ուղղություն ցույց տալ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW