Ամանորը սիրում եւ անհամբերությամբ սպասում են գրեթե բոլորը: Այն եզակի տոներից է, որը նշում են ողջ աշխարհում ազգային տարբեր ավանդույթներով, բայց, իհարկե, խորհուրդը մեկն է` ճանապարհել հին տարին եւ խանդավառությամբ դիմավորել նորը:
Իտալիայում, օրինակ, կարծում են, որ Նոր տարին պետք է դիմավորել` ազատվելով հին իրերից, վատ ու տխուր հիշողություններից: Ավելին, իտալացիները մինչ օրս պահպանել են դեկտեմբերի 31-ի գիշերը պատուհանից հին իրերը դուրս նետելու ավանդույթը: Եվրոպայի մի շարք երկրներում հավատում են «առաջին օրվա մոգությանը», երբ որոշվում է, թե ինչ է սպասվում մեզ տարվա ընթացքում: Այդ պատճառով բոլորն աշխատում են այդ օրը նոր հագուստով լինել եւ պարտք չվերցնել:
Իսպանիայում եւ Պորտուգալիայում, որտեղ խաղողի վազը համարվում է սիրո եւ ընտանեկան երջանկության խորհրդանիշ, տարեմուտի գիշերը ժամացույցի վերջին տասներկու զանգի ընթացքում ուտում են խաղողի տասներկու հատիկ եւ գալիք տարվա բոլոր ամիսների համար երազանք պահում:
Բելգիայում տարեմուտին բոլոր տներում երեք րոպեով հանգցնում են լույսը` այդ ժամանակն անվանելով ամանորյա համբույրների րոպեներ, որոնց գաղտնիքը պահում է մթությունը: Շոտլանդիայում էլ կարծում են, թե ով Ամանորին առաջինը մտնի իրենց տուն, նրանից է գալու տարվա հաջողությունը: Այստեղ վառում են բուխարու կրակը եւ ուղիղ կեսգիշերին ընտանիքով հավաքվում շուրջը:
Հնուց ի վեր Ամանորը դիմավորելու բազմաթիվ հետաքրքիր սովորույթներ ձեւավորվել են նաեւ մեզանում, որոնցից շատերը մինչ օրս պահպանվում եւ լայնորեն կիրառվում են, իսկ որոշներն էլ ժամանակի ընթացքում դուրս են մղվել մեր կենցաղից:
Հայ գյուղացիներն Ամանորի գիշերը եկեղեցու զանգերի հետ բացում էին տան դուռը` հին տարվա չարքերը դուրս անելու եւ նոր տարվա բարիքներն ընդունելու համար: Առավոտյան դուռն առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի երկար տարիներ իր տնից անպակաս լիներ: Այդ օրն առհասարակ ծախս չէին անում եւ խուսափում էին մեկը մյուսին փոխ տալ հատկապես թթխմոր եւ դրամ: Ամանորի նախօրեին ամենուր հաց էին թխում. եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային, նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Ընթրիքից հետո` կեսգիշերին, երիտասարդները գնում էին թարմ ջուր բերելու: Տան առատությունը ապահովելու համար վաղ առավոտյան բերած ջուրը ցանում էին տան անկյուններում: Հացից ու ջրից զատ, նորոգվում էր նաեւ կրակը, քանի որ դեռեւս քսաներորդ դարասկզբին օջախն էր տաքացնում տունը, եւ օջախի վրա էին կերակուր պատրաստում:
Հնում Նոր տարվա գիշերը տան դուռը երբեք չէր փակվում, վաղ առավոտից սկսվում էին այցելությունները: Թե՛ տնեցիները, թե՛ այցելուները տուն էին մտնում առաջինը աջ ոտքով, այլապես ձախորդություններն անպակաս կլինեին: Ամանորին բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին ազգի մեծերին, ծնողներին, խնամիներին, հարեւաններին, քավորին, նախկինում նաեւ` քահանային եւ համայնքի ղեկավարին:
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը պատմում է, որ ավանդական Նոր տարին կամ, ինչպես մեր նախնիներն են կոչել, Նավասարդը Հայաստանում ի սկզբանե նշվել է մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, իսկ այնուհետեւ տեղափոխվել եւ տոնվել է օգոստոսի 11-ին։ Իսկ Ամանորը հունվարի մեկին նշելու ավանդույթն արմատացել է միայն 1920 թվականից:
Տոնի գլխավոր նախապատրաստությունները հայերի համար էլ ուտեստների շուրջ են: Նոր տարվա համար պատրաստվող ուտեստների տեսականին եւ դրանց ծիսական բնույթն ընդհանուր առմամբ նույնն են եղել հայոց շատ ազգագավառների համար, սակայն դրանք երբեմն տարբերվել են պատրաստման եղանակով, մատուցելու եւ ճաշակելու ժամանակով, անուններով: Ամանորի համար պատրաստվող ուտելիքներն ունեին չարը կանխարգելու, հմայելու, հաջողություն ապահովելու եւ գուշակություններ անելու միտումներ: Ձավարեղենը, ընդեղենը, բոլոր տեսակի հատիկները համարվում էին հմայող, հաջողություն բերող ուտելիքներ եւ ապահովում էին կյանքի հարատեւությունն ու մշտնջենականությունը:
«Ի տարբերություն այսօրվա շքեղ արարողությունների՝ ավանդական սեղանն ավելի վաղ շրջանում համեստ է եղել։ Եվ քանի որ հունվարի մեկը համընկնում է Սուրբ Ծննդյան պահքի ժամանակահատվածին, ավանդական սեղանի հիմնական բաղադրիչները բաղկացած էին բուսական մթերքներից, մասնավորապես` սիսեռից, ոսպից եւ լոբուց, իսկ ամենաճոխ ուտեստը համարվում էր պասուց դոլման»,-պատմում է ազգագրագետը:
Նրա խոսքով` հայկական տոնական սեղանին էր դրվում նաեւ, այսպես կոչված, դովլաթ-հացը, որի մեջ լոբու, բրնձի կամ որեւէ հատիկավորի հատիկ էին դնում, եւ ընտանիքի այն անդամը կամ ընտանի կենդանին, որին բաժին էր ընկնում այդ հատիկը, պետք է հաջողություն բերեր նոր տարում։
«Բացի այդ, առավոտյան տանտիրուհին հացի կտորներ էր թաթախում մեղրի մեջ, հյուրասիրում էր ընտանիքի անդամներին եւ դռան առջեւ կարմիր կտոր փռում, որպեսզի տարին քաղցր եւ հաջող լինի»,-նշում է Ռաֆայել Նահապետյանը։
Հատուկ խորհուրդ ունեին նաեւ մրգերի որոշ տեսակներ, մասնավորապես` խնձորը եւ նուռը: Այս մրգերի բեղմնավորման եւ առատացման զորության մասին պատկերացումները շատ տարածված էին, եւ դրանք ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էին, այլեւ պարտադիր էին այդ օրվա նվիրատվություններում, երբեմն նաեւ գուշակություններում:
Ազգագրագետը հետաքրքիր տեղեկություններ հայտնեց նաեւ Ձմեռ պապի կերպարի ծագման մասին։ Նրա խոսքով, եթե ռուսական Ձմեռ պապի եւ եվրոպական Սանտա Կլաուսի նախատիպը Նիկոլայ Հրաշագործն է, ապա Հայաստանում Կաղանդ պապի կերպարի ակունքները հայ մեծանուն Սահակ Պարթեւ կաթողիկոսին են հասնում (4-5-րդ դդ., ավանդ ունի Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման գործում)։ Սահակ Պարթեւը պատմության մեջ հայտնի է եղել բարեգործական գործունեությամբ եւ հատկապես երեխաների շրջանում։
Թեեւ այսօր բավականաչափ փոխվել են Ամանորը տոնելու ձեւերն ու տոնական սեղանը զարդարող կերակրատեսակները, միեւնույն է, այս տոնը բոլոր ժամանակներում եղել եւ շարունակում է մնալ ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ աշխարհի ժողովուրդների սիրելին, որի հետ մարդիկ կապում են իրենց երազանքները եւ սպասումները: Լավագույնը սպասենք նաեւ գալիք տարուց:
Տեքստը` Ա. Ս.-ի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: