Փետրվարի 14-ը դերասան Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն է: Ինչպես նշել է հոբելյարը՝ “երիտասարդ տարիներին ավելի հպարտացել է Վալենտինի օրը ծնվելու հանգամանքով, քան իր արած գործերով”:):
BRAVO.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանն անկեղծորեն ասել է, որ տարվա այս մեկ օրվան էգոիստաբար է վերաբերվում:). “Սիրո տոն է, բայց նախընտրում եմ միայն ծննդիս առթիվ նվերներ ստանալ: Չեմ սիրում դրանից մեծ աղմուկ հանել, ուղղակի ինքս ինձ համար սիրում եմ: Կան չէ՞ մարդիկ, որ ամեն տարի` կապ չունի 50, 51, թե 54, մասշտաբային նշում են, դահլիճներ են վարձում: Միայն 50 տարեկանի դեպքում մեկ անգամ մեծ նշեցինք”:
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանն իր 50-ամյակը նշել է հարազատ թատրոնում 2011-ի նոյեմբերին, քանի որ փետրվարին գտնվում էր Միացյալ Նահանգներում: Այս տարի 51-րդ տարեդարձը Հրաչյան որոշել է անցկացնել միայն իր հարազատների հետ:
Հոբելյարի կինը` Սյուզան Մարգարյանն էլ փետրվարի 14-ն ընկալում է որպես իր ամուսնու օր. “Վալենտինի տոնին թեթեւակի անդրադառնում ենք, բայց ուրախ եմ, որ մեզ մոտ նշվում է Սուրբ Սարգսի տոնը, Տերընդեզ տոնակատարությունն էլ կա… Անձամբ ինձ համար փետրվարի 14-ն առաջին հերթին Հրաչոյի ծննդյան օրն է”:
Ինչպես Սյուզանի, այնպես էլ Հրաչյա Հարությունյանի ծննդյան օրն արտիստների դուստրը՝ Սիրուշոն, Երեւանում չէ. “Այնպես է ստացվում, որ էլի այստեղ չէ, բայց փոքր խմբով, միայն մտերիմներով կնշենք: Ճիշտ է, ամուսինս չի սիրում շատ մեծ ծնունդներ, բայց չեմ անտեսում որեւէ տարի, որովհետեւ տոնական օրերը կյանքը գեղեցկացնելու առիթներ են”,-BRAVO.am-ին ասել է երգչուհին:
“Տարբեր առիթներով սիրում եմ ծաղիկներ նվիրել”. Հրաչյա Հարությունյան
Ընտանիքն ամուր պահելու գրավականներից մեկը, ըստ Հրաչյա Հարությունյանի, ընտանիքի անդամների նկատմամբ ուշադիր լինելն է. “Չպետք է մի կողմ քաշվես, թողնես ինքնահոսի, պետք է ուշադիր լինես ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան”:
Դերասանը չի հիշում՝ առաջին միասին անցկացրած սիրո տոնին ինչ է նվիրել կնոջը. “Իսկապես չեմ հիշում, բայց տարբեր առիթներով սիրում եմ ծաղիկներ նվիրել: Ամեն դեպքում, միմյանց հանդեպ բավականաչափ ուշադիր ենք:)”:
Սյուզան Մարգարյանի կարծիքով՝ իդեալական ընտանիքներ չեն լինում, իրենցն էլ այդպիսին չի կարող լինել. “Բայց թու-թու-թու, մեր ընտանիքում ամեն ինչ կարգին է: Արվեստի ու շոու-բիզնեսի մարդկանց ընտանիքներում, գիտեք, բարդություններ շատ-շատ են լինում, բայց առաջնահերթ համարում ենք ընտանեկան կյանքը, փորձում ենք ամեն հարցում իրար հասկանալ: Կուզեմ, որ բոլոր ամուսիններն իրար լավ հասկական, այդ դեպքում շատ հարցեր ավելի հեշտ են լուծվում”:
“Սիրուշոն չափից դուրս ուշադիր է մեր նկատմամբ”. Սյուզան Մարգարյան
Երգչուհու խոսքով՝ մինչ օրս միայն մեկ բանի համար է ափսոսում` ժամանակին շատ երեխա չի ունեցել. “Հիմա էլ ափսոսում եմ եւ Սիրուշոյին էլ խորհուրդ եմ տալիս` ինչքան շատ երեխա, այնքան լավ: Հենց երեխայի համար է լավ, որ քույր, եղբայր ունենա: Երբ տանը երեխան մեկն է լինում, իր համար լարվածություն է առաջանում, որովհետեւ ծնողներն ինչքան մեծանում են, իր վրա է վերցնում ինչ-որ պարտականություններ, իսկ եթե երկու կամ երեք երեխա են լինում, այդ հոգսը կիսվում է: Սիրուշոն չափից դուրս ուշադիր է մեր նկատմամբ, կուզենայի այդ աստիճան չլիներ:)”:
Դերասանն էլ ընդգծել է, որ ընտանիքում ուշադրության պակաս չի զգում. “Սյուզին եւ Սիրուշոն ամեն հարցում ուշադիր են, թեկուզ զանգով կամ մաղթանքով կողքիս են: Եվ այն, որ կարող է ինձ ասեն՝ Սիրուշոյի հայրը, ինձ համար երջանկություն է, ականջ շոյող նախադասություն է, որովհետեւ ես հպարտանում եմ իրենով”:
BRAVO.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանը խոսել է նաեւ Քոչարյանների ընտանիքի հետ խնամի-բարեկամ քննարկվող կապի մասին. “Դա ինձ որեւէ կերպ չի խանգարում կամ օգնում. շփման մեջ դժվարություններ չկան, շատ լավ հարաբերություններ ունենք”:
“Ժամանակը ցույց կտա”. Հրաչյա Հարությունյան
Իսկ թե ի՞նչ նոր կերպարներ առաջիկայում կմարմնավորի, ՀՀ վաստակավոր արտիստը ժամանակից շուտ չի ցանկանում փակագծերը բացել. այժմ թատրոնում աշխատում են նոր ներկայացման փորձերի վրա: Միգուցե մտածի նաեւ իր եւ Նազենի Հովհաննիսյանի՝ ԱՄՆ-ում խաղացած “Վերջին տանգոն” ներկայացման վերականգման մասին. “Ուղղակի նոր գործերով ենք զբաղված, ստույգ չենք որոշել Երեւանում խաղալու մասին, կարող է ուրիշ նոր նախագիծ մտածենք, ժամանակը ցույց կտա”:
BRAVO.am-ը շնորհավորում է օրվա հոբելյարին՝ մաղթելով առողջություն ու հաջողություններ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Bravo.am-ի, Սյուզան Մարգարյանի եւ Հրաչյա Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: