×


Ինչպես է անցել «Ռեինկարնացիա»-ի «Հոգուն» հոլովակի համերգ-շնորհանդեսը

«Մի գդալ սեր», «Յար, արի», «Աղուհաց», «Լուսաբաց», «Ավելի լավա», «Քեզ պիտի սիրեմ» ու բազմաթիվ այլ գործերով հայտնի «Ռեինկարնացիա» խմբի երգացանկը համալրվել է նոր՝ «Հոգուն» երգով, որի տեսահոլովակի պրեմիերան երեկ ուղեկցվել է ակումբային մենահամերգով:

«Հոգուն» երգի հոլովակն անիմացիա է՝ մշակված Կարլ Բրյուլովի «Պոմպեյի վերջին օրը» եւ անգլիացի նկարիչ Ջոն Մարտինի «Սոդոմի եւ Գոմորի կործանումը» գեղանկարների հիման վրա։ Պատմական գեղանկարչության նեոդասական «Պոմպեյի վերջին օրը» ներկայացնում է Իտալիայի հարավում գտնվող Վեզուվ հրաբուխի ժայթքումն ու Պոմպեյ քաղաքի հիմնահատակ ավերումը։

«Ռեինկարնացիա» խումբը


Այս հոլովակում ժամանակաշրջաններն ու իրադարձությունները զուգահեռված են մեր օրերի հետ, երբ ամեն բան գնում է դեպի կործանման, բայց մարդիկ պայքարում են ու փորձում փրկվել։ Անիմացիայում դասական կտավի կերպարները համադրված են ժամանակակից դետալներով։ Մտահղացումը Ռոլանդ Գասպարյանինն է, ռեժիսոը անիմատոր Գոռ Սահակյանցն է, անիմացիան ստեղծել են Գոռ եւ Լյոչ Սահակյանցները։

«Ռեինկարնացիա»-ի հիմնադիր-վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի փոխանցմամբ՝ նոր տեսահոլովակը 8 ամսվա աշխատանքի արդյունք է.«Ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն, որ երկուշաբթի երեկոն մեզ եք տրամադրել։ Մեր ողջ անձնակազմն այստեղ է, որովհետեւ տեսահոլովակը շատ սպասված էր։ Գալիք ալբոմի երկրորդ սինգլն է, հանձնում ենք ձեր արդար դատին»,-նշել է նա՝ բեմ հրավիրելով հեղինակներին՝ Գոռ եւ Լյոչ Սահակյանցներին.«Կարծում եմ՝ նրանց չեք ճանաչում, բայց տղաների պապիկին՝ Ռոբերտ Սահակյանցին, լավ եք ճանաչում։ Տաղանդավոր մարդկանց հետ ենք աշխատում»։

Լյոչ, Գոռ Սահակյանցները եւ Ռոլանդ Գասպարյանը


Ակումբային համերգի առաջին մասում հնչել են մեղեդային երգեր, իսկ հոլովակի ցուցադրումից հետո պարահարթակում մարդկանց թիվն ավելանում էր, ռիթմիկ երգերը ստիպում էին անդադար պարել ու ձայնակցել: «Ուզում եմ մաղթել, որ գալիք տարում ոչ ոք հոգս չունենա։ Հիմա նորմալ մարդուն ասես, կասեն՝ գիժ ա էս Ռոլանդը, ոնց է հնարավոր, պիտի հոգս էլ լինի, հետո լավ լինի, բայց ես համաձայն չեմ։ Մենք սովոր չենք, երբ հոգս չի լինում, բայց ցանկանում եմ, որ առանց հոգսերի ապրենք»,-ասել է երաժիշտը:

Ռոլանդ Գասպարյանը


Տարեմուտի գիշերը «Ռեինկարնացիա»-ն ելույթ կունենա Երեւանում, իսկ հունվարի 26-ին կնվագեն Մոսկվայում։ Ի դեպ, խումբը ստեղծել է «Ռեինկարնացիա» բարեգործական հիմնադրամը՝ աջակցելու համար նոր սերնդի երաժիշտներին։ 2017-ի ընթացքում որոշ մարզեր այցելությունների ընթացքում պարզել են, որ ամենավատթար վիճակում գտնվողը Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցն է։ Ունենալով բարեգործական համերգներ՝ ստացված հասույթով նվագախմբի անդամներն առաջինը միջոցներ կտրամադրեն հենց այդ դպրոցին։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport