Ծիծաղի եւ հումորի օրը՝ ապրիլի 1-ին, «Կինոպարկ» կինոթատրոնում «Առաջին դեմք» կատակերգության պրեմիերան էր։ Նախքան առաջին ցուցադրությունը, ֆիլմի անձնակազմը հանդիպել է լրագրողներին՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։ Գլխավոր դերակատարներ Արամ MP3-ի եւ Աննա Գրիգորյանի համար ֆիլմը դեբյուտային է, խաղում են նաեւ Սաթի Ջանիբեկյանը, Դավիթ Թադեւոսյանը, Արա Դեղտրիկյանը, Արտաշես Մխիթարյանը, Արսեն Գրիգորյանը, Լեւոն Հարությունյանը եւ այլք։
Արամ MP3-ն, Սաթի Ջանիբեկյանը, Աննա Գրիգորյանը եւ Դավիթ Թադեւոսյանը
«Առաջին դեմք»-ի գլխավոր հերոսը կրթությամբ լրագրող Գրիգոր Աստվածատրյանն է, որն աշխատում է որպես բարմեն, սակայն սիրելիի՝ մանկաբույժ ու բնապահպան Լիլիթի խնդրանքով ռեպորտաժ է նկարահանում ակտիվիստների մասին։ Քաղաքական ենթատեքստերով ֆիլմի ընթացքում ականատես կլինեք, թե ինչպես է լրագրողը հանկարծակի դառնում նախագահ, ինչ բարեփոխումներ է ձեռնարկում եւ ինչպես է կարեւորում իր սերը։
«Առաջին դեմք»-ի համապրոդյուսեր Սիլվա Մեսրոպյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ֆիլմը կցուցադրվի ՀՀ մարզերում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ավստրիայում, նաեւ Ֆրանսիայում, Բելգիայում բնակվող հայերի համար։ Նա դժվարացել է հստակ նշել, թե որքան է ֆիլմի բյուջեն, սակայն պատմել է, որ Բաղրամյան 26-ի դռները բացվել են, եւ ֆիլմի մի մասը նկարահանվել է նախագահականում. «Հրանտը բանակցել է նկարահանման համար եւ դրական պատասխան ստացել. հավանելով սյուժեն` աջակցեցին»։
Հայկոն, Հրանտ Երիցկինյանը եւ Անահիտ Սիմոնյանը
Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի երկրորդ գեղարվեստական ֆիլմի սցենարը գրել են «ԱրմՔոմեդի»-ի Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, որոնք նաեւ մարմնավորում են նախագահի մամուլի խոսնակներին։ Նարեկի խոսքով՝ կինոնկարի ստեղծման վրա աշխատել են ուղիղ մեկ տարի.«Ռոմանտիկ ու արկածային կատակերգություն է, ինչ-որ տեղ նաեւ քաղաքական։ Ֆիլմը չէինք ուզում ծանրաբեռնել իրական Հայաստանով, այլ այնպիսի պատմություն է, որ զուգահեռներ կգտնեք մեր իրական կյանքից, բայց նաեւ չեք գտնի։ Ֆիլմի հերոսը լրագրության ֆակուլտետն է ավարտել, բայց «բառադի» լրագրող է, ամեն ինչ վատ է անում եւ մեղադրում է գրեթե բոլորին, բացի իրենից»։
Սերգեյ Սարգսյանն էլ ավելացրել է.«Ես ուզում եմ, որ կինոթատրոնից դուրս գալուց հետո ամեն մեկը մի լավ բան անի, հավատա ինքն իրեն ու անի գուցե երկու բան, բայց մինիմալիստ եմ. գոնե մեկ լավ բան:)»:
Դավիթ Թադեւոսյանը եւ Արամ MP3-ն` «Առաջին դեմք» ֆիլմի պրեմիերային
Արամ MP3-ը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ֆիլմի առաջին դեմքը դառնալիս մտավախություն է ունեցել` արդյոք կկարողանա կատարել իր առջեւ դրված խնդիրը. «Որովհետեւ նախագահի կյանքով չեմ ապրում:): Նախագահականում նկարվելիս մթնոլորտը տրամադրում էր, որ ինձ այդ դերում զգայի, անձնակազմն էլ ինձ դիմում էր՝ պարոն նախագահ։ Կարծում եմ՝ թամբալների դեմ ուղղված ֆիլմ է. երբ մենք ոչինչ չենք ձեռնարկում ու ասում ենք, որ ամեն ինչ կախված է «վերեւներից»: Ասելը խնդրի լուծում չէ, եթե փորձես ու չստացվի, ինչ-որ տեղ կմեղադրես ուրիշներին։ Եթե մինչեւ հիմա Հայաստաում հնարավոր չի եղել մեկ հոգով մեծ փոփոխություն անել, հուսով եմ՝ այս ֆիլմով մոտիվացիա կստեղծենք, որ փորձեն»։
Աննա Գրիգորյանն էլ նշել է՝ ֆիլմը դիտող տղամարդիկ կհասկանան, որ կնոջը քիչ բան է պետք.«Կարեւորը` չխաբեն ու անկեղծ լինեն։ Սերն ամենակարեւորն է, պետք է պայքարել սիրելի մարդու համար։ Իսկ այս դերն ինձ վստահելու համար շնորհակալ եմ ռեժիսորին։ Ես, չունենալով դերասանական կրթություն, կերտեցի գլխավոր հերոսուհուն, որովհետեւ Հրանտ Երիցկինյանը հավատաց իմ ուժերին»։
Հրանտ Երիցկինյանը, Թամարա Պետրոսյանը եւ Նառան
Լիլիթի մտերիմ ընկերուհու՝ Լիզայի կերպարում Սաթի Ջանիբեկյանը կենսախինդ ու զվարճալի մանկաբույժ է, որ հաշվում է հավանական փեսացուների ունեցվածքը. «Լիզան արդեն ինձ հոգեհարազատ ու սիրելի կերպար է։ Լիզայի գերագույն նպատակն է գտնել արժանի փեսացու իր եւ իր մոտ ընկերուհու համար»։
Դերասան Դավիթ Թադեւոսյանը Հովսեփի կերպարում է` առաջին դեմքի խորհրդատուն եւ ընկերը.«Այնպիսի թիմ էր հավաքվել, որ մեկս մյուսից ահագին սովորելու բաներ ունեինք։ Ֆիլմից էլ սովորելու ու քաղելու բաներ կան. այն մարդիկ, որոնք ասում են՝ դե, ինձնով ոչ մի բան չի փոխվի, թող հասկանան, որ իրենք էլ կարող են որեւէ բան փոխել»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: