×


Ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի ակումբային մենահամերգը

Երեկ “Yans” ակումբում Քրիստինե Պեպելյանի մենահամերգն էր: Երգչուհին ելույթից առաջ փոքր-ինչ հուզված էր, հանդերձարանում ընտրում էր զգեստին համապատասխան ականջօղեր, ի վերջո ներկաների քվեարկության արդյունքում կրեց երկրորդ տարբերակը, լուսանկարվեց ու բեմ բարձրացավ:):

Քրիստինե Պեպելյանի ակումբային մենահամերգին


Նա 2012-ի սեպտեմբերին Մարզահամերգային համալիրում մենահամերգ ունենալուց մեկ տարի անց գրեթե նույն ծրագրով այս անգամ ակումբային միջավայրում շփվեց հանդիսատեսի հետ: Համեմատելով դահլիճները` Քրիստինեն BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար հաճելի է երգել նաեւ ակումբային մթնոլորտում, որտեղ լսարանը փոքր է, բայց ջերմ.“Այստեղ առաջադրանքը մի քիչ այլ է. մարդիկ ժամանցի են եկել սեղանի շուրջ, բայց բեմից նկատեցի, որ երբ նայում եմ, փորձում են չուտել ու չխմել, հաճելի է, որ զուսպ են, նման վերաբերմունքը շատ բարձր եմ գնահատում”:

Ինչպես նախորդ մենահամերգը, այս մեկն էլ կրում էր “Շնորհակալ եմ” խորագիրը, եւ երգչուհու կողքին նույն երաժիշտներն ու բեք-վոկալիստներն էին` Անահիտ Շահբազյանը, Գոռ Հարությունյանը, Մակբեթ Գասպարյանը եւ Տաթեւ Ալեքսանյանը, որը նոր է միացել թիմին` փոխարինելով այժմ Քաթարում գտնվող երգչուհի R.P.-ին:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը` Քրիստինե Պեպելյանի ակումբային մենահամերգին


Երկու ժամից ավելի տեւած համերգը Քրիստինեն սկսեց “Չեմ թողնի” երգով, որից հետո, ներկաներին ողջունելով, նշեց, որ տեսնում է բոլորի ժպիտները: Այնուհետեւ երգեց իր հայտնի “Պատահական չի լինում”, “Երանի”, “Կգնամ”, “Հրաժեշտ” լիրիկական երգերը, նաեւ կատարեց ակտիվ ռիթմերով “Քեզ ասում եմ”-ը, “Չէ, չէ, չէ, չէ”-ն, “Երջանիկ եմ”-ը, “Օյ, օյ”-ը.“Պետք է հնչեն նաեւ պարային գործեր, քանի որ որեւէ ժամանց չեմ պատկերացնում առանց ուրախ երաժշտության, դուք էլ կարող եք ձայնակցել”:

Նա հիշեց, թե ինչպես “Հրաժեշտ” երգով հանդիսատեսը ճանաչեց իրեն ու խոստացավ այն միշտ կատարել, “Հայ զինվոր” երգը եւս մեկ անգամ նվիրեց հայրենիքի պաշտպաններին, պատմեց Ֆլորա Մարտիրոսյանի հետ ծանոթության եւ համագործակցության մասին` կատարելով “Լիրիկական” երգը.“Ցավոք, մեր դուետը պետք է միայնակ կատարեմ, բայց երջանիկ եմ, որ իմ մեծ ցանկությունն իրականություն դարձավ. ոչ միայն մտերմացա տիկին Ֆլորայի հետ, այլեւ միասին երգեցինք ու աշխատեցինք”:

Քրիստինե Պեպելյանի ակումբային մենահամերգին


Այս մենահամերգի համար Քրիստինեն անակնկալ էր պատրաստել, սակայն ինչպես պատմեց BRAVO.am-ին, “անակնկալը” վատառողջ էր:).“Մարտ Բաբայանի հետ միասին պետք է երգեինք մեր նոր դուետը, բայց նա հիվանդ լինելու պատճառով չկարողացավ ներկա լինել: Ոչինչ, այսպես էլ է պատահում, կարեւորն ապաքինվի”: 

Համերգի երկրորդ հատվածում երգչուհին կատարեց Հայկոյի “Ես ապրում եմ, եթե դու կաս” երգը եւ երգչին բեմ հրավիրեց` նվագակցելու.“Ուզում եմ` միմյանց երգերը կատարելու ավանդույթ ձեւավորվի: Քանի որ Հայկոյի այս երգը շատ եմ սիրում, զանգահարեցի նրան` տեղյակ պահելու, որ “գողանում” եմ այն: Իմ լավ ընկերոջ նվագակցությամբ համալիրի համերգին արդեն երգել եմ, այսօր եւս բացառություն չէ, կրկին սիրով կկատարեմ”:

Քրիստինե Պեպելյանը


Քրիստինե Պեպելյանը յուրաքանչյուր կատարումից առաջ ներկայացնում էր իր երգերը, իսկ վերջում չէր մոռանում շնորհակալություն հայտնել.“Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք եւ ձեր ժպիտներով ուրախացնում եք ինձ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW