×


Ինչպես է անցել Բաբաջանյանի երգերով բարեգործական համերգը

Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կրկին Առնո Բաբաջանյանի լավագույն ստեղծագործություններն էին հնչում: Անվանի կոմպոզիտորի հիշատակի միջազգային հիմնադրամը բարեգործական համերգ էր նախաձեռնել հայ երգիչ-երգչուհիների եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Իմ քայլը» հիմնադրամին՝ որպես օգնություն Հայաստանի երեխաներին: Համերգին ներկա էր նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով էլ գլխավորում է «Իմ քայլը» հիմնադրամը: Բաբաջանյանական երեկոյի գեղեցիկ ընթացքին հետեւել է BRAVO.am-ը:

Բարեգոծական համերգին


Նշենք, որ երեւանյան համերգն առաջինը չէր այս նախաձեռնության շրջանակում: Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի համակարգող Ռոման Բաղդասարյանը, ով էլ Կարեն Քոչարյանի հետ վարում էր համերգային երեկոն, մեզ հետ զրույցում ասաց, որ նախորդ տարվա նոյեմբերի 11-ին բարեգործական համերգ են անցկացրել Մոսկվայում: Հենց այդ ժամանակ էլ որոշել են, որ նախագիծը պիտի շարունակական լինի.«Շատ կարեւոր է, որ բոլոր տոմսերը վաճառվել էին: Սա այն եզակի դեպքերից է, երբ համերգի կազմակերպիչները ոչ թե հրավիրատոմսեր են բաժանում իրենց ծանոթներին, այլ տոմսերը գնում են բոլոր ցանկացողները: Սա կարեւոր է նաեւ նրանով, որ այդ վաճառքից ստացված հասույթը պիտի օգտագործվի բարեգործական նպատակներով»:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը


Նա նշեց, որ համերգին ելույթ ունեցող բոլոր արտիստները, ինչպես նաեւ երաժիշտները հանդես են գալիս լիովին անվճար հիմունքներով` ցանկանալով իրենց ներդրումն ունենալ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու գործում. «Մենք ընտրել ենք այն արտիստներին, որոնք իրոք արժանի են կատարելու այդ երգերը, որոնք տաղանդավոր են ու շատ հասարակ մարդիկ են կյանքում: Մենք ունենք հովանավոր՝ Շահեն Պետրոսյանը, ով էլ վճարել է ավիատոմսերի ու մյուս ծախսերի համար: Մենք իսկապես շատ շնորհակալ ենք նրան, քանի որ նման ծախսերը չէինք կարող պետության կամ հիմնադրամի հաշվին հոգալ, ոչ էլ, իհարկե, տոմսերի վաճառքի հաշվին»:

Բարեգոծական համերգին


Համերգային երեկոն անցավ լեփ-լեցուն դահլիճում եւ աչքի ընկավ ոչ միայն երգիչ-երգչուհիների գեղեցիկ կատարումներով, այլեւ պարային յուրօրինակ ելույթներով: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի երիտասարդ հայ կատարողները, այդ թվում՝ Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սիլվա Հակոբյանը, Արթուր Աղաջանովը, Արսեն Ստեփանյանը, Նիկոլայ Ռյաբուխանը, Կարեն Մովսեսյանը, Գագիկ Եզակյանը, Կարինե Ասիրյանը, Գեւորգ Հարությունյանը, Արմեն Ավջանը եւ ուրիշներ:

Բարեգոծական համերգին


Ռոման Բաղդասարյանը մեր զրույցի ավարտին տեղեկացրեց նաեւ, որ շուտով երրորդ համերգն էլ կազմակերպելու են Եվրոպայում: Այդպիսով շարունակելու են օգնել «Իմ քայլը» հիմնադրամին ու հայ երեխաներին:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport