×


Ինչպես է անցել Շուշաննայի, Լուիզայի, Անդոյի եւ Ռաֆոյի մասնակցությամբ «Ձյունանուշ» ֆիլմի պրեմիերան

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի սպասասրահը լի էր մանուկներով: Անմիջապես կարելի էր կռահել, որ մեծ էկրան է բարձրանալու երեխաներին համար նախատեսված ֆիլմ: «Ձյունանուշ»` այսպես է կոչվում նոր կատակերգությունը, որը համախմբել էր բոլորին: Առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, հետեւել ընթացքին եւ լուսանկարահանել հյուրերին:

Ֆիլմն Ամանորի հեքիաթին հավատացող աղջկա մասին է, ով, ծանոթանալով Ձյունանուշի հետ, նրա միջոցով փորձում է Ձմեռ պապին հասցնել ընկերոջ գրած նամակը: Արդյունքում անցնում են մի շարք փորձությունների միջով, հայտնվում ջունգլիներում, փորձում ազատվել իրենց համար անհասկանալի լեզվով խոսող մարդկանցից եւ ի վերջո` ուղիղ կեսգիշերին, բաց չեն թողնում Ձմեռ պապի հետ հանդիպումը: Եվ ինչպես բոլոր հեքիաթներում, Ձմեռ պապը կատարում է բոլորի երազանքներն ու հանձնում բաղձալի նվերները:

«Ձյունանուշ» ֆիլմի պրեմիերային


Ֆիլմի բեմադրիչ ռեժիսորը եւ սցենարի համահեղինակը Արմեն Սիմոնյանն է, ով նշել է՝ շատ է կարեւորում երեխաների համար նախատեսված ֆիլմերի ստեղծումը. «Ուրախ եմ, որ կարողացանք այս նախագիծը կյանքի կոչել: Երեխաների հետ աշխատելը բարդ է, բայց ոչ անհնարին»,-ասել է նա եւ ավելացրել, որ սցենարի համահեղինակներն են Անահիտ Արփենը եւ Ռազմիկ Մինասյանը:

Նկարահանումները տեւել են մեկ ամբողջ տարի, քանի որ տոնական լույսերով զարդարված քաղաքում նկարահանումներ անելուց բացի, որոշ տեսարաններ էլ նկարահանվել են ամռան ընթացքում:

Ձյունանուշին մարմնավորող դերասանուհի Շուշաննա Թովմասյանի համար առաջին ցուցադրությունը ստացված էր.«Ինձ համար էլ էր պրեմիերա, քանի որ նախապես միայն որոշ տեսարաններ էի դիտել: Դժվարություններ, որպես այդպիսին, չեմ ունեցել, ամենառիսկայինն այն էր, որ գուցե երեխաները երկարաձգեին ամբողջ ընթացքը, բայց փառք Աստծո, մեր երեխաները շատ տաղանդավոր գտնվեցին, եւ նրանց հետ աշխատելը հեշտացրեց ընթացքը: Գլխավոր հերոսները նրանք էին, եւ եթե ինչ-որ բան լավ չստացվեր նրանց մոտ, պետք է այնքան փորձեինք՝ մինչեւ լավագույն արդյունքին հասնեինք»:

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը

Արտաշես Մխիթարյանի ընտանիքը


Ի դեպ, ֆիլմում ձյունանուշի կերպարը շատ մեծ առաքելություն ունի. նա ոչ թե օգնում էր Ձմեռ պապին երեխաներին նվերներ բաժանելու գործում, այլ իրականացնում է ամենավառ երազանքները: Ըստ Շուշաննայի` իրենք ներկայացրել են ժամանակակից Ձյունանուշի, ով շատ պատրաստակամ է, կրեատիվ, երեխաներին ուղղորդող:

Ֆիլմում գլխավոր հերոսուհու մայրիկին մարմնավորող Լուիզա Ներսիսյանը կարեւորում է նման ֆիլմ ստեղծելու գաղափարը.«Պետք է ողջունել յուրաքանչյուր քայլ, ինչն արվում է ի նպաստ երեխաների: Այժմ ավելի քիչ են անդրադարձ կատարում մանուկներին: Գուցե լինեն թերություններ, բայց պետք է ավելի ոգեւորիչ արձագանք լինի, որովհետեւ յուրաքանչյուր աշխատանքի մեջ էլ կարելի է գտնել թերություններ եւ բացասական բաներ: Բայց լավ կլինի ամեն ինչի մասին խոսել դրական, պոզիտիվ նոտայով, վերջապես մեր հայ իրականության մեջ ստեղծվեց մանկական ֆիլմ՝ համեմված հրաշքով եւ նվիրված Ամանորին»:

Ռաֆայել Երանոսյանը եւ Արմեն Վարդանյանը


Ֆիլմի դերասանական կազմում են նաեւ Լեւոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Հովակ Գալոյանը, Վասիլ Սարգսյանը, Տարոն Իսպիրյանը, իսկ փոքրիկներից`Էլեն կարապետյանը, Ալեքսանդր Մանուկյանը եւ Անահիտ Այվազյանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport