Արամ MP3-ը մայիսի 6-ին “Եվրատեսիլ 2014”-ի առաջին կիաեզրափակչում առաջին համարի ներքո ելույթ ունեցող մասնակիցն է: Նա “Վիտամին” ակումբի տղաների հետ մեկ ամիս տեւած պրոմոարշավից վերադարձել է դրական տպավորություններով եւ այսօր “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կայացած ասուլիսին հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ պատմել իր տպավորությունների եւ “եվրատեսիլյան” բեմում սպասվող ելույթի մասին:
Արամ MP3-ն
Մեր մասնակիցը նշել է, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ Վիեննայում, Փարիզում, Մարսելում, Վարշավայում, Ստրասբուրգում, Համբուրգում, Լոնդոնում, Ամստերդամում, Բրյուսելում իր ելույթները դրական արձագանքի են արժանացել եւ այժմ ավելի քիչ է անհանգստանում.“Դրական լիցքերով եմ վերադարձել, տրամադրությունս բարձր է, տրամադրվածությունս` մարտական: Կարծում եմ` պրոմոտուրերի հաջողված արդյունքը քվեարկության ժամանակ կերեւա: Դեռ պարզ չէ, թե մրցույթն ինչ ընթացք կստանա ինձ համար, բայց այն, որ շարունակելու եմ երգել, միանշանակ է”:
Ինչպես հայտնել է Գոհար Գասպարյանը, վաղը կմեկնեն “Եվրատեսիլ 2014”-ը հյուրընկալող Կոպենհագեն, ապրիլի 28-ին էլ տեղի կունենա Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը.“Այս տարի ամենամեծ պատվիրակություններից մեկն ենք լինելու` 30 հոգի. սկզբում կմեկնենք մոտ տասը հոգով, հետո մեզ կմիանան մեր ստեղծագործական եւ տեխնիկական թիմի մյուս անդամները: Առաջինը մենք ենք մեկնելու, ամեն հարցում առաջինն ենք, հուսանք` լավ հորիզոնականով կվերադառնանք: Երգն ունի բոլոր շանսերը` հայտնվելու լավագույն հնգյակում”:
Արամ MP3-ն եւ Գոհար Գասպարյանը
Խոսելով սպասվող շոուից` նա հայտնել է, որ Արամ MP3-ն բեմում կլինի միայնակ. “Բազմաթիվ տարբերակներ ենք քննարկել եւ որոշել, որ այդպես ավելի հնչեղ կլինի: Հուսով ենք` բոլորիս աջակցությամբ իրեն միայնակ չի զգա”: Երգիչ-հումորիստն էլ հավելել է, որ բեք-վոկալիստներ իր հետ չեն լինի, քանի որ անհրաժեշտություն չկա, իսկ իր բեմական հագուստի ոճով զբաղվում է դիզայներ Արամ Նիկոլյանը.“Այն որոշակիորեն նման կլինի տեսահոլովակի հագուստին: Այս երգն այնքան արագ եմ գրել եւ արհեստական ոչինչ չեմ արել, որ սիրվի: Չեմ բացառում, որ նպաստել է նաեւ գործիքավորումը: Մի քանի օրից հասանելի կլինի պաշտոնական ռեմիքսը”:
Նրանք այսօր հայտնել են համացանցային մի մրցույթի մասին, որին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համբուրվող զույգի լուսանկար.“Պարտադիր չէ կրկնել “Not Alone” տեսահոլովակի դրվագը. պաչիկը կարող է լինել ավտոբուսում, մետրոյում, հեծանվի վրա: Որքան ինքնատիպ եւ անկեղծ, այնքան հաղթելու շանսը մեծ կլինի: Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ իմ “ֆեյսբուքյան” էջում, վերջնաժամկետը մայիսի 5-ն է, իսկ հաղթողին սպասվում է անակնկալ”:
Արամ MP3-ն
Երգիչ-հումորիստն ասուլիսի ավարտին հույս է հայտնել, որ կստանա Եվրոպայում բնակվող հայերի աջակցությունը.“Փողոցում մի տատիկ մոտեցավ ինձ` ասելով, որ իմ օգտին է քվեարկելու, ես էլ նշեցի, որ Հայաստանից չի կարող ինձ ձայն տալ, տատիկն էլ պատասխանեց.“Բայց ես Եվրոպայի ռոումինգով համար ունեմ”:)”:
Հավելենք, որ այս տարի “Եվրատեսիլ” երգի համաեվրոպական մրցույթը, որին մասնակցում է 37 երկրի ներկայացուցիչ, կանցկացվի Կոպենհագենի “B&W Hallerne” համերգասրահում: Մայիսի 6-ին կայանալիք առաջին կիսաեզրափակչից հետո երկրորդը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: