Ֆրանսիացի դրամատուրգ Ժան Անույի ստեղծագործության հիման վրա ներկայացում են խաղում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի` բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի ղեկավարած ավարտական կուրսի ուսանողներ Լիլիթը, Տաթեւիկը, Աննան, Մարիամը, Նունեն, Ալինան, Դավիթը, Մինասը, Սերգեյը եւ մյուսները:
Թատերականի ուսանողները` "Նվագախմբում"
“Նվագախումբը” տրագիկոմեդիայի բեմադրիչն ու երաժշտական ձեւավորողն այս կուրսի դասախոսներից Սամսոն Ստեփանյանն է: Զգեստների, երաժշտական գործիքների եւ բեմի դեկորացիաների նկարիչ-ձեւավորողը Լուսինե Տարախչյանն է:
Ներկայացումը հանդիսատեսին մի քանի անգամ արդեն ներկայացվել է, ուսանողներն էլ հույս ունեն, որ ավարտելուց հետո կրկին կխաղան.“Չկան գլխավոր դերակատարներ, բոլորիս կերպարներն այս կամ այն չափով ընդգծված ու ցայտուն են: Օրինակ` իմ կերպարը նվագախմբի երաժիշտների հետ համերաշխ չէ, բացասական երանգ ունի, բայց նաեւ հուզվում է իր գործընկերուհու համար”,-նշել է Լիլիթ Հարությունյանը:
Թատերականի ուսանողները` "Նվագախմբում"
“Նվագախմբի” անդամներից յուրաքանչյուրը տառապում է սիրո պակասից ու սիրո պատճառով.“Նրանք փնտրում են երջանկություն, բայց չեն գտնում, ամեն մեկը յուրովի է պատկերացնում իր իդեալին”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Լիլիթ Հարությունյանը, իսկ Մարիամ Ադամյանն էլ փաստել, որ բոլորը սեր են փնտրում.“Որքան էլ ծիծաղում ու նվագում են, ունեն ներքին տրագեդիա, կյանքի դժվարությունների դեմ են պայքարում: Նվագախմբի անդամները գիտեն, որ նույն ցավն ունեն”: Տաթեւիկ Ադումյանն էլ ավելացրել է.“Նրանք նվագում են ռեստորանում, գոհ չեն իրենց կյանքից, բայց լավ գիտեն` միակ տեղն է, որ իրար պետք են, որովհետեւ առանց մի գործիքի գործը գլուխ չի գա”:
Թատերականի ուսանողները` "Նվագախմբում"
Ուսանող-դերասաններից մի քանիսին հանդիսատեսը ճանաչում է սերիալներից, բայց ինչպես նրանք են նշում, թատրոնն այն հարազատ վայրն է, որտեղ հաճույք են ստանում.“Մեզ համար բեմում խաղալն աննկարագրելի զգացողություն է. մինչեւ բեմ մտնելը տագնապ ես ապրում, վերջում խոնարհվում ու ծափերի արժանանում, որը ո՛չ սերիալը, ո՛չ կինոն չեն կարող տալ: Չնայած ներկայացումից առաջ փորձ չէինք արել, բայց հուզմունքն ու տեքստը մոռանալու վախը հաղթահարեցինք: Միշտ ավելի լավ խաղալու ձգտումը կա, եթե գոհ լինենք մեր արածից, արդեն կձախողենք”,-ասել է Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ նկարահանվում է “Հարազատ թշնամի” սերիալում:
Ուսանողները մարմնավորում են երաժիշտների, բայց իրականում չտիրապետելով գործիքներին, ստեղծել են պատրանք: Կերպարներից յուրաքանչյուրը նվագում է իր բնավորությանն ու խառնվածքին բնորոշ երաժշտական գործիք.“Ես երկրորդ ջութակն եմ, որովհետեւ իմ կերպարը կյանքում միշտ առաջինը չի լինում. չկա մի տղամարդ, որի համար կլինի միակը”,-նշել է Տաթեւիկը:
Թատերականի ուսանողները` "Նվագախմբում"
Երիտասարդները ներկայացումը բեմադրելու համար հոգացել են ֆինանսական ծախսերը.“Անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտները մեր միջոցներով ենք գնել: Դեկորացիաները նկարչի աշխատանքի շնորհիվ շքեղ են երեւում, բայց առանձնապես մեծ գումար չենք ծախսել: Կարեւորը միմյանց զգում ենք եւ աստիճանաբար ավելի սահուն ու հանգիստ ենք խաղում: Հույս ունենանք, որ այս բեմադրությամբ նորից կներկայանանք”,-հայտնել է Մարիամը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: