Երեք տարեկան հասակից երգող Ռազմիկ Բաղդասարյանը մասնագիտական կրթություն ստանալուց հետո միայն վերջերս ներկայացրել է իր առաջին տեսահոլովակը` նկարահանված “Սուրբ մայրեր” երգի հիման վրա, որի ռեժիսորը Սերժ Գաբյանն է: Երգիչը ծնվել է 1991 թվականին` Հրազդանում: Ութ տարեկանում Թովմաս Պողոսյանի հրավերով ընդունվել է Երեւանի Ջիվանու անվան աշուղական դպրոց` վարպետ Ռոմանոս Աղաջանյանի դասարանը:
Ռազմիկ Բաղդասարյանը
Ժողովրդական երգիչը տասը տարեկանում ունեցել է իր առաջին մենահամերգը “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում, որին ներկա են եղել Օֆելյա Համբարձումյանը, Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը եւ ուրիշներ. “Այդ ժամանակ նրանք իրենց կարծիքն են հայտնել իմ մասին, ինչը բարձրարժեք է ինձ համար”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Ռազմիկը:
Ռազմիկ Բաղդասարյանը եւ Սիլվա Կապուտիկյանը
Երգչի խոսքով` իր համար կարեւոր էր, թե ինչ երգով մուտք կգործի շոու-բիզնես, ուստի ընտրել է Աշուղ Աշոտի “Սուրբ մայրեր”-ը.“Երգը կատարել եմ ժամանակակից գործիքավորմամբ` նպատակ ունենալով այն հասու դարձնել ավելի լայն շրջանակներին: Հաջորդ տեսահոլովակը կլինի ժողովրդական, մի քիչ ռիթմիկ երգի հիման վրա: Երիտասարդներին այսօր ավելի շատ հետաքրքրում են պարային երգերը, իսկ լուրջ արվեստը, ցավոք, շատ հանդիսատես չի ունենում”:
Նա սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայի խմբավարության եւ կոմպոզիցիայի բաժիններում.“Ուսանողական տարիներին գրել եմ մի շարք ստեղծագործություններ` խմբերգեր, գործեր կամերային նվագախմբերի համար, դաշնամուրային պոեմ: Այդ ընթացքում մոտ երկու տարի վոկալի դասեր եմ առել աշխարհահռչակ բաս-բարիտոն Բարսեղ Թումանյանից”:
Թովմաս Պողոսյանը եւ Ռազմիկ Բաղդասարյանը
2012 թվականին “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի է ունեցել Ռազմիկ Բաղդասարյանի երկրորդ մենահամերգը, որի շրջանակում նա ունկնդրին ներկայացրել է աշուղական երգեր: Շարունակելով ուսումը` Ռազմիկն այժմ սովորում է կոնսերվատորիայի մագիստրատուրայի կոմպոզիցիայի բաժնում.“Երբեմն մասնակցում եմ հեռուստածրագրերի, օրինակ` “Երգ երգոց”-ին, սփյուռքից էլ արդեն արձագանքներ կան, սպասում եմ գործնական առաջարկների”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Ռազմիկ Բաղդասարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: