×


Ի՞նչ է կատարվել “Հայաստանի ձայնը 2” նախագծի եզրափակչի ետնաբեմում :)

“Հայաստանի ձայնը” միջազգային նախագծի հայկական երկրորդ եթերաշրջանն արդեն պատմություն է: Դեկտեմբերի 28-ի երեկոյան “Արմենիա” հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարվեց հաղթողի` Աննա Խանչալյանի անունը:

"Հայաստանի ձայնը 2" նախագծի գալա համերգին


BRAVO.am-ը եզրափակիչ փուլին հետեւել է տաղավարից, լուսանկարել այն, ինչ մնացել է տեսախցիկներից դուրս:): Ուղիղ եթերից ժամեր առաջ մասնակիցները հանդերձասենյակներում վարսահարդարների, դիմահարդարների ու ոճաբանների օգնությամբ պատրաստվում էին իրենց ելույթին, հանդիսականներն էլ դահլիճում զբաղեցնում էին նստատեղերը: Ժյուրիի անդամներից Միքայել Պողոսյանն ու Հայկոն տաքանալու համար կադրից դուրս կոնյակ էին խմում, Նազենի Հովհաննիսյանն էլ կատակներ էր անում, խոսքն ուղղելով հանդիսատեսին, որ միասին պետք է կոտրել ցուրտը.“Էրեխեք ջան, հո չե՞ք շոգում:)”:

Աննա Խանչալյանը 4 մասնակիցներից առաջինն էր, որ պատրաստակամություն հայտնեց զրուցել  BRAVO.am-ի հետ: Նա բեմական զգեստը դեռ չէր հագել, փոքր-ինչ հուզված էր եւ փորձում էր իր մտքերը հայերենով արտահայտել.“Ուզում եմ, որ ինչպես աջակցել են, այնպես էլ եզրափակչում քվեարկեն: Եթե հաղթեմ, երազանքիս մի փոքր էլ կմոտենամ. չեմ կարող խաբել, հաղթանակն ինձ համար մեծ նշանակություն ունի”:

Հովհաննես Ազոյանը, Ռոբերտո Կել Տորեսը եւ Նազենի Հովհաննիսյանը


Նա խոստովանել է, որ իր ելույթները երբեւէ լիովին չի հավանում.“Փշաքաղվում եմ, որ լսում եմ` անծանոթ մարդիկ ինձ են հաղթող տեսնում, այնքան հաճելի է սոցիալական ցանցերում դրական բազմաթիվ հաղորդագրություններ կարդալ: Իսկ երբ տրանսպորտ եմ նստում, ուշադիր նայում են, բայց սառը չեն, ուղղակի ամաչում են արտահայտվել: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք կողքիս են, հատկապես վիրահայերը շատ են քաջալերում”,-ասաց Թբիլիսիում ծնված ու մեծացած Աննան, որին աջակցելու էին եկել ծնողներն ու եղբայրը:

“Հայաստանի ձայնը” երկրորդ եթերաշրջանի հաղթողը ցանկանում է ընդունվել Երեւանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժին.“Երգը միշտ կշարունակեմ, առանց երգելու կյանք չկա: Չեք պատկերացնի, ինչքան եմ տխրում, որ նախագիծը վերջացավ, աշխատակիցներն էլ չեն գրի` “Սիրելի մասնակիցներ, վաղը փորձ է լինելու”: Անահիտ Շահբազյանի հետ էինք գալիս հեռուստաընկերություն, միշտ իրար զանգում էինք, բայց վերջին շաբաթը ստիպված էի մենակ գալ”:

Հայկոն, Միքայել Պողոսյանը եւ Քրիստինե Պեպելյանը


Միքայել Պողոսյանի թիմի ֆինալիստ Արեւիկ Գրիգորյանն էլ մտածում էր իր ելույթի մասին.“Մինչեւ եզրափակիչ հասնելն իմ նպատակը հեռուստատեսությամբ երեւալն էր, որովհետեւ երկար տարիներ երգում եմ, բայց որպես երգչուհի շատերն իմ անունը չգիտեին: Արդեն տեսնում եմ մարդկանց դրական արձագանքը, բայց պետք է ասեմ, որ փողոցում ինձ հաճախ չեն ճանաչում, որովհետեւ բեմական կերպարներիցս առօրյայում շատ եմ տարբերվում, մեկ-մեկ ես էլ ինձ չեմ ճանաչում:)”:

Արեւոն մեզ հետ զրույցում նաեւ խոսել է իր եւ մարզչի` Միքայել Պողոսյանի հարաբերությունների մասին եւ հերքել այն լուրերը, որ բարեկամական կապ ունեն.“Ես Միքայել Պողոսյանի հետ ծանոթացել եմ այս նախագծում, երբ իմ ելույթի ժամանակ պտտվեց, առանց ճանաչելու որոշեցի գնալ նրա թիմ ու չեմ փոշմանել որոշմանս համար: Շատ բաներ կարող են խոսել, բայց մենք ազգականներ չենք”:

Իվետա Մուկուչյանը եւ Վիգեն Ահարոնյանը


Հայկոյի թիմից եզրափակիչ դուրս եկած Վիգեն Ահարոնյանն էլ ուղիղ եթերից առաջ նշեց, որ եզրափակիչ փուլ հասած չորս մասնակիցն էլ հաղթող են.“Մտածում եմ պատշաճ ելույթ ունենալու մասին, ինձ համար արդեն հաղթանակ է, որ մարզիչների կողմից բացասական կարծիքներ մինչեւ այսօր չեմ լսել: Սիրում եմ պայքարել, սա էլ ինձ համար գեղեցիկ հնարավորություն էր: Ավելի քան վստահ էի, որ ինչ-որ հաջողության կհասնեի, բայց լիովին համոզված չէի, որ եզրափակչում կլինեմ: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ինձ խանգարում են, նրանք չեն պատկերացնում` ինչքան են ինձ օգնում, եթե գիտակցեին, որ այդպես օգնում են, կսկսեին խանգարելու փոխարեն սիրել: ”

Նա նշեց, որ հասցրել է շատերի հետ ընկերանալ, բայց ամենից շատ մտերմացել է Նարե Գրիգորյանի հետ.“Նրա նման դաստիարակված, կիրթ ու լավ ընկեր ունենալը մեր ասպարեզում շատ դժվար է: Նախագծից հետո շարունակելու եմ շփվել ընկերներիս հետ, բայց ամենակարեւորը կմեկնեմ հանգստանալու եւ նոր լիցքերով կվերադառնամ` շարունակելու իմ երաժշտական գործունեությունը”:

Լիլիթ Հարությունյանը եւ Արեւիկ Գրիգորյանը


Քրիստինա Մանգասարյանը թեեւ տխրել էր, որ Շուշան Պետրոսյանն ավտովթարի հետեւանքով տուժել է եւ եզրափակչին ներկա չէ, բայց ինչպես նշեց, կփորձի այնպես երգել, որ իր մարզիչն առցանց դիտելիս իրեն լավ զգա.“Վթարի օրը շատ հուզված էի, բայց հիմա պետք է ամեն ինչ անեմ, որ ելույթովս իրեն չհիասթափեցնեմ: Իսկ նախագծի ավարտից հետո լավ կհանգստանամ, Ամանորին էլ չեմ երգելու,վերջապես մայրիկիս հետ տանը կլինեմ, կուտեմ ու կքնեմ:)”,-կեսկատակ-կեսլուրջ ասաց նա:

Քրիստինան BRAVO.am-ին նաեւ հայտնեց, որ ֆրանսահայերից երաժշտական մի նախագծի մասնակցության առաջարկ է ստացել.“Քանի որ “Հայաստանի ձայնը” նախագծի հետ պայմանագիր ունեմ, եթե թույլատրեն, միգուցե մասնակցեմ: Նաեւ ծնողներիս ընկերները, որոնք տեղյակ չէին իմ երգելու մասին, հիմա աջակցում են ինձ իրենց խորհուրդներով”:

Հայկոն


Ուղիղ եթերի ավարտից հետո մարզիչ Քրիստինե Պեպելյանն ընդունում էր ներկաների շնորհավորանքները, նա BRAVO.am-ին ասաց, որ Աննա Խանչալյանի ելույթից գոհ է, բայց եղել են որոշակի տեխնիկական թերություններ, որոնք բեմում իր մասնակիցը հաղթահարել է: Երգչուհին նշեց, որ Աննային աջակցելու է շոու-բիզնեսի ասպարեզում եւ շարունակելու են միասին աշխատել.“Կույր լսումներից ինձ համար արդեն պարզ էր, որ մարդիկ նրան սիրելու են, որովհետեւ այն մասնակիցներից է, որ հնարավոր չէ չսիրել: Աննայի էներգետիկան, էմոցիաներն ու անմիջականությունը նրան ավելի յուրահատուկ են դարձնում, բայց պետք է ասեմ, որ մեր բոլոր մասնակիցները հասցրել են սիրվել հանդիսատեսի կողմից: Եթե Աննան մնար Հայկոյի թիմում եւ հաղթեր, կրկին ուրախ կլինեի: Այնպես կանեմ, որ տարբեր իրավիճակներում իրեն լավ զգա, իր ստացած առաջարկները միասին կքննարկենք, որ լինի ճիշտ միջավայրում եւ աշխատի ճիշտ մարդկանց հետ”: 

Աննա Խանչալյանն էլ հաղթանակից անմիջապես հետո մեզ հետ կիսվեց իր ապրումներով.“Հիմա շոկի մեջ եմ, այնքան շնորհակալ եմ, որ ինձ հավատացին ու քվեարկեցին: Վերջին ելույթիս ժամանակ քամու էֆեկտը խանգարում էր, նյարդայնանում էի, բայց հուզմունքս հաղթահարեցի”,-ասաց նա` հավելելով, որ շատ է ցանկանում Հայաստան տեղափոխվել` մշտական բնակության:

Ռոբերտո Կել Տորեսը


“Հայաստանի ձայն”-ի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը, որը զուգերգ կատարեց Աննա Խանչալյանի հետ, խորհրդանշական է համարում իրենց ելույթը. “Առանց իմանալու արդյունքների մասին, միասին երգեցինք, ուրախ եմ, որ Աննան հաղթեց: Հաղթանակից հետո թող չկանգնի նույն տեղում, պայքարի, չլռի եւ իմ փորձից եմ ասում` համեստ չլինի: Ինչ-որ ես չեմ արել, նրան եմ խորհուրդ տալիս, հատկապես հաղթանակից հետո պետք է կարողանա համբերատար պայքարել”:

Լիլիթ Հարությունյանը, Արեւո Գրիգորյանը եւ Արծվիկ Հարությունյանը


Նշենք, որ եզրափակիչ համերգին մասնակիցերի հետ երգել են ռուսական “The Voice” նախագծի հայ մասնակիցներ Լիլիթ Հարությունյանն ու Արծվիկ Հարությունյանը, գերմանական “The Voice”-ին մասնակցած Իվետա Մուկուչյանը, իսկ օրվա հատուկ հյուրն էր “Նոր ալիք” մրցույթի 2013 թվականի հաղթող կուբացի Ռոբերտո Կել Տորեսը: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW