×


Հայկ Պետրոսյանն ու Անի Մկոյանը` "Անկոչ հյուրը" ներկայացման պրեմիերային

Ի՞նչ է պատահում, երբ ամուսինը դավաճանում է կնոջը :)

Ամուսինները միմյանց հանդիպում են անսովոր պայմաններում, երբ տղամարդը պատշգամբով փախչում է իր սիրուհու` ժամանակից շուտ վերադարձած ամուսնուց: Հայտնվելով հարեւանի բնակարանում` սկսում է սիրահետել կոսմետիկ դիմակով “տանտիրուհուն”` չիմանալով, որ վերջինս իր կինն է, որը հայտնվել է այդտեղ` ընկերուհու բացակայության ժամանակ տանը հետեւելու համար: Իրավիճակը կտրուկ սրվում է, հաճոյախոսություններն էլ վերափոխվում են փոխադարձ մեղադրանքների, երբ կինը մաքրում է դիմակը եւ հագնում կարմիր գայթակղիչ զգեստ:

Երեւանի երաժշտական կամերային թատրոնում երկարատեւ դադարից հետո երեկ` ապրիլի 3-ին, հանդիսատեսը դիտել է երիտասարդ դերասաններ Հայկ Պետրոսյանի ու Անի Մկոյանի մասնակցությամբ “Անկոչ հյուրը” ներկայացումը: Կատակերգական մելոդրամայի ռեժիսորն Արման Նավասարդյանն է, նկարիչը` Մերի Արեյանը, էպիզոդիկ դերով հանդես է գալիս նաեւ Արտակ Հովասափյանը:

“Անկոչ հյուրը” պիեսի հեղինակը դրամատուրգ Սվետլանա Բարտոխովան է, Հայկն, այն կարդալով, շատ է հավանել եւ երկու տարի առաջ ռեժիսորին առաջարկել է միասին թարգմանել ու բեմադրել.“Զգում էի, որ որոշակի կշիռ ունեցող դեր խաղալու կարիք ունեմ եւ առաջարկեցի միասին բեմադրել: Չնայած ի սկզբանե գիտեի, որ այս ներկայացման համար երիտասարդ եմ, բայց շատ էի ուզում խաղալ: Երկու տարի առաջ չէի պատկերացնում` ինչ է ամուսնական կյանքը, այսօր ավելի հասուն եմ խաղում եւ շատ ուրախ եմ, որ իմ եւ հերոսիս ամուսնական առօրյան տարբեր է”:

Անի Մկոյանը եւ Հայկ Պետրոսյանը` "Անկոչ հյուրը" ներկայացման պրեմիերային


Դերասանի խոսքով` շատերի համար գուցե սյուժեն իրատեսական չէ, բայց իրեն այդպիսի պատմություն պատմել են.“Տղամարդը, սրճարանում չճանաչելով իր իսկ կնոջը, փորձել է մոտենալ ու ծանոթանալ: Եթե ներկայացումը դիտելուց հետո ամուսիններն իրենց համար հետեւություններ անեն, կհամարեմ` մեր թիմը հասել է իր նպատակին”:

Անի Մկոյանը, որը ուսանողական տարիներից աշխատում է այս թատրոնում, BRAVO.am-ին ասել է, որ սա իր առաջին գլխավոր դերն է.“Թեեւ Հայկն ու ես, ի տարբերություն պիեսի հերոսների, ավելի երիտասարդ ենք, բայց փորձել ենք համարձակ խաղալ: Տղամարդ-կին հարաբերությունները թատրոնի բեմից շատ են արծարծվել, բայց այստեղ կատակերգությունն անսպասելի ընթացք է ստանում, երբ բացահայտվում է ամուսնու դավաճանությունը: Միգուցե շատերի համար իրենց կյանքը վերանայելու առիթ դառնա”:

Անի Մկոյանը` "Անկոչ հյուրը" ներկայացման պրեմիերային


Ռեժիսոր Արման Նավասարդյանն էլ մեզ հետ զրույցում նշել է, որ նախքան ամուսնանալը Հայկն այս կերպարում իրեն այլ կերպ էր դրսեւորում.“Նա ապրված չէր խաղում, իսկ հիմա ուրիշ հոգեվիճակում եւ ուրիշ վարպետությամբ է խաղում: Առհասարակ, հեշտ չէ երկու հոգով պահել ներկայացման ռիթմն ու չձանձրացնել հանդիսատեսին, բայց թույլ տվեք ասել` ոչ այնքան փորձառու դերասանները կարողացան հուզել: Ծափահարություններից ու փառքից առավել դերասանի համար մեկ կարեւոր բան կա. երբ մինչ հանգուցալուծումը դադար ես տալիս ու լսում հանդիսատեսի շնչառությունը, որը քեզ հետ լարված սպասում է հաջորդ պահին”:

Հայկ Պետրոսյանն ու Անի Մկոյանը` "Անկոչ հյուրը" ներկայացման պրեմիերային


Մեկ գործողությամբ ներկայացումը թեեւ կատակերգական է, բայց շոշափում է կնոջ եւ տղամարդու փոխհարաբերություններն ու խնդիրները. թե ինչու են անհետանում զգացմունքները եւ ինչպես է կենցաղը սպանում ռոմանտիկ հարաբերությունները:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW