Այսօր երեկոյան «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» հեռուստասերիալը կհատի եզրագիծը: BRAVO.am-ը բացառիկ կարգով հնարավորություն է ունեցել հետեւել վերջին սերիայի նկարահանմանը եւ զրուցել դերասանների հետ:
Աննա Հարությունյանը, Ելենա Բորիսենկոն եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը
Նկարահանման հրապարակում էին բոլոր դերակատարները` բացառությամբ բացասական հերոսների: Իրադարձությունները կատարվում էին եկեղեցու բակում, որտեղ նկարահանվում էր Աշոտ Տեր-Մաթեւոսյանի եւ Աննա Հարությունյանի մարմնավորած կերպարների հարսանեկան արարողությունը:
Նկարահանման հրապարակում էր նաեւ Ելենա Բորիսենկոն, ներկաները, սակայն, ըստ սցենարի, նրան պարզապես չէին նկատում: BRAVO.am-ի հետ զրույցում իր կերպարի մասին խոսելիս դերասանուհին նույնիսկ հուզվեց.«Երբ Մարիան մահացավ, հոգին շարունակեց ներկա լինել` կարողանալով սիրել, գրկել, օգնել աղջիկներին` թեկուզ ուրիշի մարմնում: Չարը պատժվեց, եւ կերպարիս հոգին այժմ պետք է հեռանա, քանի որ առաքելությունը կատարել է` երեխաներն ապահով են: Հրաժեշտի պահը շատ հուզիչ էր»:
Աննա Հարությունյանը եւ Ելենա Բորիսենկոն
Աստղիկի դերակատար Աննա Հարությունյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր նոր աշխատանք սկսում է մեծ կասկածով ու ավարտում մեծ ափսոսանքով.«Այս մեկն էլ բացառություն չէր. ես իրոք սիրեցի կերպարս, կարծում եմ` նա էլ` ինձ: Հիմա նրանից մեծ ափսոսանքով եմ բաժանվում: Ափսոսանքով, որ կարող էի ավելին անել այս կերպարում, քան արեցի, ավելին լինել, քան եղա, ավելին ներկայացնել, քան կարողացա: Շատ շնորհակալ եմ հեռուստադիտողին իր թանկագին ժամանակից ամեն երեկո մի փոքր մաս մեզ նվիրելու համար, ինչպես նաեւ ներողություն եմ խնդրում այն բացերի համար, որոնք թույլ եմ տվել»:
Դերասանուհին ասաց նաեւ, որ յուրաքանչյուր երկարատեւ աշխատանք իր հետ բերում է նոր ընկերներ.«Նրանք գործընկերներից դառնում են ընկերներ ու իրենց հաստատուն տեղը գտնում իմ կյանքում: Թերեւս ամենահետաքրքիր պահը հենց դա է: Շնորհակալ եմ «Շանթ»-ին ինձ ընձեռված նման հնարավորություն համար»:
Նկարահանման հրապարակում զրուցել ենք նաեւ Արինայի դերակատար Աննա Դովլաթյանի հետ.«Ես եկա այս սերիալ փոխարինելու մեկ այլ դերասանուհու, ինչն ավելի դժվար էր, քանի որ կերպարն արդեն սիրված էր, եւ սկսեցին համեմատել մեր խաղը, բայց շատ լավ ընդունեցին: Վերջին նկարահանման օրն է, ու բավական տխրել եմ: Շատ լավ հիշողություններ ունեմ, մի լուսավոր կետ ավելացավ իմ սրտում: Շնորհակալ եմ «Շանթ»-ին նման առաջարկի համար, առաջիկայում էլ կցանկանամ աշխատել նրանց հետ»:
Աննա Դովլաթյանը եւ Սեդա Շահնազարյանը
Աննա Դովլաթյանը խոսել է նաեւ հաջորդ սերիալում չընդգրկվելու պատճառի մասին.«Ինձ առաջարկել էին երգչուհու դեր, սակայն որոշ բաց տեսարանների պատճառով մերժել եմ: Եթե լինեի պրոֆեսիոնալ դերասանուհի, գուցե ընդունեի, բայց մենք ապրում ենք փոքր երկրում, եւ ինչ դերով հանդես ես գալիս, այդպես էլ ընկալում են քեզ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: