Հունվարի 21-ին Ստամբուլի “Tim Show Center” համերգասրահում տեղի է ունեցել երգիչ Անդրեի եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլի համերգը: Այն կայացել է հայկական Վարդանանց եկեղեցու 150-ամյակի, Վարդանանց հոգեւոր երգչախմբի 50-ամյակի եւ հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակի կապակցությամբ:
Սիբիլը եւ Անդրեն
Ստամբուլից Անդրեն վերադարձել է վառ տպավորություններով, որոնց մասին պատմել է BRAVO.am-ին. “Կազմակերպչական հսկայական աշխատանքների արդյունքում տեղի ունեցավ մեծ համերգ: Կազմակերպիչները ոչինչ չէին խնայել. պատկերացնում եք` միայն 10-ն օր փորձեր ենք արել, այն էլ` հսկայական սիմֆոնիկ նվագախմբի հետ”: Երգիչը խոստովանել է, որ շատ բծախնդիր է, սակայն ստամբուլյան համերգն այն եզակիներից մեկն է եղել, որից ոչ մի բողոք չունի:
Անդրեն ու Սիբիլը կատարել են 23 երգ, այդ թվում` 7-ական անհատական եւ 9-ը զուգերգ: “Նոր զուգերգ էլ ենք ներկայացրել. Մաժակ Թոշիկյանի` Շիրազի բառերի հիման վրա գրված “Մեր հայրենիք”-ը մոտ ապագայում պատրաստվում ենք նաեւ ձայնագրել”,- նշել է Անդրեն:
Անդրեն
Իր հույզերով մեզ հետ զրույցում կիսվել է նաեւ Սիբիլը` նշելով, որ Անդրեի հետ մեկ բեմում երգելը մեծ երջանկություն է պարգեւել իրեն. “CD-էս ետք, որպէսզի առաջին մենահամերգս մեծ արձագանք ձգէ, առաջարկեցի կազմակերպիչներուն, որ համերգիս մաս կազմէ Անտրէն: Ան իմ ամենասիրած երգիչներէս մէկն է: Իր հետ համերգ ունենալը մեծ հպարտութիւն է ինծի համար”:
Սիբիլը
Անդրեն նշել է, որ համերգից հետո ինքն ու Սիբիլը մի շարք առաջարկներ են ստացել. “Հրավերներ ենք ստացել Նյու Յորքից, Փարիզից եւ այլ մի քանի վայրերից, սակայն պաշտոնապես դրանք դեռեւս հաստատված չեն”:
Այս երգիչները պլանավորում են համերգներով հանդես գալ նաեւ Հայաստանում եւ Արցախում: “Շատ կը փափաքիմ ելոյթ ունենալ հայրենիքի մէջ: Վստահ եմ, Անտրէին հետ տեղի ունենալիք մեր համերգը ամենասպասուած համերգներու շարքին կ՛ըլլայ”-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:
Սիբիլը եւ Անդրեն
Անդրեն պատմել է, որ Ստամբուլ այցելությունն անակնկալներով լի է եղել իր համար: Դրանցից մեկը երգչին մատուցել են ստամբուլաբնակ հայ դպրոցականները` կատարելով “Դու շորորա” հայկական ժողովրդական երգը. “Երգից հետո ես անգամ կատակով ասացի` “Դուք անցնում եք հաջորդ փուլ:)”:
Իսկ ամենամեծ անակնկալը, որը մատուցվել է նրան, Արեւմտյան Հայաստան այցելության հրավերն է եղել.“Անակնկալն ինձ ու Սիբիլին մատուցեց Վարդանանց եկեղեցու սուրբ հայր Թաթուլը: Այցելեցինք Վան, Տիգրանակերտ, եղանք Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ էլ երգեցինք “Տէր ողորմեա”-ն եւ “Հայր մեր”-ը: Առաջին անգամ էի այնտեղ. զգացումներս անբացատրելի են”:
Անդրեն այցելել է Արեւմտյան Հայաստան
Ստամբուլում Անդրեն տպավորվել է նաեւ տեղի բնակիչներից մեկի հետ զրույցից. “Ինձ հարցրեց, թե ինչու է Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում, ես էլ պատասխանեցի` եթե մենք էլ ունենայիք ելք դեպի ծով, դժվար թե մեր տնտեսությունը վատ վիճակում լիներ: Իսկ նա էլ, նայելով աչքերիս մեջ, ասաց. “Դե առաջ կեսը ձերն էր”, իսկ ես այլեւս ոչինչ չասացի, քանի որ նա ամեն ինչ գիտեր”:
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիբիլի եւ Անդրեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: