«Երանի» սերիալն այս տարեսկզբից դարձել է բազմաթիվ հեռուստադիտողների առօրյայի անբաժանելի մասը: BRAVO.am-ն օրերս հետաքրքիր զրույց է ունեցել գլխավոր հերոսներին մարմնավորող Շուշաննա Թովմասյանի եւ Բեն Ավետիսյանի հետ, իսկ թեման, բնավ, Անիի եւ Արամի հարաբերությունները կամ կերպարային զարգացումը չէր:): Դերասանները նաեւ լուսանկարվել են մեր նոր ֆոտոշարքում:
Շուշաննա Թովմասյանը եւ Բեն Ավետիսյանը
Նույն սերիալում, նույն բակում եւ ինստիտուտում
Շուշաննա. Երբ արդեն ընտրվել էի որպես գլխավոր հերոսուհի, հետաքրքրվեցի, թե ով է լինելու իմ խաղընկերը: Ուղարկեցին Բենի լուսանկարը: Տարօրինակ կհնչի, բայց այն ինձ ոչինչ չասաց: Գուցե հոգնածությունս էր պատճառը, կամ էլ ինքն էր ոճային փոփոխություն արել, չճանաչեցի: Իրականում միմյանց գիտենք 16-17 տարեկանից: Նույն բակի երեխաներ ենք եղել. նա բնակվում է մեր հարեւանությամբ, եւ, կարելի է ասել, միմյանց ընտանիքներին ճանաչում ենք: Երբ սկսեցի նկարահանվել, բակը, խաղերը հետին պլան մղվեցին: Բացի այդ, երկուսս էլ սովորում ենք Թատերական ինստիտուտում եւ պարբերաբար հանդիպում ենք նաեւ բուհում:
Սկսվում են նկարահանումները, զգում եմ` Բենը մի տեսակ անհարմար վիճակում է: Հետո միայն, երբ զրուցեցինք, պարզեցի` մտածել է, թե ճանաչում եմ, պարզապես անիմաստ արհամարհանքով եմ վերաբերվում, այնինչ իսկապես չեմ հիշել:
Շուշաննա Թովմասյանը
Բեն. Հետեւել եմ Շուշաննայի կարիերային, բայց անմիջական շփում չենք ունեցել: Միշտ մտածել եմ` արդյոք մի օր նկարահանման նույն հրապարակում կհայտնվենք: Վստահ էի, որ ճանաչում է ինձ. նույն բակից ենք, ճանաչում եմ իր եղբորը, նույնիսկ իրենց տանն եմ եղել: Ուղղակի չէր հիշում: Ավելի ուշ` զրույցի ժամանակ, ասաց, որ ինձ որպես պարող էր հիշում:
«Տնփեսա» սիթքոմին հետեւելիս միշտ մտածել եմ` ինչ հետաքրքիր է, որ Մկրտիչ Արզումանյանը եւ Շուշաննան նույն բակից են, իսկ նախագծում` հոր եւ աղջկա կերպարներում: Հաճելի եւ փոքր-ինչ զարմանալի զուգադիպություն է:
Եթե Բենը չառաջարկեր միասին տուն գնալ, գուցե Շուշաննան այդպես էլ չհիշեր, որ հարեւաններ են, կամ էլ այլ հանգամանքներում մտաբերեր:),-հեղ.:
Շուշաննա. «Շուշան, կուզե՞ս քեզ տուն տանեմ»` նկարահանումից հետո Բենի այս հարցը շատ զարմացրեց ինձ: Այդ ժամանակ էլ ասաց, որ նույն բակում ենք ապրում: Նույնիսկ երբեմն նրան հարցնում եմ` «Հավատում ես, չէ՞, որ իսկապես չեմ հիշել քեզ»:
Աշխատանքից հետո երբեմն իրար հետ ենք տուն վերադառնում: «Երանին» մեզ ընկերներ դարձրեց: Ուրախ եմ, որ հենց այս պահից ենք իրար ճանաչում: Նրա հետ շատ հեշտ է աշխատել. բարի է, հումորով, աշխատասեր եւ պարտաճանաչ: Նույն կերպ ենք մտածում, ինչը շատ է օգնում: Շատ կարեւոր է, որ խաղընկերդ հասկանա քեզ, օգնի եւ ոչ թե խանգարի:
Շուշաննա Թովմասյանը եւ Բեն Ավետիսյանը
Ճանաչողական փուլ :)
Բեն. Շուշաննան վստահելի խաղընկեր է: Տարբեր տեսարաններում շատ է օգնում: Կյանքում բոլորովին այլ մարդ է` աշխույժ, ինչ-որ չափով շատախոս, բայց հաճելի զրուցակից: Իր մասին պատկերացումներս ամբողջովին փոխվեցին, երբ շփվեցի սերիալից դուրս, քանի որ նախկինում դերերով էի ընկալում: Իրականում շատ ուրախ, կենսախինդ ու դրական մարդ է: Իր հետ կարող ես ժամերով խոսել, հետաքրքիր մտքեր փոխանակել:
Գուցե փոքր-ինչ նեղացկոտ է: Երբեմն չի ասում, երբեմն էլ բարձրաձայնում է, որ այս կամ այն երեւույթը, արտահայտությունն իրեն դուր չեն գալիս: Ես էլ եմ նեղացկոտ: Չեմ նեղացնում եւ չեմ սիրում, որ նեղացնում են:
Բեն Ավետիսյանը եւ Շուշաննա Թովմասյանը
Շուշաննա. Միմյանց հաճախ ենք կերպարների անունով դիմում: Բնական է, քանի որ օրվա մեծ մասը նկարահանման հրապարակում ենք լինում: Երբ սերիալից որեւէ մի բան անկախ քեզնից ասում ես, նշանակում է` դեռ դերի մեջ ես: Իսկ այն, ինչ խաղում ես, պետք է, այնուամենայնիվ, մոտ լինի քեզ:
Խաղընկերները հաճախ են քննարկում սերիալի այս կամ այն տեսարանը, սցենարը, իրենց խաղը: Այդ քննարկումները, բնականաբար, հումորներով են ուղեկցվում, որոնք կապված են այս կամ այն դրվագը խաղալուց հետո հնարավոր արձագանքների հետ,-հեղ.:
Շուշաննա Թովմասյանը եւ Բեն Ավետիսյանը
Աշխատանքային սիրավե՞պ :)
Շուշաննա. Իմ եւ Բենի մասին դեռեւս շատ խոսակցություններ չեմ լսել: Գուցե ինչ-որ ժամանակ հետո շշուկներ տարածվեն: Այս պահին ասում են, որ շատ սազում ենք իրար: Բայց այն, որ ասեն, թե միասին ենք, չեմ լսել: Մենք ուղղակի շատ լավ ենք միմյանց հասկանում:
Բեն. Շշուկներ, բնականաբար, կլինեն, բայց ամենաթունդ արձագանքները դեռ չեն հասել ինձ: Եթե միասին ենք, կասենք` միասին ենք, եթե ոչ, ապա`ոչ: Լինում են դեպքեր, երբ խաղընկերների միջեւ զգացմունք է ծագում, բայց լինում է եւ հակառակը: Հետո պարզ կլինի: Կարծում եմ`հարաբերությունների դեպքում PR-ի համար ստելը ճիշտ չէ:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումներն իրականացվել են La Petite Provence սրճարանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: