Պարուհի, պարուսույց Ալինա Բաբայանը, որն ապրում եւ աշխատում է Իսպանիայում, պարեր բեմադրելուց բացի, վերջին շրջանում մասնակցում է միջազգային փառատոնների ու մրցույթների: BRAVO.am-ն անդրադարձել է պարուհուն, երբ նա եկել էր Երեւան՝ այստեղ բնակվող ընտանիքի հետ անցկացնելու արձակուրդը:
"Հաճելի է, երբ օտարերկրացիները մոտենում են ինձ եւ հիացական խոսքեր ասում հայկական պարի մասին". Ալինա Բաբայան
Պարի սեփական ստուդիա Բարսելոնում. Շուրջ վեց տարի իր համար սիրելի դարձած այս քաղաքում հայուհին որոշել է նպատակներից մեկն իրագործել ու պարի ստուդիա բացել. “Հիմա վերանորոգման աշխատանքներն են տարվում, այս տարվա ընթացքում կգործի դպրոցը: Ինձ այս հարցում աջակցում է Իսպանիայում Հայաստանի պատվո հյուպատոսը: Շատ բան դեռ չեմ կարող պատմել պարի դպրոցի մասին, միայն կասեմ, որ հայ երեխաների համար դասերը կլինեն անվճար”:
Ալինան իր առաջին մասնագիտությամբ թարգմանիչ է, աշխատանքի բերումով մեկնել է Բարսելոն, որտեղ էլ սկսել է լրջորեն զբաղվել արեւելյան պարերով: Հրավեր է ստացել պետական մի քանի հաստատությունից, որտեղ դասավանդում է արեւելյան ու գնչուական պարեր. “Վերջերս մի հանճարեղ հույն մաեստրոյի կողմից հրավեր ստացա ընդգրկվելու իր՝ հունական պարի խմբում, որի կազմով արդեն հասցրել ենք շրջագայել պարային ներկայացումներով”:
Ալինա Բաբայանը Բարսելոնում պարի դպրոց կհիմնի
“Բարսելոնում անցկացվող համերգներից ու ներկայացումներից զատ, Իբիցա կղզում մասնակցել եմ շատ հետաքրքիր մի փառատոնի՝ որպես արեւելյան պարերի ներկայացուցիչ: Հունաստանի դրոշի ներքո մեր խմբով ներկայացրել ենք հունական ազգային եւ ժամանակակից պարեր: Այնուհետ մասնակցեցի Հունգարիայում, իսկ ավելի ուշ՝ Նիդեռլանդներում արեւելյան պարերի միջազգային փառատոնի, որտեղ ընդգրկվեցի լավագույն տասնյակի մեջ: Այդ անգամ էլ Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկա, բայց հուսով եմ՝ հայկական եռագույնով էլ ելույթ կունենամ”,-պատմել է Ալինա Բաբայանը:
Պարուհու խոսքերով՝ երբ իրեն որեւէ միջոցառման շրջանակներում պարելու են հրավիրում, հնարավորության դեպքում ներկայանում է հայկական որեւէ պարով. “Հաճելի է, երբ օտարերկրացիները մոտենում են ինձ եւ հիացական խոսքեր ասում հայկական պարի մասին: Աշակերտներս միշտ ցանկացել են այն սովորել, ինչն էլ կիրագործեմ իմ դպրոցում”:
Պարուհի, պարուսույց Ալինա Բաբայանը
Ալինայի այս տարվա առաջին ելույթն էլ հունվարի 6-ին էր. “Որպես պարուհի՝ մասնակցեցի Բարսելոնի “Cabalgata de los Reyes Magos” շքերթ-ներկայացմանը, որին հետեւում է ողջ ազգը: Մասնակցությանս համար Բարսելոնի քաղաքապետից շնորհակալագիր ստացա”:
Տեսահոլովակների ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանը, որն այժմ բնակվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում, Ալինային առաջարկել է նկարահանվել Իսպանիայում բնակվող հայերի մասին նախագծում: Պարուհին նաեւ մտածում է տեսահոլովակի տեսքով ներկայացնել իր պարը` նկարահանումներն իրականացնելով Հայաստանում. “Նաեւ հայկական պարերի մասնագիտական վերապատրաստման ու տարազներ ձեռք բերելու պլաններ ունեմ”:
Երեւանում Ալինա Բաբայանը ելույթ դեռ չի ունեցել
Սուրեն Թադեւոսյանն Ալինային առաջարկել է նկարահանվել Իսպանիայում բնակվող հայերի մասին նախագծում
Ալինա Բաբայանի համար բոլոր օրերը “պարային” են, ինչն իր ապրելակերպն է դարձել. “Եթե հաշվի առնենք բոլոր դասերն ու փորձերը, կարելի է ասել` ողջ օրս պարի մեջ է անցնում, քանի որ դասավանդելուն զուգահեռ նաեւ ուսումնասիրում եմ այլ պարեր՝ դասական, սամբա, տանգո, ֆլամենկո, տրիբալ, “հոգեւոր” պարեր: Վերջերս տարվել եմ արգենտինական տանգոյով:). անպայման “տանգո օրիենտալ” եմ ստեղծելու, որը տանգոյի ու արեւելյան պարերի ֆյուժն է, ինչը կարելի է առանց զույգի պարել”:
Երեւանում պարուհին ելույթ դեռ չի ունեցել, կարոտել է հայրենիքը, բայց ինչպես ինքն է նշում, սիրում է նաեւ Բարսելոնը. “Այստեղ ինձ լավ եմ զգում` չափազանց գեղեցիկ ու կոսմոպոլիտ քաղաք, ծով, հրաշալի կլիմա, բարեհամբույր սպասարկում, անհոգ դեմքեր, վերջապես ֆուտբոլային ակումբ:)”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Juand-ի եւ Ալինայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: