Իրինա Հարությունյանը տարեմուտն ընտանիքի հետ դիմավորել է Ծաղկաձորում, իսկ մինչ այդ կրտսեր որդու հետ Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել: Թե ինչպես են անցել տոնական օրերը, ֆոտոշարքին ինչու չեն մասնակցել մեծ տղան եւ ամուսինը, ինչ կարեւոր առիթ են նշել օրերս, եւ թե ինչպիսին են հարաբերությունները սերիալային գործընկերների հետ, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:
«Մեր ընկերական մեծ շրջապատով շատ լավ ձմեռային օրեր անցկացրինք Ծաղկաձորում, թեեւ ձյուն այնքան էլ չկար: Աղմկոտ ու շատ ակտիվ ենք սկսել տարին, հուսամ` այդպես էլ կանցնի ողջ 2018-ը»,-ասել է նա եւ հավելել, որ այս անգամ հնարավորություն են ունեցել հեռու մնալ խոզի բդից եւ բլինչիկներից. «Այլ ձեւով պլանավորեցինք մեր հանգիստը, ինչի շնորհիվ խուսափեցինք տարեցտարի կրկնվող երեւույթներից, նույն քաղցրավենիքով միմյանց տուն գնալուց եւ այլն: Այլեւս չենք բողոքի հետտոնական դեպրեսիայից, չենք ասի, որ հունվարը դժվար է անցնում»:
Իրինա Հարությունյանի որդին
Իսկ տոնածառը դերասանուհին սիրով է զարդարել եւ Նոր տարուց օրեր առաջ. «Սիրում եմ տոնական ծառը դնելու, լույսերը վառելու, դռները բացելու գեղեցիկ ավանդույթները, որոնք պարտադրողական չեն»:
Ամանորի գիշերը Իրինան նշել է նաեւ ծննդյան տարեդարձը.«Հունվարի 1-ին եմ ծնվել, եւ կեսգիշերի տոնական զանգերից հետո բոլոր կենացներում ես կամ: Երբ փոքր էի, նեղվում էի, որ մեկ նվեր եմ ստանում, առանձին ծննդյան օր չեմ ունենում, բոլորը Նոր տարի են նշում, բայց այժմ ուրախ եմ, քանի որ մի քանի օր շարունակ շնորհավորանքներ եմ ստանում: Թեեւ այս տարի ապշել եմ, քանի որ հարազատ, մտերիմ մարդկանցից շատերը դեռեւս չեն շնորհավորել տարեդարձս»:
Ֆոտոշարքին նրա ավագ որդին քննությունների պատճառով չի կարողացել մասնակցել, իսկ ամուսինը թեեւ նկարահանման հրապարակում է եղել, սակայն լուսանկարվել այնքան էլ չի սիրում.«Խոստացել են, որ հաջորդ տարի վերջապես ընտանեկան ֆոտոշարք կանենք»:
Իրինա Հարությունյանը՝ որդու հետ
Անդրադառնալով «Նռան հատիկ»-ում նկարահանվելուն՝ նշել է.«Սերիալային բավական մեծ կենսագրություն ունեցող դերասանուհի եմ, բայց այս նախագծի հանդեպ մոտեցումս յուրահատուկ է: Դերս, խաղընկերներս, ընդհանուր մթնոլորտը, որ տիրում է նկարահանման հրապարակում, շատ հարազատ են: Սերիալային մեր ընտանիքը շատ լավն է, բավական մտերիմ եմ նրանց հետ, ուրախ եմ, որ այս նախագծի շնորհիվ նոր ընկերներ ունեցա, մտերմացա Մովսես Երեմյանի եւ նրա կնոջ` Աննայի հետ, Արա Դեղտրիկյանի, Ադրիանա Գալստյանի եւ մյուսների հետ»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ketikyan Photo & Design Studio-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: