“12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում…”. Ուիլյամ Շեքսպիրի հայտնի կատակերգությունը բեմադրվել է Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
“12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում…” ներկայացման պրեմիերային
Վիոլան իր եղբորը` Սեբաստիանին, ծովում խեղդված համարելով, սգի մեջ պատանու կերպարանք առնելով սիրահարվում է դքսին եւ դառնում նրա սպասավորը: Դուքսն անտարբեր է Վիոլայի նկատմամբ, քանի որ վաղուց սիրահարված է կոմսուհի Օլիվիային, սակայն վերջինս ճակատագրի հեգնանքով սիրահարվում է պատանու կերպարանքով Վիոլային: Իսկ երբ պարզվում է, որ Սեբաստիանը չի մահացել, գործողություններն այլ ընթացք են ստանում:
Երկու ժամ տեւողությամբ առանց ընդմիջման կատակերգության կազմում ընդգրկված են դերասաններ Նարինե Պետրոսյանը/Օլիվիա/, Բաբկեն Չոբանյանը/դուքս/, Լիդիա Գրիգորյանը/Վիոլա/, Դիանա Մալենկոն/Սեբաստիան/, Արթուր Մանուկյանը/խեղկատակ/, Էրիկ Սարգսյանը/Մալվոլիո/, Վահագն Գալստյանը/Սըր Թոփի/, Արտաշես Մխիթարյանը/Սըր Էնդրյու/, Լուսինե Հարությունյանը/Մարիա/, Արա Գեւորգյանը/Անտոնիո/ եւ այլք:
“12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում…” ներկայացման պրեմիերային
Պրեմիերայից առաջ հանդիսատեսին ողջունել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը` նշելով, որ ներկայացումը նվիրվում է բեմանկարիչ Վահագն Թեւանյանի հիշատակին.“Ամիսներ առաջ մեզնից հեռացավ տաղանդավոր նկարիչ Վահագն Թեւանյանը, որն իր ստեղծագործական ուղին սկսել է մեր թատրոնում: Ցավոք, սա նրա վերջին աշխատանքն էր, եւ առաջին բեմելին նա ներկա չէ”:
Բեմադրության հեղինակ Գրիգոր Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ իր ցանկությունն է եղել բեմադրել Շեքսպիրի այս պիեսը երիտասարդ դերասանական կազմի հետ.“Առաջին ներկայացումից հետո դերասանների աշխատանքն ինձ գոհացնում է. երկու ժամում մեկ շնչով կատարեցին առաջադրված բոլոր խնդիրները: Իսկ ինչ վերաբերում է հանդիսատեսին, կարծում եմ` ցանկացած տարիքի թատերասեր էլ կհավանի կատակերգությունը”:
Նարինե Պետրոսյանը եւ Լիդիա Գրիգորյանը
Գլխավոր դերակատարներից երկուսը` Լիդիա Գրիգորյանն ու Դիանա Մալենկոն, բեմում մարմնավորում են տղաների: Աղջիկների խոսքով` փորձերի ընթացքում են ընկալել իրենց տղայական կերպարները եւ չեն ցանկացել որեւէ մեկին կրկնօրինակել.“Դժվարությամբ տղամարդու կերպար կերտեցի: Ինչքանով է ստացվել, թող հանդիսատեսը դատի: Փորձերի ժամանակ ինքնաբերաբար ստեղծեցի իմ տեսակը: Մազերս տղամարդու համար բավական երկար են, բայց չհամաձայնեցի կտրել, անգամ կեղծամ չեմ կրում”,-նշել է Լիդիա Գրիգորյանը:
Հաղորդավարուհի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Դիանա Մալենկոն եւս խնդիր է ունեցել թաքցնել նուրբ դիմագծերը.“Փորձել եմ ներքին զգացողություններս հաղորդել, որ հանդիսատեսը չկենտրոնանա արտաքինիս վրա: Դժվար էր լինել այնպիսի տղայի կերպարում, որը կայսերական ընտանիքից է սերում, բայց երեք ամիս ապրել է նավաստիների հետ, այսինքն` համարձակ, խենթ, կրակոտ ու տաքարյուն է եւ չի մոռանում արիստոկրատ արմատների մասին: Հայ երիտասարդների համար արդիական թեմաներ են շոշափվում, մասնավորապես տղաներին կհուշի` ինչպես սիրել կանանց, ինչպես սեր խոստովանել ու զգացմունքների մասին խոսել, ի վերջո, գեղեցիկ ինչպիսի արարքներ անել”:
“12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում…” ներկայացման պրեմիերային
Նարինե Պետրոսյանն էլ կոմսուհու կերպարի միջոցով իրականացրել է իր վաղեմի ցանկություններից մեկը.“Միշտ հետաքրքրել է հին դարաշրջանի հագուստով, կրքերով ու զգացմունքներով կերպարում լինել, որպես կին` նաեւ կորսետ հագնելու ցանկություն եմ ունեցել. այդ փոքր երազանքս այս դերով կատարվեց:)”:
“12-րդ գիշեր կամ սիրուց եմ մեռնում…” ներկայացումը թատրոնի խաղացանկում է: Այս ամիս դերասանները կխաղան նաեւ հոկտեմբերի 26-ին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: