Սուրբ Սարգիս զորավարի տոնի առթիվ երեկ երեկոյան Կարապի լճի տարածքում տեղի է ունեցել բացօթյա համերգ, որին մասնակցել են Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Զարուհի Բաբայանը, Լիլիթ Կարապետյանը, Սոնան, Ռուզաննա Անդրեասյանը, Անահիտ Սիմոնյանը, Լիդուշիկը, դիջեյներ Apostle-ն ու Arvin-ը, պարային խմբեր, գեղասահորդներ եւ այլք:
Անահիտ Սիմոնյանը
“Հ3” հեռուստաընկերության, Արարատյան Հայրապետական թեմի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված համերգն ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս վարել են Տիգրան Հարությունյանն ու Աննա Խաչատրյանը:
Հայ առաքելական եկեղեցու այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլեւ ժողովրդական սովորույթներով, ըստ որի` երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված եւ տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Զարուհի Բաբայանն ու Տիգրան Հարությունյանը
BRAVO.am-ը համերգին ներկա երգչուհիներից հետաքրքրվել է` երբեւիցե ճաշակել են աղաբլիթ եւ արդյոք տեսել են որեւէ երազ: Աննա Խաչատրյանը, մեկ անգամ ճաշակելով, երազում իր կնքահորն է տեսել, որից հետո որոշել է այլեւս չուտել.“Ամեն տարի խորհուրդ են տալիս փորձել, բայց նախորդ տարի եւս չկերա: Այս անգամ երեւի թե կփորձեմ` հավատով ու հույսով լի, եւ միգուցե ինչ-որ մեկին իսկապես տեսնեմ”:
Լիլիթ Կարապետյանի ձեռքին երեք աղի բլիթ կար, նա նշեց, որ քնելուց առաջ կուտի` երազ տեսնելու մեծ հույսով.“Մեկն անպայման ես եմ ուտելու, մյուսը մի կերպ մամայիս կհյուրասիրեմ եւ մեկն էլ որդուս կտամ: Ընտանիքով աղի բլիթ ենք ուտելու:): Երբ դպրոցական էի, աղի բլիթն այդքան տարածված չէր, մանավանդ իմ ծննդավայրում` Ալավերդիում: Բայց մի քանի անգամ կերել եմ ու ոչ մի անգամ իմ երազն իրականությանը չի համապատասխանել: Երազներ միշտ եմ տեսնում ու հիշում եմ մանրամասները, բայց աղի բլիթ ուտելուց հետո տեսել եմ ինչ-որ հավաքույթներ ու մեր բարեկամներին”:
Լիլիթ Կարապետյանը
Անահիտ Սիմոնյանը նախքան ամուսնանալը եւս մի քանի անգամ ճաշակել է. “Տարբեր երազներ տեսել եմ, բայց հստակ պատկերներ չեմ հիշում: Նաեւ այնպես էր պատահում, որ չէի դիմանում եւ ջուր էի խմում: Այսօր ինձ համար տոնական է այնքանով, որ քաղաքը նշում է: Բեմից կշնորհավորեմ սիրահարներին, իսկ ես ու Հայկոն միմյանց նվերներ կանենք Սուրբ Վալենտինի տոնին”:
Զարուհի Բաբայանն անկեղծորեն հայտնեց, որ տոնի առթիվ ամուսնուն նվեր չի պատրաստել.“Մենք այն զույգերից ենք, որ նվեր անելու համար չենք սպասում տոներին, ինչի համար երջանիկ եմ: Ուզում եմ, որ բոլորը սիրեն ու սիրված լինեն, որովհետեւ երջանիկ մարդուն միշտ բարին է շրջապատում: Ես էլ մինչեւ ամուսնանալս փորձել եմ աղի բլիթ, բայց ամուսնուս չեմ տեսել: Բոլորին մաղթում եմ իրական կյանքում զգալ սիրո գերագույն պարգեւը”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: