Ապրիլի 7-ին “Մերիդիան էքսպո” կենտրոնում տեղի է ունեցել Լիլիթ Մարգարյանի նորաձեւության տան “Gallery 100” նոր հավաքածուի ցուցադրությունը, որը դիզայները նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց հետ նա համագործակցել է իր երկարամյա գործունեության ընթացքում:
Լիլիթ Մարգարյանը
Նախքան ցուցադրությունը հյուրերը դիտել են Լիլիթ Մարգարյանի 5-ամյա դստեր՝ Աննա Նազարյանի, եւ աշակերտուհու` 14-ամյա Գրետա Խաչատրյանի նկարները, իսկ ապակե խորանարդների մեջ ներկայացված է եղել հայ վարպետների ստեղծած ավելի քան 700 մատնոց:
Լիլիթ Մարգարյանի նոր հավաքածուն անդրադարձ է Ցեղասպանությունը վերապրած կնոջը, ով ոչ միայն կարողացել է պահպանել լավատեսությունը, այլ նաեւ գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել: Հավաքածուի հիմքում հայուհու պատմությունն է եւ նրա ոճի զարգացումը:
Լիլիթ Մարգարյանի “Gallery 100” հավաքածուի ցուցադրությանը
Հավաքածուն ներառում է շուրջ 100 զգեստ, որոնք ստեղծելիս նրա թիմը ոգեշնչվել է 20-րդ դարի հայ նկարիչների ստեղծագործություններից: Հիմքում Սարյանի, Սուրենյանցի, Հակոբյանի, Մինասի, Կալենցի, Գառզուի եւ հայտնի այլ նկարիչների փորագրանկարներն են: Զգեստների միջոցով ներկայացվել է մի ամբողջ դարաշրջան՝ երկրաչափական ձեւվածքներով ու մինիմալիստական լուծումներով:
Դեֆիլեի առանձնահատկություններից մեկը մոդելների կրած աքսեսուարներն էին, որոնք պատրաստել էր ոսկերիչ-դիզայներ Նուռը` հատուկ այս ցուցադրության համար.“Ես եւ Լիլիթը միմյանցից անկախ նույն թեմայով ստեղծում էինք մեր աշխատանքները, իսկ լավ միտքը թեւեր ունի. որոշեցինք նրա ցուցադրության համար միասին աշխատել: Ուսումնասիրելով հայ կնոջը տարբեր ժամանակաշրջաններում՝ նկատել եմ, որ զարդերը մեծ տեղ են զբաղեցրել նրա կյանքում, փորձել եմ ստանալ հենց այդ կերպարը”,- ասել է Նուռը` հավելելով, որ շուտով առանձին կներկայացնի իր թեմատիկ հավաքածուն:
Լիլիթ Մարգարյանի “Gallery 100” հավաքածուի ցուցադրությանը
Ցուցադրության ավարտին բեմ է բարձրացել Լիլիթ Մարգարյանը, շնորհակալություն հայտնել իր աշխատակազմին, նաեւ շնորհավորել է կանանց Ապրիլի 7-ի առթիվ` նշելով, որ այս ցուցադրությունն իրականցվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ եւ ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ, որից հետո ՀՀ առաջին տիկնոջը հանձնել է խորհրդանշանական հուշանվեր:
Մայա, Սոֆյա Պողոսյանները եւ Մերի Ազոյանը
Լիլիթը նշել է, որ հայ նկարիչների պատկերած կանանց հագուստից վերցրել է գույներն ու ձեւվածքները եւ ստեղծել ժամանակակից զգեստներ, որոնք կարելի է կրել այսօր.“Հայ ազգն ունի տաղանդավոր հարյուրավոր նկարիչներ, բայց ընտրել էինք տասին, որոնք պատկերել են կնոջը: Հայ կինը միշտ տանջված ու տառապած չի եղել. Հովնաթանյանի կտավներում ազնվազարմ բարձրաճաշակ կանայք են, այդ նկարներն ինձ մանկուց են հետապնդում: Որոշեցի անպայման անդրադառնալ, թե ինչպիսին էր հայ կինը, հետո ինչ պատահեց նրա հետ, հայտնվեց երկրագնդի տարբեր հատվածներում, դարձավ հայրենակորուստ, բայց չդավաճանեց հայրենիքին: Դեֆիլեն հատուկ ավարտվեց վառ գույներով: Հայ կնոջը մաղթում եմ միայն պայծառ գույներ”:
Նշենք, որ հայ մոդելների հետ պոդիումով քայլել են նաեւ արտերկրից ժամանած մոդելներ, երաժշտական մասն ապահովել է Արա Թորոսյանը` Մուրզիկը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: