×


Լիլիթ Բաբասյան. «Նախկինում պահի ազդեցության տակ որեւէ քայլ էի անում»

Լիլիթ Բաբասյանի հետ BRAVO.am-ի նոր զրույցն ուղեկցվում է վերջերս իրականացրած ֆոտոշարքով: Սննդաբանի հետ խոսել ենք տեսաբլոգ սկսելու, մոտիվացիայի, ամուսնու՝ Ալեքսանդր Բաբասյանի հետ հարաբերությունների, փոխված կյանքի եւ երկրորդ անգամ մայրանալու ցանկության մասին:

«Փոխարենն ավելի լավը կլինեմ»

Այսօր համացանցում շատ են գլամուրային, հասանելի բլոգները, իսկ ես կարոտ եմ հասարակ մարդկանց վերաբերմունքին, անկեղծ մեկնաբանություններին։ Մարդիկ ասում են, որ ես մոտիվացնում եմ իրենց, իսկ իրենց մեկնաբանություններն ինձ են մոտիվացնում։ Հաճախ չեմ հասցնում պատասխանել նամակներին, ինչի համար որոշեցի վարել իմ վիդեոբլոգն ու արձագանքել մարդկանց հետաքրքրող հարցերին։ Ինձ մոտիվացնում է նաեւ հակառակը. եթե որեւէ նեգատիվ բան կարդամ, լսեմ, սկզբունքի եմ ընկնում եւ, եթե վատն են ասում, լավն եմ անում: Ես այն մարդկանցից չեմ, որ տանջվեմ, նեղվեմ, ջղայնանամ նման բաներից, ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնեմ։ Փոխարենն ավելի լավը կլինեմ թե´ կյանքում, թե´ աշխատանքում: Ամուսինս եւս ինձ մոտիվացնում է, անչափ շատ է օգնում, իսկապես թեւ ու թիկունք է, ես միշտ կարող եմ հանգիստ լինել, քանի որ գիտեմ՝ նրա աջակցությամբ գործը նորմալ ընթացքի մեջ է:

Լիլիթ Բաբասյանը


«Ժամանակին շատ-շատ երեւույթների հետ չէի համակերպվում»

Ժամանակին գրեթե բոլոր հարցազրույցներում խոսում էի Հայաստանից գնալու եւ ժամանակ առ ժամանակ երկու երկրում ապրելու մասին: Հիմնականում ԱՄՆ-ի մասին եմ խոսել, բայց, եթե այժմ նույնիսկ երկու ամսով Մոսկվա եմ գնում, էլի կարոտում եմ Հայաստանը: Շատ էմոցիոնալ մարդ եմ եւ ժամանակին շատ-շատ երեւույթների հետ չէի համակերպվում, միշտ ասում էի՝ ինչո՞ւ է այսպես, ծանր էի տանում: Այժմ կարող եմ ասել, որ հարմարվել եմ, էմոցիան դրել եմ մի կողմ, նաեւ ինձ եմ շրջանակի մեջ դրել, մարդկանց շատ մոտ չեմ թողնում, որպեսզի հետո չմեղադրեմ: Հասկանում եմ, որ այս ամենը հասունանալ է նշանակում, ժամանակին պարզապես վարդագույն ակնոցով եմ նայել կյանքին, իսկ մեր կյանքը շատ կարճ է, պետք է վայելել ամեն վայրկյանը ընտանիքի եւ հարազատների հետ:

«Պետք է կռիվ տալ»

Ինչպե՞ս կարող է խանդը տեղ չունենալ հարաբերություններում, եթե չկա խանդ, ուրեմն չկա եւ սեր: Բայց եթե նախկինում պահի ազդեցության տակ որեւէ քայլ էի անում, ապա այժմ մտածում եմ, նոր գնում որեւէ քայլի: Միշտ մեզնից մեծերն ասում են՝ բոլոր ընտանիքներում էլ լինում են դժվարին պահեր, շրջաններ, երբ քո ընտրությանը կասկածանքով ես վերաբերվում, իսկապես այդպես է: Այժմ գիտեմ՝ դա իմ ընտրությունն է, մեծ տարիքում նա է լինելու իմ կողքին, իսկ իդեալներ չեն լինում: Ամենագեղեցիկը այս կյանքում հեշտ չի տրվում, պետք է կռիվ տալ:

Լիլիթ Բաբասյանը


«Չենք կարողանա նորածին փոքրիկին բավարար ժամանակ տրամադրել»

Ես էլ, ամուսինս էլ մտածում ենք երկրորդ բալիկի մասին, բայց ոչ հիմա: Գուցե երկու տարուց, մի քիչ էլ աշխատենք, իրար թեւ ու թիկունք լինենք: Երկուսս էլ աշխատասեր ենք եւ մեր առաջ աստիճան ենք դրել, որը պետք է անցնենք: Մյուս կողմից էլ, երկուսս էլ լինելով ֆանատիկ ծնողներ, այժմ չենք կարողանա նորածին փոքրիկին բավարար ժամանակ տրամադրել, իսկ իմ կարծիքով՝ ծնողները պետք է խնամեն, մեծացնեն, տեսնեն փոքրիկի ամեն քայլը: Տղաս էլ է շատ ուզում քույր կամ եղբայր ունենալ, տեսնենք:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Բաբասյանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport