“Քիթ_Cut” կատակերգությունը մայիսի 26-ին Երեւանի կամերային թատրոնի բեմից կներկայացնեն դերասաններ Անդրանիկ Հարությունյանը, Լիլի Միքայելյանը եւ Կարապետ Բալյանը: Ներկայացման գործողությունները կատարվում են Հայաստանում` 2080 թվականին: Մեծ քիթ ունեցող երկու դասընկերներից մեկը շատ հայրենասեր է, իսկ մյուսը հոգնել է դրա պատճառով տուգանքներ մուծելուց:):
Անդրանիկ Հարությունյանը, Լիլի Միքայելյանը եւ Կարապետ Բալյանը
“Մեր պատկերացմամբ` այդ ժամանակ Հայաստանում մնացել են երկու հոգի, որոնք չեն վիրահատել իրենց քիթը: Ակնհատ է, որ Արմենն ու Լիլին են մեծ քթով:): Իրականում իմ ու Անդոյի հերոսներն են մյուսներից տարբերվում մեծ քթով եւ կանգնած են հայի տեսակը կորցնելու վտանգի առաջ… Հումորով կներկայացնենք մեր ասելիքը”,-հայտնել է բեմադրության հեղինակ եւ դերասան Կարապետ Բալյանը:
Հումորիստ-դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ նշել է, որ անդրադարձել են հայի գենի ու արտաքինի պահպանման խնդրին.“Եթե հիմա են գլոբալիզացիոն երեւույթներ տեղի ունենում, պատկերացրեք` 2080-ին ինչ կարող է կատարվել: Ըստ մեր երեւակայության` այդ ժամանակ մեծ քթերը վիրահատելը լինելու է պարտադիր, ինչպես հիմա պարտադիր են կուտակայինն ու կարմիր գծերը: Ի վերջո, հանդիսատեսին կհետաքրքրի` այդ թվականին ով է լինելու Հայաստանի նախագահը:)”:
Անդրանիկ Հարությունյանը
“Քիթ_Cut”-ի սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը եւ Էդգար Կոստանդյանը, իսկ բեմանկարիչն ու զգեստների ձեւավորողը Տաթեւիկ Հովհաննիսյանն է: Արմեն Վարդանյանի խոսքով` թատերասերների համար պատրաստել են ֆուտուրիստական ներկայացում.“Խոստանում ենք, որ հանդիսատեսը քահ-քահ կծիծաղի, բայց ներկայացումը բեմադրելու առիթը հայկական դիմագիծը կորցնելու խնդրի մասին խոսելն է: Հայաստանից դուրս ելույթների ժամանակ մեզ հաճախ միանում են տեղի հայկական պարի խմբերը, բայց հայ պարողները Ռուսաստանում իրար հետ ռուսերեն են խոսում, Ամերիկայում` անգլերեն: Սփյուռքահայերի համար խնդիրն ավելի արդիական է, բայց ապագան ամբողջովին սեւ-սպիտակ չենք պատկերացնում: Հումորային ինտերակտիվ շփում կլինի դերասանների ու հանդիսականների միջեւ”:
Ներկայացման միակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը` Լիլի Միքայելյանը, մարմնավորում է չորս կերպար.“Սկզբում լաչառ կնոջ դերում եմ, ներկայացման ավարտին պարզ կդառնա` վիրահատելու եմ նրանց քթերը, թե ոչ: Հուսով եմ` մարդկանց դուր կգա մեր աշխատանքը”,-ասել է նա, Արմեն Վարդանյանն էլ հավելել է, որ փորձերի ժամանակ բացահայտել է դերասանուհու բեմական էներգետիկան:
Ռոբոտը սուրճ է հյուրասիրել լրագրողներին :)
Դերասանները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներս հրավիրեցին սուրճ պատրաստող ռոբոտին, որը կատակերգության չորրորդ կերպարն է.“Կարծում ենք` այդ տարիներին կյանքն առանց ռոբոտների դժվար կլինի պատկերացնել: Բայց մեր ներկայացման մեջ 2050 թվականի արտադրության ռոբոտ է: Ի դեպ, ռոբոտից ոչ պակաս ցնցակաթված կառաջացնի Անդոյի եւ Կարոյի պարը, որոնք թարսի պես շատ լավ են պարում:)”,-կեսկատակ-կեսլուրջ ասել է Արմեն Վարդանյանը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: