Հրաշագործ դայակ-ուսուցչուհու՝ Մերի Փոփինսի հանրահայտ պատմությունը բեմադրվել է նոր ձեռագրով։ Երեւանի խամաճիկների պետական թատրոնում երեկ տեղի է ունեցել պրեմիերան, որին ներկա եղել BRAVO.am-ը։ Մերի Փոփինսին մարմնավորում է Լիլի Էլբակյանը, խաղում են Նելլի Խաչատրյանը, Զարուհի Շահբազյանը, Տաթեւ Հոռոփյանը, Հակոբ Հակոբյանը, Համո Ադիյանը եւ ուրիշներ։
«Մերի Փոփինս» ներկայացման պրեմիերային
Մեկ գործողությամբ երաժշտական ներկայացումն առանձնանում է դինամիկ գործողություններով: Հրանուշ Չիչակյանն այն բեմադրել է՝ հիմնվելով հեղինակ Փամելա Թրեւերսի բնագրի վրա.«Ֆիլմերի սյուժեն չենք օգտագործել, նույնիսկ տեսարաններ կան, որ նոր մատուցմամբ ենք ներկայացնում։ Ես ու Հրանուշը համակուրսեցիներ ենք, սովորել ենք ռեժիսորական կուրսում։ Նրա ընտրությամբ էլ խաղացի գլխավոր դերը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Լիլի Էլբակյանը:
Դերասանուհին նշել է, որ թեման արդիական է առ այսօր.«Կարծում եմ՝ Մերի Փոփինսի կարիքը միշտ կա, ամեն մարդ ունի մեկի կարիքը, որը շրջադարձ կանի ու լավ փոփոխությունների քամի կբերի: Եթե յուրաքանչյուրս ունենայինք մի հրաշագործ, մեր կյանքն ավելի երջանիկ կլիներ։ Առօրյա հոգսերը, ֆինանսական խնդիրները չեն թողնում, որ մարդը տեսնի գեղեցիկը, Մերի Փոփինսն էլ օգնում է բացահայտել շրջապատող գունավոր աշխարհը։ Իմ կարծիքով՝ այս կերպարն ավելի շատ մեծերի համար է, որովհետեւ մեծերն են մոռացել մանկությունը»։
Լիլի Էլբակյանը
Քեռի Ռոբերտին մարմնավորող Հակոբ Հակոբյանն էլ հայտնել է, որ բեմադրության թիրախային հանդիսատեսը պատանիներն են.«Մեր թատրոնում նոր փուլ է սկսվել, բացի փոքրիկներից, նաեւ պատանիների համար նոր ներկայացումներ ենք անում։ Բայց այնպես է բեմադրված, որ հետաքրքիր լինի նաեւ երեխաներին ու մեծահասակներին։ Այնքան բարություն կա. եթե մարդ հավատում է հրաշքների, մի օր կկատարվեն»։
Զգեստների ու դեկորների նկարիչը Մարտիրոս Բադալյանն է, երգերը հատուկ ներկայացման համար գրել է Էլլադա Սայադյանը։ Լիլի Էլբակյանի խոսքով՝ թատրոնում դերասանները բեմից դուրս միմյանց շատ են օգնում.«Մեր թատրոնը յուրահատուկ է. ընտանիքի պես սիրում ենք իրար, առաջին անգամ որպես դերասան տեսա, որ կուլիսներում անընդհատ օգնում են, ինչը չեմ տեսել ուրիշ թատրոններում։ Օրինակ՝ Հակոբը պատրաստել է դեկորները, մյուսներն էլ զբաղվում են կուլիսային աշխատանքներով»։
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Նառա Սեւունց-Հայրապետյանը եւ Արմեն Էլբակյանը
Լիլի Էլբակյանի դուստրը՝ Էլմիրան, դահլիճի առաջին շարքում էր, նա առաջին անգամ էր մայրիկին տեսնում բեմում, Լիլին էլ առաջին անգամ էր որպես դերասանուհի ներկայանում Խամաճիկների թատրոնում.«Աղջիկս հասկացել, հիմա էլ վերլուծում է, թե ինչպես Մերի Փոփինսը կախարդեց, ու աստղեր հայտնվեցին, ինչպես դաստիարակեց երեխաներին։ Նա ընկալում է ինձ որպես Մերի Փոփինս, հիացած է իր մայրիկով:): Տանն այսպիսի խաղ ենք սկսել. երբ չի ուզում քնել, Փոփինսի նման ասում եմ՝ օրենք համար 7-րդ՝ հիմա քնելու ժամն է, ինչը շատ օգնում է։ Էլմին ցանկանում է բեմ բարձրանալ, խաղում է բոլորի դերերը, բայց չեմ ուզում, որ «վարակվի» թատրոն հիվանդությամբ։ Իսկ տղաս չի սիրում ներկայացումներ դիտել, բայց երկուսն էլ սիրում են մեր թատրոն գալ, իրենց տանն են զգում»։
Ի դեպ, պրեմիերայի օրը համընկել էր Լիլի Էլբակյանի հարազատ եղբոր՝ երջանկահիշատակ Էդգար Էլբակյանի ծննդյան օրվա հետ.«Մենք այս ներկայացումը նվիրել ենք նրա հիշատակին. սկսվում ու ավարտվում է նրա գրած երգով ու ձայնով։ Պրեմիերայից հետո բոլոր ծաղիկները տարանք ու դրեցինք նրա գերեզմանաքարին»։
«Մերի Փոփինսը» թատրոնի խաղացանկում է, կներկայացվի նաեւ հուլիսի 1-ին եւ 8-ին։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: