BRAVO.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի կանանց, ովքեր անցնում են մայր լինելու գեղեցիկ ու պատասխանատու ուղին: Նրանց հետ զրուցում ենք մամայական հարցերի, գաղտնիքների, երեխաների խնամքի, ընտանիքում տիրող մթնոլորտի ու նուրբ այլ թեմաների շուրջ: Բավական անկեղծ է ստացվել մեր զրույցը «Արտավազդ 2017»-ին «Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» տիտղոսին արժանացած դերասանուհի, բեմադրիչ Լիլի Էլբակյանի հետ, ով թատրոնում աշխատանքին զուգահեռ խնամում է 5 տարեկան Էլմիրային եւ 2,5-ամյա Էդգարին:
Լիլի Էլբակյանն՝ ամուսնու եւ դստեր հետ
- Շատ կանայք առաջին երեխայից հետո երկմտում են երկրորդի պլանավորման հարցում: Ձեզ այդ որոշումը հե՞շտ տրվեց:
-Ճիշտն ասած՝ ես ոչինչ երբեք կանխավ չեմ պլանավորում: Միշտ ապագայի հանդեպ ունեմ վախ՝ ինչ է լինելու, ինչպես եմ անելու: Բայց երեխաների հարցում երբեք ոչ մի վախ չեմ ունեցել: Մի փոքր հանկարծակի ստացվեց երկրորդ բալիկի ծնունդը: Որ ասում են` երեխան կծնվի, իր ղսմաթնել էլ՝ հետը, ճիշտ խոսք է: Երբ առաջնեկս ծնվեց, մենք տուն չունեինք, եւ հետո իմանալով, որ կրկին հղի եմ, մտածեցի՝ գուցե դեռ երկրորդին ունենալու ժամանակը չէ: Բայց հանկարծ ամեն բան իր տեղն ընկավ: Մենք կարողացանք տուն ձեռք բերել, ու ամբողջ հղիության ընթացքում ես վազվզում էի այս ու այն կողմ. մեր բնակարանն էինք վերանորոգում: Ու երբ ծննդաբերության ցավերն արդեն սկսել էին, չէի հասցրել միայն սենյակի համար ջահ գնել: Անպայման ուզում էի այդ գործ էլ ավարտին հասցնել: Մայրս, բոլորն ասում էին, թե գժվել եմ, պետք է ծննդատուն գնալ:): Ամեն երեխա իր օրհնությունն է բերում, եւ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվում է: Աստված ամենն այնպես է կարգավորում, հասկանում ես՝ չպետք է վախենաս: Եթե պարգեւում է անգամ տասը երեխա, ուրեմն պետք է ունենաս, քանի որ հենց Աստված էլ քեզ կտա համբերություն ու ուժ՝ նրանց խնամելու եւ ամեն բան ճիշտ անելու համար:
-Երբ երեխաների թիվը շատանում է, կարծես, ուշադրությունը կիսվում է նրանց միջեւ: Կարողանո՞ւմ եք երկուսին էլ հավասարապես ժամանակ տրամադրել:
- Հաճախ պատահում է, որ շատ քիչ ժամանակ եմ ունենում իրենցով զբաղվելու համար, մեկ էլ հանկարծ օրս այնպես է դասավորվում, որ կարողանում եմ երեխաներիս շատ ժամանակ հատկացնել: Հիմա դեռ փոքր են եւ բարդություններ շատ չեն առաջանում: Աղջիկս արդեն սկսել է իր բնավորությունը ցույց տալ, ունի իր հետաքրքրությունները, կազմակերպված է: Իսկ տղաս արագ մեծանում է՝ ստանալով ինչպես իմ, այնպես էլ քույրիկի ուշադրությունը: Հաճախ աղջիկս է խնամում եղբորը:
Լիլի Էլբակյանը՝ որդու հետ
- Ո՞վ է այն մարդը, ում վստահում եք Ձեր բալիկներին :
-Մայրիկս, իհարկե, շատ լավ է խնամում թոռնիկներին, բայց ես ունեմ հրաշալի դայակ, ով հոգ է տարել աղջկաս: Երբ իմացա՝ հղի եմ, առաջինն իրեն զանգահարեցի ու հայտնեցի լուրը՝ խնդրելով, որ որեւէ մեկի խնամքը չստանձնի, սպասի մեզ, եւ այդպես էլ եղավ: Մենք այնպես ենք կապվել, որ երբեմն մտածում եմ՝ միգուցե բարեկամ ենք:
- Երեխայի ծնունդից հետո աշխատանքի վրա կենտրոնանալը մի փոքր բարդ է: Ուր էլ լինես, միեւնույն է, մտքումդ միայն քո բալիկն է: Դուք կարողանո՞ւմ եք լիովին կենտրոնանալ աշխատանքի վրա:
-Սկզբում չէր ստացվում, եւ բավական երկար ժամանակ կորցրի մտքերս իմի բերելու, կենտրոնանալու վրա: Ինձ խանգարում էր այն միտքը, որ իմ բալիկն այդ պահին առանց ինձ է, մտածում էի, որ եսասեր եմ: Այդ մտքերի հետ կռիվ տալը բավական երկար տեւեց: Իսկ տանն աշխատելու մասին մոռանում ես, քանի որ դա պարզապես անհնար է: Անգամ պիես կարդալու համար դայակին կանչում էի ու գնում թատրոն: Եկավ մի պահ, հասկացա՝ այդպես շարունակվել պարզապես չի կարող: Որոշեցի տանն ամբողջովին լինել մամա, իսկ դրսում կտրվել ամեն բանից ու լինել այն, ինչ պետք է լինեմ: Մասնագիտությունս այս հարցում օգնության է գալիս. մի գործ եմ կարդացել, ճիշտ է՝ հեղինակին այս պահին չեմ հիշում, որում լավ խոսքեր կան՝ կինը պետք է կարողանա շատ արագ փոխել իր գլխարկները: Պետք է կարողանալ մայրիկից մինչեւ տնային տնտեսուհի կամ դերասանուհի փոխվել շատ արագ: Պետք է ճկուն լինես, որ կարողանաս այդ փոփոխությունները շատ արագ կատարել:
Համո Ադիյանը եւ Լիլի Էլբակյանը
-Մոր եւ կնոջ «մասնագիտություններից» ո՞ր մեկն է առավել դժվար Ձեզ տրվել:
-Բոլորը: Քանի որ մինչ ամուսնանալը տնային որեւէ գործ չեմ արել: Մինչեւ այսօր, հաշվի առնելով բալիկներիս նախասիրությունները, սովորում եմ մի նոր ճաշ եփել: Ես չեմ սիրել եւ այսօր էլ այնքան էլ չեմ սիրում խոհանոցում լինել: Ինձ համար ամենահեշտը հոգատար մայր լինելն է: Մայր լինելով՝ հիմա լիովին հասկանում ու գնահատում եմ իմ մայրիկին: Ցուրտ ու մութ տարիներին մեզ դաստիարակելու եւ խնամելու համար մեծ էներգիա ու կամքի ուժ էր պետք: Հիմա ամեն ինչ առավել հեշտ է: Լվացքի մեքենան միացնում ես, ու վերջ. կարող ես մոռանալ այդ գործի մասին, իսկ առաջ ամեն ինչ ձեռքով ու տանջանքով է արվել:
-Երբեմն տնային գործերն ու երեխաների խնամքը խլում է մեր ողջ ժամանակն ու էներգիան: Հաճախ ամուսնու կամ անգամ ինքդ քեզ համար ժամանակ չես գտնում: Կարողանո՞ւմ եք Ձեր ամուսնու համար ժամանակ գտնել:
-Ճիշտն ասած՝ սկզբնական շրջանում ժամանակն այնքան էլ չէր բավականացնում: Բայց այն գլխարկների գաղտնիքն այս դեպքում էլ է գործում: Փորձում եմ լիարժեք լինել նաեւ ամուսնուս հետ: Հենց կենտրոնանում ես միայն լավ մայրիկ լինելու վրա, ամեն ինչ կիսատ է մնում: Դա քեզ միայն խանգարում է: Դու նաեւ դառնում ես կիսատ մայր: Ես մի ընկերուհի ունեմ, ով այնքան է կենտրոնացել լավ մայրիկ լինելու վրա, որ մոռացել է իր շուրջը գտնվող մարդկանց մասին: Երեխաները դրանցից եւս տուժում են. եսասեր են մեծանում: Բոլորը պետք է լինեն իրենց տեղում: Երբեմն դա ինքս ինձ էլ եմ ասում, քանի որ ճիշտ, երջանիկ ընտանիքի մոդելն է:
-Հաճախ, երբ փորձում ես ամեն ինչ կատարելության հասցնել, կորցնում ես ամենաթանկը` քո երեխային վայելելու ժամանակը: Դուք այդ խնդրին առնչվե՞լ եք:
-Այո: Երկու երեխաներիս դեպքում էլ շատ շուտ եմ աշխատանքի անցել: Ու հաճախ այնպես էր ստացվում, որ ինչ-որ բաներ բաց էի թողնում: Տղայիս ծննդից հետո ամեն ինչ կարծես այլ, առավել լավ ընթացք ստացավ: Նրանք երկուսով են բոլոր փուլերն անցնում, առավել հեշտ ու հետաքրքիր է ստացվում: Միասին են աշխարհը բացահայտում:
Լիլի Էլբակյանը՝ դստեր հետ
-Երեխաների նախասիրություններն ի հայտ են գալիս դեռ մանկուց: Շատ ծնողներ փորձում են իրենց երազանքներն իրականություն դարձնել երեխաների միջոցով: Դուք ինչպե՞ս եք վարվում:
-Ես միշտ երազել եմ բալետի պարուհի դառնալ, բայց իմ ժամանակ դրա մասին խոսք լինել անգամ չէր կարող: Ցուրտ ու մութ տարիներ էին, ես ամբողջ օրը ծնողներիս հետ թատրոնում էի: Նույնիսկ չեմ բարձրաձայնել իմ երազանքի մասին, միգուցե ասեի, ու ստացվեր: Նայում էի բալերինաներին ու երազում մի օր այդպես բարձրանալ բեմ ու պարել: Հիմա աղջկաս պարի եմ տանում եւ շատ եմ ուզում, որ ընտրի բալետի պարուհի դառնալու ճանապարհը: Իմ երազանքն ուզում եմ իրականություն դառնա աղջկաս շնորհիվ: Եվ ի ուրախություն ինձ, նա շատ է սիրում պարել: Հիմա, համենայն դեպս, այդպես է: Հարցնում եմ՝ արդյոք սիրում է պարը, արդյոք հաճույքով է գնում պարի, որովհետեւ վախ ունեմ՝ միայն իմ ցանկությունը չլինի: Իսկ տղաս, մտածում եմ, բժիշկ կդառնա: Շատ խելացի է, չեմ ցանկանա, որ դերասան դառնա, այն էլ հիմա, երբ ամեն ոք իրեն դերասան է համարում: Իրականում դերասանությունն այսօր շատ բարդ եւ խնդիրներով լեցուն մասնագիտություն է:
-Այսօր կանայք մայրանալուն մի փոքր այլ կերպ են վերաբերվում. լուրջ, թե անլուրջ՝ յուրաքանչյուրի ընտրության հարցն է, բայց որ շատ երեխա ունենալ չեն ցանկանում, փաստ է: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի հայ ընտանիքը:
-Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, թե ինչի համար են լույս աշխարհ եկել, ինչ է ընտանիքը: Առհասարակ, ծնվել ենք սիրելու եւ սիրված լինելու համար: Ինձ թվում է՝ մարդն այն ժամանակ է կայացած, երբ ընտանիքը լավն է: Յուրաքանչյուրը պետք է ընտանիք ունենա: Հիշում եմ՝ երբ գնում էի ծննդաբերելու, մայրս ասաց՝ իրեն էլ իմ տատիկն է ասել, որ երկունքի ցավերը ոչինչ են այն բանի դիմաց, ինչին կարժանանա հետո: Արժի զգալ ու տանել այն ցավերը, որ հետո քեզ անսահման երջանկություն են պարգեւելու: Իսկ ինչի՞ համար ենք մենք ապրում: Չնայած՝ այսօր ամեն ինչ այնքան արհեստական է դարձել, մարդիկ էլ՝ եսասեր: Հաճախ եմ լսում, որ կանայք ցանկանում են միայնակ մեծացնել իրենց երեխային: Բայց չէ՞ որ այդ երեխան մի օր գալու է ու հարցնի, թե ինչու լիարժեք ընտանիքում չի ապրում, ինչու մյուսների պես հայրիկ չունի: Ես չեմ ուզում, որ մեր կյանքը դառնա արհեստական: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, եթե հիմքում սերն է, չէ՞ որ հետո մեր երեխաներն են մեզ խնամելու, սիրելու: Ամեն ինչ իր շարունակությունն ունի: Ուզում եմ, որ անկախ ամեն ինչից, երջանիկ եւ սիրված լինենք, ունենանք առողջ ու ամուր ընտանիքներ:
Զրուցեց Աիդա Ղարիբյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլի Էլբակյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: