Լիլի Էլբակյանի եւ Համո Ադիյանի` հոկտեմբերի 22-ին լույս աշխարհ եկած երկրորդ երեխայի լուրը BRAVO.am-ն արդեն հայտնել է: Այսօր մեզ հետ զրուցում դերասանուհին պատմել է իր երեխաների` Էլմիի եւ Էդգարի, հայրիկի` Արմեն Էլբակյանի տարեդարձի, “Խամաճիկների” թատրոնի նոր ներկայացման եւ այլ նորությունների մասին:
Լիլի Էլբակյանը` երեխաների հետ
Էդգարը շուտով կդառնա 4 ամսական: Կարծում էի` այս անգամ ավելի հանդարտ կլինեմ ու քիչ կզարմանամ… Միգուցե սեռերի տարբերությունից է, բայց ամեն երեխա իր յուրահատկությունն ունի: Նրան առաջնեկի նման եմ վերաբերվում, հենց ծնվելու պահից ինձ այնքան հարազատ է, կարծես, միշտ եղել է իմ կյանքում, նա էլ ինձ հետ է շատ կապված: Հիմա ինձ լիարժեք եմ զգում ու ավելի գիտակցված եմ սիրում: Էլմիի դեպքում ուզում էի շուտ վերադառնալ աշխատանքի, հիմա վայելում եմ ամեն օրը` հասկանալով, որ շատ պահեր չեն կրկնվելու: Չգիտեմ` նորից կմայրանամ, թե ոչ, մասնագիտությանս հետ դժվար է համատեղել, բայց ամեն երեխա մի նոր գույն է բերում ընտանիք: Էլմին եղբորը շատ է սիրում, ասում է, որ ես իր մաման եմ, ինքն էլ` Էդգարի: Միայն խանդում է, երբ Էդգարին անկախ ինձնից ավելի շատ եմ համբուրում, քան իրեն, ասում է` “Բա ե՞ս: Մամա, ինձ էլ կպաչե՞ս:)”:
Երեկ մեր թատրոնոմ “Թոմ Սոյերի արկածները” պատանեկան ներկայացման պրեմիերան էր. օրեր առաջ ներկա էի հանձմանը: Բեմադրիչն իմ համակուրսեցին է` Հրանուշ Չիչակյանը, ով որպես երկրորդ ռեժիսոր աշխատում է մեր թատրոնում, բայց առաջին անգամ է միայնակ բեմադրել: Կարծում եմ` նոր ձեռագրով, խոր մտքերով ներկայացում է ստացվել, մանավանդ տղա երեխաները կհավանեն: Ընդգրկված են դերասաններ Մեսրոպ Աբդոյանը, Հակոբ Հակոբյանը, Էվա Ոսկանյանը, Տաթեւ Հոռոփյանը, Արմինե Գաբրիելյանը, Տիգրան Ամիրխանյանը: Ի դեպ, Տիգրանը նաեւ բանվոր է աշխատում. մեր թատրոնում դերասանները ոչ միայն խաղում են, այլեւ զբաղվում հագուստներով, ադմինիստրատիվ գործերով, երաժշտական ձեւավորմամբ: Օրինակ` այս ներկայացման երգերը գրել է Էվան` հայերեն բառերով եւ իռլանդական երաժշտության մոտիվներով: Իսկ մեր պահակը հրաշալի երգչուհի է. նախորդ տարի հայրիկիս տարեդարձին այնքան տպավորիչ երգոց, որ ներկաները զարմացել էին:
Համոն` երեխաների հետ
Ամուսինս` Համոն, եւս ամեն շաբաթ-կիրակի խաղում է մանկական բեմադրություններում: Հետաքրքիր է, որ Թատերական ինստիտուտն ավարտած, հանրությանն արդեն հայտնի մեր դերասանները հաճույքով են տիկնիկների հետ աշխատում. բոլորն էնտուզիաստներ են: Երեխաներն էլ սիրում են նրանց կերպարները, կարող են տասից ավելի անգամ գալ դիտելու Բուրատինոյին ու մյուս հերոսներին:
Մեր ընտանիքի հիմնական աշխատանքը թատրոնում է, բայց որպես կողմնակի եկամտի աղբյուր ինձ համար ֆիլմերում նկարահանվելն է: Ծննդաբերությունից հետո ստիպված էի մի քանի առաջարկ մերժել` նախընտրելով ժամանակս տրամադրել երեխաներիս: Նաեւ արդեն 8 տարի դասավանդում եմ. սկզբում Թատերական ինստիտուտում, հիմա Մանկավարժական համալսարանում: Իմ ուսանողների համար խելագարվում եմ, նրանց էլ հրավիրում եմ մեր թատրոնի նոր սերնդի շարքերը համալրելու: Դադարից հետո մարտից նորից կվերադառնամ համալսարան:
Աննա Էլբակյանը` թոռնիկների հետ
Երեք օր առաջ նշում էինք հայրիկիս 61-րդ տարեդարձը: Էլմին առավոտյան հեռախոսով երգեց ու շնորհավորեց. պապիկին շատ է սիրում, ասում է, որ իր համար գժվում է:): Այս տարի տանն ենք հավաքվել, բայց նախորդ տարի նրա համար բեմադրության տեսքով անակնկալ էինք պատրաստել, հրավիրել ռեստորան, նաեւ նախապես նկարահանել էինք մյուս թատրոնների ղեկավարների շնորհավորական ուղերձները:
Այս շրջանում հազվադեպ եմ թատրոնում լինում. եթե գնում եմ, ապա երեխաներին էլ ինձ հետ տանում եմ: Մեր տանը երեկոյան ժամերին, երբ երեխաները քնած են, մայրս, հայրս ու ես մի նոր ներկայացման վրա ենք աշխատում: Դեռ փակագծերը չեմ բացի, քանի որ երբեմն կեսից հոգնում ենք, վիճում ու չենք շարունակում աշխատել: Եթե բարեհաջող շարունակենք, մեզ կմիանա նաեւ մի տղա դերակատար:
BRAVO.am
Լուսանկարները` Լիլի Էլբակյանի անձնական արխիվից եւ Գայանե Հարությունյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: