Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլի Միքայելյանը, որը այս շրջանում նկարահանվում է “3 կյանք” հեռուստասերիալում` մարմնավորելով Անուշի կերպարը, անկեղծ ու հետաքրքիր զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ` խոսելով ինչպես ստեղծագործական կյանքի, այնպես էլ սիրելի զբաղմունքների, ընտանիքի ու ընտրյալի մասին:):
Լիլի Միքայելյանը
Դասախոսներիցս դերասանուհի Սոֆիկ Սարգսյանն ասաց, որ նոր սերիալ է նկարահանվելու, ընկերուհիներով որոշեցինք փորձել: Ես ընտրեցի փոքր քրոջ` Անուշի դերը, որովհետեւ նյարդային, ոչ ադեկվատ ու թմրամոլ կերպարներ մարմնավորելն ինձ շատ է դուր գալիս: Շատ եմ դիտել նման հերոսներով ֆիլմեր` “99 ֆրանկ”, “Կոկային”,“Ռեքվիեմ երազանքի համար”… Հիացած եմ Էլեն Բյորստինի խաղով:
Եթե խաղս այսպիսին է, ուրեմն Անուշին հենց այդպես եմ տեսնում:
Ուսանողական տարիներին ինձ սովորեցրել են, որ պիեսը միայն հումք է ներկայացման համար. եթե կայծը կա, կրակը պատրաստ եմ վառել ինքս:
Լիլի Միքայելյանը
Անուշի նման նյարդային եմ, շուտ ընկճվող, կռվարար, բայց, ի տարբերություն նրա, երբեք ալկոհոլի ու թմրանյութի մեջ չեմ փնտրի փրկությունս:
Սերիալում ինքնասպանության փորձ եմ անում… Չեմ կարող քննադատել այս քայլին դիմող մարդկանց: Դա պահ է, երբ ուղեղն անջատվում է, եւ մարդը չի կարողանում կառավարել իրեն:
Իմ ամենաառաջին քննադատը ես եմ: Եթե խաղս հավանեմ, կողքից ինչքան էլ ասեն` վատ է, ինձ համար միեւնույն կլինի: Մյուս քննադատս, իհարկե, վարպետն է` Նիկոլայ Ծատուրյանը:
Մայրս ներկա է իմ բոլոր ներկայացումներին, դիտում է սերիալի բոլոր սերիաները: Ոչինչ չի ասում` ո՛չ դրական, ո՛չ բացասական: Երբեմն, երբ հուզիչ տեսարաններ են լինում, ասում է` “Փշաքաղվեցի”:
Լիլի Միքայելյանը եւ Անի Պետրոսյանը
Անկեղծ ասած` հայրիկիցս ամաչում եմ. չեմ թողնում գա ներկայացումներիս, բայց հեռուստացույցն էլ հո չեմ կարող սերիալի ժամին պատուհանից ցած նետել կամ ամեն օր այդ ժամին լույսերն անջատել…
Սկզբում հետեւում էի խաղիս, հիմա` չէ. ինձ կողքից նայելիս մի տեսակ նյարդայնանում եմ:
“3 կյանք” հեռուստասերիալն իմ կարիերայում առաջին չէ. դեռ ուսանողական տարիներին նկարահանվել եմ “Ստարտ” սերիալում, որն այդպես էլ չցուցադրվեց: Մարմնավորում էի Նիկային, ամեն ինչ անում, որ խաղս լավ ստացվի. սերիալին վերաբերվում էի այնպես, ինչպես գեղարվեստական ֆիլմին:
Լիլի Միքայելյանը
Ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: Սովորել եմ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում:
Եթե նժարների վրա դնեմ թատրոնն ու սերիալը, իհարկե, թատրոնը կգերակշռի: Գուցե շատ հետաքրքիր գեղարվեստական ֆիլմ նկարահանվի, որտեղ հանդես գալու ցանկություն կունենամ, բայց, միեւնույն է, թատրոնն առաջնային է ինձ համար:
2 օր առաջ առաջին անգամ խաղացի “Մամա Միա” ներկայացման մեջ: Հուզված էի, բայց` մինչեւ բեմում հայտնվելս: Շատ լավ անցավ: Օգնության համար շատ շնորհակալ եմ խաղընկերներիս` Արտաշես Մխիթարյանին, Արմեն Բարսեղյանին, Լուիզա Ղամբարյանին, Էվելինա Շահիրյանին եւ մյուսներին:
"Երեք կյանք" սերիալում Անուշի դերակատար Լիլի Միքայելյանը
Խաղացել եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի “Ես միայն զանգահարելու եմ եկել” պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ` մարմնավորելով Մարիայի կերպարը: Կցանկանամ մի 5 տարի հետո նորից խաղալ այս ներկայացման մեջ, բայց թե ինչո՞ւ, փակագծերը չեմ բացի:
Շատ եմ սիրում նկարել, չնայած` շատ վատ եմ նկարում:
Օդապարիկ, մոտոցիկլ.... սիրում եմ ադրենալին: Ինքս մոտոցիկլ չունեմ, բայց ունեմ ընկերներ, որոնք ունեն, եւ միշտ զզվեցնում եմ:
Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, պարել, լողալ, ֆիլմեր դիտել` կինոման եմ:
Լիլի Միքայելյանը սիրելիի` դերասան Կարեն Բարբարյանի հետ
Տարօրինակ ու զավեշտալի դեպքեր հաճախ են պատահում. մայրիկիս հետ քայլում էի փողոցով, երբ մի քանի երեխա, տեսնելով ինձ, գոռացին` նարկոտիկն ա: Նարկոման էլ չէ` նարկոտիկ:
Մի անգամ էլ կրկին փողոցում մի կին մոտեցավ ու բան էր հարցնում, բայց քանի որ ականջակալներով էի, չէի լսում, սկսեց բղավել`“Վայ, Անուշ ջան, դու բերդում չե՞ս”:
Ուզում էի նրան ասել, որ դա սերիալ է, ես էլ Անուշը չեմ, այլ` նրա դերակատարը, որն իրականում բանտում չէ:
Լիլի Միքայելյանը
Իրականում էլ 3 քույր ենք` Անի, Լիլի, Տաթեւ: Անի անունը համընկնում է: Նրանց համար միշտ եղբայր եմ եղել. երբ փոքր քույրս տուն էր գալիս ու ասում, որ իրեն նեղացրել են, վազում էի բակ, գտնում նեղացնողին ու ծեծում: Հետո նրա ծնողները գալիս էին մեր տուն, բողոքում ծնողներիս, թե ձեր աղջիկը մեր տղային ծեծել է:
Գտել եմ երկրորդ կեսիս: Նա նույնպես դերասան է` Կարեն Բարբարյանը, ով այժմ ծառայում է Արցախի զորամասերից մեկում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլի Միքայելյանի անձնական արխիվից եւ AriA art studio-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: