×


Լուիզան փորձում է ամուսնուն վերադարձնել սիրուհու գրկից

Երեւանի կամերային թատրոնում պրեմիերաների պակաս, կարծես թե, չկա:): Նոր ներկայացումը կնոջ եւ տղամարդու սիրային հարաբերությունների, կոնֆլիկտի, անսպասելի իրավիճակների դրամատիկ պատմություն է: “Սկոտչ եւ վիսկի”. այսպես է կոչվում լավատեսական կատակերգությունը, որի պրեմիերան մայիսի 12-ին էր:

Լուիզա Ներսիսյանն ու Մխիթար Ավետիսյանը


Կնոջ դերում Լուիզա Ներսիսյանն է, ամուսնու՝  Մխիթար Ավետիսյանը, ամուսնու սիրուհին Հասմիկ Դանիելյանն է, իսկ գողը՝ Սենիկ Բարսեղյանը: Բեմադրող ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է:

Բեմադրության հիմքում ամերիկյան կինոնովել է, որի հեղինակը Ջոն Բոլդն է: Բեմադրիչ Արշալույս Հարությունյանը ռուսերենից այն թարգմանել ու թատերական պիեսի է վերածել. “Որոշ հատվածներ փոխել ենք, պատմությունն ուրիշ կերպ է սկսվում, մի քիչ սրել ենք ու ինտրիգներ ավելացրել: Թարգմանելիս նկատի եմ ունեցել` որ դերն ում կհամապատասխանի”:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը


Ներկայացումը սկսվում է ամուսինների տուն գողի ներխուժման ու թաքնվելու տեսարանով: Որոշ ժամանակ անց ամուսինը` Սեմուելը, գալիս է տուն ու սպասում իր սիրուհուն, բայց ավելի շուտ վերադառնում է կինը եւ տեղեկանում ամուսնու որոշման մասին. վերջինս պատրաստվում է ճամպրուկը հավաքել եւ սիրուհու հետ մեկնել Փարիզ:

Մեգին ամուսնու գլխին երկու անգամ հարվածում է շշով, նրան սկոտչով փաթաթում աթոռին, վիսկի ու բիսկվիթ առաջարկում, ամուսնության օրվա երդումն ու լուսանկարն է հիշեցնում, փորձում հետ պահել՝ մի քանի անգամ կրկնելով հետեւյալը. “Ընդամենը պետք է համբերություն ու լավատեսություն, եւ դու նորից կսիրես ինձ ու չես մտածի գնալու մասին”: Թե ինչպես  են զարգանում գործողությունները գողի հայտնվելուց հետո, ի վերջո, ամուսինը կնոջն է ընտրում, թե սիրուհուն, կիմանաք ներկայացումը դիտելուց հետո:):

Դերասան Մխիթար Ավետիսյանը


“Ես ամուսնուս ուշադրությանս կենտրոնում եմ պահում”. Լուիզա Ներսիսյան

Եթե Լուիզան իրական կյանքում հայտնվեր հերոսուհու կարգավիճակում, իր խոսքով` ծայրահեղությունների չէր դիմի. “Փորձում եմ այնպես անել, որ ծայրահեղ կետի չհասնեմ, հետո նոր սկսեմ պայքարել ու կապելով հարցերը լուծել: Հերոսուհին ուշադրություն չի դարձրել իր ամուսնուն, հետո հասկացել է սխալը, իմ դեպքում այդպես չէ. ես ամուսնուս ուշադրությանս կենտրոնում եմ պահում”, - BRAVO.am-ին ասել է դերասանուհին:

Մխիթար Ավետիսյանն էլ չի կարծում, որ երբեւէ իր կերպարի հայտնված իրավիճակում կլինի. “Չեմ պատկերացնում, բայց եթե վատ դրությամբ չի ավարտվում եւ նոր փուլի ծնունդ է տալիս, ուրեմն արժե պայքարել”:

Դերասան Սենիկ Բարսեղյանը


Լուիզա Ներսիսյանի համար այս թեման ուսուցողական բնույթ ունի. “Մեր կանայք չեն սիրում պայքարել, խնդրի դեպքում հանձնվում են: Շատ կանանց գոռոզությունը թույլ չի տալիս պայքարել՝ ամուսնուն վերադարձնելու սիրուհու գրկից, բայց սիրո համար պետք է պայքարել”:

Նա կարեւորում է ոչ միայն ներկայացման ասելիքը, այլեւ մատուցման ձեւը. “Երբ ֆիլմը դիտեցի, ինձ այդքան էլ դուր չեկավ, որովհետեւ զգացմունքները շատ քիչ են, ամուսիններն առանց էմոցիայի բաժանվում են, ամերիկյան այդ սառնությունն ինձ նյարդայնացնում էր: Մենք շտկել ենք այդ թերությունը, էմոցիաներն ավելի շատ են: Ես ինձ դրել եմ տվյալ իրադրության մեջ, կերպարն իմն եմ դարձրել, որ հնարավորինս անկեղծ խաղամ”:

Դերասանուհի Հասմիկ Դանիելյանը


“Դերասանն իր միջից գտնում է մարդու այդ տեսակը”. Մխիթար Ավետիսյան

Առաջնախաղից հետո հանդիսատեսի առաջին արձագանքից դերասանները գոհ են: “Քանի որ պրեմիերային հանդիսատեսի շարքում ավելի շատ թատրոնի մարդիկ են ու նրանց ներսում քննադատությունն ավելի շատ է նստած, լավ ռեակցիա էին տալիս, արդեն լավ է”, - նշել է Մխիթար Ավետիսյանը եւ հավելել, որ ամուսնու կերպարը հեշտությամբ իրենն է դարձրել. “Եթե դերասանն ունի հարուստ ներաշխարհ, լավ զգայարաններ , մարդկանց տեսակն ու բնավորությունը ճանաչելու մեծ հետաքրքրություն, նա կկարողանա ինքն իր միջից գտնել այն կերպարն ու տեսակը, որին պետք է մարմնավորի”:

Հասմիկ Դանիելյանն ու Մխիթար Ավետիսյանը "Սկոտչ եւ վիսկի” ներկայացման պրեմիերային


“Սկոտչ եւ վիսկի”-ի բեմի ձեւավորմամբ, դեկորացիաներվ զբաղվել է Արշալույս Հարությունյանը, որին օգնել է նաեւ կինը` բեմադրիչ Լուսինե Երնջակյանը: Կամերային թատրոնում սա Արշալույսի առաջին բեմադրությունն է. “Հաճախ է պատահում, որ երկար տարիների ամուսիններն իրենց փոխհարաբերություններին ուշադրություն չեն դարձնում, բայց ամեն օր պետք է ամրապնդել հարաբերությունները: Անկախ տարիքից, կարող ես հայտնվել նման ծայրահեղ վիճակում”:

Ի դեպ, տղամարդ դերակատարներն ունեն փոխարինողներ. այս ներկայացման մեջ պարբերաբար խաղալու են նաեւ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը.“Մեր թատրոնում ընդունված է դուբլյոր ունենալը: Դերասանական տարբեր խաղերը թարմություն են մտցնում, նույն հանդիսատեսը միգուցե ցանկանա մյուս դերասանի մեկնաբանությամբ էլ նայել ու համեմատել”:

Մեկ գործողությամբ մոտ 1 ժամ 20 րոպե տեւող լավատեսական կատակերգությունը թատրոնի խաղացանկում է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW