×


Լուիզա Ղամբարյան.“Սկսել եմ երկակի կյանքով ապրել”

Երկու տարուց ավելի է, ինչ Լուիզա Ղամբարյանը “Հարազատ թշնամի” սերիալում կերտում է Վարդի կոլորիտային կերպարը, որը սիրվել է հեռուստադիտողի կողմից: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է, որ վերջին շրջանում ռեժիսորները, տեսնելով իր հաջողությունը, նույնատիպ դերեր են առաջարկում, սակայն կկոտրի այդ կարծրատիպը:

Լուիզա Ղամբարյանը


Ամենափրկիչ թատրոնը 

“Ինձ փրկության է գալիս իմ թատրոնը, որտեղ կերպարների ներկապնակը շատ տարբեր է: Ինչպես նաեւ որոշել եմ, որ հեռուստատեսային հաջորդ կերպարս առանցքային կերպով պետք է տարբերվի այս կերպարից”,-նշել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին:

Անդրադառնալով սերիալի մասին հնչող բացասական կարծիքներին` Լուիզան ասել է, որ իրեն եւս հասել են մեկնաբանություններ, թե հեռուստադիտողը հոգնել է. “Միանգամայն համաձայն եմ այդ մարդկանց հետ, պարզապես ես դերասանուհի եմ եւ կատարում եմ իմ աշխատանքը: Ունեմ աշխատանքային, ինչպես նաեւ ներքին սկզբունք, ըստ որի, մինչեւ նախագծի ավարտը պետք է իմ գործը հնարավորինս որակով անեմ, բայց ինչքան էլ փորձենք ինչ-որ գույներով հանդիսատեսին պահել ու հետաքրքրություն առաջացնել, միեւնույն է` երկար ընթացքը ձանձրալի է”:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք` դուստրը դիտում է իր մասնակցությամբ սերիալները.“Հեռուստատեսային ցանկացած նախագիծ եւ հատկապես սերիալային ձեւաչափը թելադրում է որոշակի հասարակական կարծիք եւ բարոյական շատ ու շատ նորմեր: Ես ուրախ եմ, որ մեր ընտանիքում այդ խնդիրը չի էլ առաջացել. ես ոչ թե աղջկաս արգելում եմ դիտել, այլ ի սկզբանե հիմքն այնպես է դրվել, որ նրան հետաքրքիր էլ չէ”:

Լուիզա Ղամբարյանը


Պատմություն ունեցող փոքրիկ կնճիռներ

Լուիզա Ղամբարյանը խոստովանել է, որ հաճախ ինքն իր հետ զրուցում է հայելու առջեւ` տեսնելով նաեւ այն փոքրիկ կնճիռները, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի.“Իմ կնճռիկներն ինձ չեն վախեցնում, գուցե նաեւ հմայք են տալիս. բնական գեղեցկության կողմնակից եմ: Այդ փոքրիկ կնճիռների հետ կարող եմ զրուցել, դրանք պատմություն են, դրանցից ամեն մեկը մի օր կարող է հաջող դերակատարման պատճառ դառնալ”: 

Տարիքային տարբերությունն` առավելություն 

Բազմիցս խոսվել է դերասանուհու եւ ամուսնու` Գեորգի Պողոսյանի  տարիքային տարբերության մասին: Այսօր Լուիզան մեծ սիրով ընդգծում է, որ իր ընտրության համար երբեք չի զղջացել, որպես մայր էլ դեմ չի լինի, եթե դուստրը եւս նույն կերպ վարվի.“Միայն թե ընտրյալը հայրիկի պես մարդկային լավ որակներ ունենա: Իսկ խնդիրներ, անշուշտ, կան, ինչպես բոլոր ընտանիքներում, բայց եթե ոմանց դեպքում դա կարող է դառնալ սկանդալ կամ բախում, ապա մեր ընտանիքում, նաեւ ամուսնուս տարիքի շնորհիվ, ամեն ինչ արագ եւ անհետեւանք հարթվում է”:

Նա ամուսնու եւ իր հարաբերությունները հետեւյալ կերպ է բնորոշել.“Իմ կողքին բարձրաշխարհիկ տղամարդ է, ով օրինակ ու հեղինակություն է ինձ համար: Որպես ամուսիններ, շատ հարցերում կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ` սկսած երեխայի դաստիարակությունից մինչեւ տան կահավորանքի գույների ընտրությունը, բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ չտեսնել, որ ես ունեմ հրաշալի ընկեր, հրաշալի ամուսին ու հրաշալի հայր իմ երեխայի համար”:

Լուիզա Ղամբարյանը


“Ամուսնուս կողքին իմաստուն կին եմ դարձել”

Դերասանուհու խոսքով` ամուսնու կողքին իմաստուն կին է դարձել, ինչը, սակայն, ավելի է բարդացրել իր կյանքը.“Սկսել եմ երկակի կյանքով ապրել. ընտանիքումս նրա շնորհիվ հանգստություն է, իսկ ընտանիքիցս դուրս խաղի կանոնները փոխվում են, իրարամերժությունը սկսվում է հենց իմ մեջ: Ինձ շատ լավ եմ զգում, երբ միասին արտերկիր ենք մեկնում, քանի որ այստեղ մարդկանց բարոյական արժեքների հակասությունները խիստ ծայրահեղ են”:

Գաբրիելան կսովորի արտերկրում 

Լուիզան դստեր հետ կապված մեծ նպատակներ եւ երազանքներ ունի: Ցանկանում է, որ Գաբրիելան կրթություն ստանա արտերկրում եւ ապրի քաղաքակիրթ միջավայրում. “Այնտեղ Գաբին չի ունենա իր մեջքին կանգնած դերասանուհի մայր եւ անարդար ճանապարհով վաստակած գնահատականներ: Գուցե տարիներ անց աղջիկս չուզի դրսում սովորել, բայց հիմա ես ուզում եմ, որ նա հասկանա կրթության կարեւորությունը”:

Արտերկրում բնակություն հաստատելու մեր հարցին նա հետեւյալն է պատասխանել. “Ես ունեմ հստակ դիրքորոշում` պետք է ապրեմ Հայաստանում, քանի դեռ չկա դրան հակազդող շատ լուրջ պատճառ, իսկ լուրջ պատճառ ինձ համար կարող է լինել թերեւս միայն երեխաս”:

Լուիզա Ղամբարյանը


Կրկին մայրանալու մասին 

Հետաքրքրվեցինք` արդյոք Լուիզան չի ցանկանում կրկին մայրանալ.“Դա կլինի այն ժամանակ, երբ Աստված կամենա: Եթե երկրորդ անգամ մայրանամ, ապա միայն երջանիկ կլինեմ, իսկ եթե միայն աղջիկս ինձ պետք է ասի մամա, Աստծուն դրա համար էլ շնորհակալ կլինեմ”:

Որ հանդիսատեսը կարոտի…

Դերասանուհին տեղեկացրել է, որ “Հարազատ թշնամի” սերիալը կավարտվի մարտին, իսկ առաջիկայում հնարավոր է հանդես գա նոր նախագծում` արդեն որպես հաղորդավարուհի.“Ունեմ գաղափար, բայց քանի դեռ այն գաղափար է, չեմ ուզում դրա մասին խոսել: Գուցե նաեւ ժամանակավոր դադար վերցնեմ: Շատ կարեւոր է, որ հանդիսատեսը կարոտի քեզ”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW