“Արմենիա” հեռուստաընկերության “Խաղից դուրս” սերիալի դերասանուհիներից Սիմա Բաղդասարյանը BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծորեն խոսել է իր կարիերայի, դերասանական խաղի, նախասիրությունների ու անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության մասին
Սիմա Բաղդասարյանը
Մասնագիտությամբ ատամնաբույժ եմ: Մեր ընտանիքում բոլորն էլ բժիշկներ են: Այդպես գեներով ես էլ ընտրեցի ատամնաբույժի մասնագիտությունը: Ուսումս ավարտելուց անմիջապես հետո անցել եմ աշխատանքի:
Մուտքս հեռուստատեսային աշխարհ եղել է շատ պատահական` “Կյանքի գինը 2” հեռուստասերիալով: Ծանոթս առաջարկեց, ես էլ որոշեցի փորձել: Մերիի կերպարն եմ մարմնավորել: Դերս շատ փոքրիկ էր. խաղացել եմ ընդամենը 1 ամիս:
“Արմենիա” հեռուստաընկերությունում պաշտոնապես աշխատում եմ 2011թվականից, երբ սկսեցի վարել “Բարի լույս, հայեր” հաղորդման “Առողջության օրագիրը”:
Սիմա Բաղդասարյանը վարում է “Բարի լույս, հայեր” հաղորդման “Առողջության օրագիրը”
Առանց մասնագիտական կրթության ու հաղորդում վարելու փորձի հայտնվեցի ուղիղ եթերում: Պատասխանատվությունը շատ մեծ էր: Կարծում եմ` ստացվել է:
Մասնագիտական խորհուրդներով ինձ շատ օգնել է Արամ Չախոյանը, ով այս ասպարեզում արդեն երկար տարիների փորձ ունի: Հետագայում սկսեցի շփվել ոլորտի այլ մարդկանց հետ եւս ու հասկանալ մասնագիտական նրբությունները:
Այժմ նկարահանվում եմ “Խաղից դուրս” հեռուստաֆիլմում` մարմնավորելով բացասական հերոսներից մեկին` Դանային: Պետք է անկեղծ լինեմ` այնքան էլ չեմ հավանում ինձ այս սերիալում. թվում է` մի քիչ ավելի եմ խաղում:
Սիմա Բաղդասարյանը
Երբ զգում եմ, որ խաղիս մասին վատ ինչ-որ բան են ասելու, ինքնապաշտպանվում եմ` նշելով, որ ես դերասան չեմ: Բայց շատերի կարծիքով` վատ չեմ խաղում:
Իմ եւ Դանայի միակ նմանությունը ուժեղ բնավորությունն է:
Ես նպատակասլաց անձնավորություն եմ` փոքր-ինչ կարիերիստ: Այդուհանդերձ, ինձ համար առաջնայինն ընտանիքն է, հետո` աշխատանքը:
Սիմա Բաղդասարյանը "Խաղից դուրս" հեռուստաֆիլմի նկարահանումներին
Անձնական կյանքումս փոփոխություն կա. ունեմ ընկեր, որի հետ հանդիպում ենք արդեն 1 տարի: Երկուսս էլ չենք սիրում այդ մասին խոսել:
Արամ Չախոյանի հետ ընկերներ ենք, չէի ասի` շատ մտերիմ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք օգնելու միմյանց: Մեր բաժանության պատճառը կարիերան չի եղել. պարզապես չհասկացանք միմյանց:
Կարծում եմ` ընկերասեր եմ: Ընկերներս տարբեր բնագավառից են` քաղաքագետ, տնտեսագետ, բժիշկներ… Զբաղվածության պատճառով հաճախ չենք հանդիպում, բայց աշխատում ենք շաբաթական գոնե մեկ անգամ միասին կինո, թատրոն կամ կարաոկե գնալ:
Սիմա Բաղդասարյանը
Շատ սիրում եմ հաճախել մարզասրահ, սակայն վերջերս դադարեցրել եմ, իսկ պատճառն աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Մտադիր եմ վերսկսել մարզումներս:
Սիրում եմ երգել: Փոքր ժամանակ շատ աղջիկների նման կանգնել եմ հայելու առաջ ու ինձ երգչուհի երեւակայել: Իսկ բարձրախոսս եղել է սովորական կլոր սանր:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիմա Բաղդասարյանի անձնական արխիվից եւ Ռաբերտ Ղեւոնդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: