“Մոսկվա” կինոթատրոնի փոքր դալիճում օրեր առաջ ցուցադրվել է Լիլիթ Մովսիսյանի “Խիո”-ն: Երիտասարդ ռեժիսորը նաեւ կարճամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակն ու մոնտաժողն է:
Լիլիթ Մովսիսյանի “Խիո” կարճամետրաժ ֆիլմի պրեմիերային
7 րոպե տեւողությամբ ֆիլմի սիմվոլիկ կադրերը խորհրդանշում են կնոջ կյանքը, որը նա ապրում է` ենթարկվելով ժամանակին: Լավաշի ու հայ կնոջ այլաբանական փոխհարաբերությունը ներկայացնող “Խիո”-ում չկան խոսքեր ու դեմքեր, կան միայն ձեռքեր ու համապատասխան երաժշտություն:
Ֆիլմի անվանումը Լիլիթ Մովսիսյանը պարզաբանում է հետեւյալ կերպ. “Կարելի է ասել` 160 տարբերակ ենք մտածել, իսկ վերջնական ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կոմպոզիտորի խորհրդով ֆիլմում հնչում է “Խիո” երգի նոր մշակումը: Իմ առջեւ խնդիր էր դրված մի քանի ամսում եւ սիմվոլիկիկայի միջոցով ցուցադրել մարդու կյանքը, ես էլ ընտրեցի հայ կնոջ կերպարը: Հերոսուհու կերպարը ստեղծելիս ինչ-որ մեկին նկատի չեմ ունեցել, բայց ֆիլմն ունի հասցեատեր եւ ես շատ կուզեի, որ նա անպայման դիտեր”, -BRAVO.am-ին ասել է ռեժիսորը:
Արսեն Գրիգորյանը "Խիո" ֆիլմի պրեմիերային
“Խիո”-ի պրոդյուսերը Զառա Մինասյանն է, բեմադրող օպերատորը Դավիթ Այվազյանն է, կոմպոզիտորը` Կառլոս Պրոտեուսը: Նկարահանումների ընթացքում ռեժիսորն ու պրոդյուսերը մտերմացել են, աշխատել ընդհանուր նպատակի շուրջ եւ առաջիկայում ֆիլմը կներկայացնեն միջազգային կինոփառատոններին.“Արդեն դիմել ենք բրիտանական փառատոնների, սպասում ենք պատասխաններին: Հաջորդ տարի նաեւ հայտ կներկայացնենք “Ոսկե Ծիրան” փառատոնին. այս տարի չհասցրինք, քանի որ հայտերի ընդունման ժամանակ մեր ֆիլմը դեռ պատրաստ չէր”, - հայտնել է պրոդյուսերը:
"Խիո" ֆիլմի ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը եւ պրոդյուսեր Զառա Մինասյանը
Լիլիթ Մովսիսյանը 2011-ին ներկայացել է “Մոխրաման” գեղարվեստական լիամետրաժ եւ “Ես էլ” կարճամետրաժ ֆիլմերը, իսկ առաջիկայում նախատեսված է “Կաուչո” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որն այժմ հետարտադրական փուլում է. “Այս ֆիլմի ու “Կաուչո”-ի վրա զուգահեռաբար եմ աշխատել: Դրանք միաժամանակ շատ նման ու տարբեր են, եւ ոչինչ չի խանգարել ամեն մեկի վրա յուրովի աշխատել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: