Ծովինար Մարտիրոսյանն այսօր` հունվարի 18-ին, դարձել է 29 տարեկան: Այս առիթով երեկ BRAVO.am-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է դերասանների ընտանիքին, հետաքրքիր զրույց ունեցել եւ լուսանկարել իրենց հարազատ թատրոնում:
Դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը
Մայրանալ պատրաստվող հոբելյարը տանն ընկերների շրջապատում կնշի տարեդարձը, վստահ է, որ հաջորդ տարի` 30-ամյակին, երբ արդեն չորսով կլինեն, ամուսինը` դերասան Նարեկ Հայկազյանը, մեծ խնջույք կկազմակերպի.“Հիմա ավելի շատ մտածում եմ բալիկիս լույս աշխարհ գալու մասին, դեպրեսիոն շրջանում եմ` անընդհատ վախերի, տագնապների մեջ, անհամբեր սպասում եմ:)”:
Ծովինարն իր ծննդյան օրը սիրում է նաեւ անակնկալների համար:): Նրա ընկերուհիները` դերասանուհիներ Անի Պետրոսյանն ու Արաքսյա Մելիքյանն անհրաժեշտ նվերներ են մատուցում.“Կռահում են իմ ցանկությունները եւ պիտանի իրեր նվիրում: Պետք է խոստովանեմ, որ կյանքիս ընթացքում երբեմն անիմաստ նվերներ եմ ստացել: Օրինակ` չեմ սիրում այն արձանիկները, որոնք զուրկ են գեղագիտությունից”:
Ծովինար Մարտիրոսյանը
Նա սիրում է կազմակերպել ամուսնու տարեդարձը, Նարեկն էլ կնոջն է հաճելի պահեր պարգեւում.“Անցյալ տարի կեսգիշերին շնորհավորեցի, նվերը հանձնեցի, Ծովինարին թվաց` դրանով ամեն ինչ ամփոփվեց, բայց երեկոյան նվիրեցի ոսկե մատանի, ինչն իր համար անսպասելի էր”,-պատմել է դերասանը:
Այս տարի էլ Անրին է մայրիկին մատանի նվիրել: Նա հայրական տատիկի օգնությամբ, որը կաշվե աքսեսուարներ է ստեղծում, իր ձեռքով ու ճաշակով պատրաստել է երեք մատանի ու նախապես նվիրել.“Այնքան էլ գեղեցիկ են, շատ հավանեցի: Որդիս սիրում է, որ իր նվիրած բացիկները, նամակներն ու նվերները պահում եմ: Օրինակ` մի քանի օր առաջ ալբոմի մեջ գրել էր` “Մամաս այս կարմիր վարդից գեղեցիկ է”:)”:
Ծովինար Մարտիրոսյանը` որդու` Անրիի հետ
Դերասան-ամուսինների տղան ոգեւորությամբ պատասխանել է իրեն ուղղված մեր հարցերին` նշելով, թե դեմ չէր լինի, որ փոքրիկ եղբայրն իր տարեդարձի օրը ծնվի. “Մամայի ծնունդը սիրում եմ, բայց ավելի շատ իմն եմ սիրում, չնայած` այդքան էլ չեմ սիրում նվերներ ստանալ. թանկարժեք նվերներն այդքան էլ լավ բան չեն:): Ճապոնական ուտեստ եմ սիրում` սուշի, երանի փետրվարի 18-ը շուտ գա, որ շատ սուշի լինի”:
Զույգի երկրորդ որդին, բժիշկների կանխորոշմամբ, լույս աշխարհ կգա փետրվարի վերջին կամ մարտի սկզբին.“Որոշել էինք, եթե աղջիկ ծնվի, անունը ես կընտրեմ, իսկ տղայի դեպքում` Նարեկը: Անրիի թաթիկը դրել էի փորիկիս, միասին օրերն էինք հաշվում, մարտի 14-ին “արձագանքեց”:): Արդեն շատ անհամբեր եմ: Նարեկը, լինելով հավասարակշռված, ինձ հանում է տագնապային ու անհանգիստ վիճակից”:
Ծովինար Մարտիրոսյանն ու Նարեկ Հայկազյանն` իրենց որդու` Անրիի հետ
29-ամյա դերասանուհին իր կյանքի ամենամեծ նվերը համարում է որդու ծնունդը, իսկ ամենամեծ երջանկությունը` ամուսնուն հանդիպելը.“Արդեն ունենք երկրորդ մեծ նվերը, ուղղակի դեռ “տուփի” մեջ է, երեքս էլ սպասում ենք, երբ ենք նրան վերջապես տեսնելու: Երջանիկ եմ, որ Նարեկին եմ հանդիպել. մենք Թատերական ինստիտուտում նույն կուրսում ենք սովորել: Ծանոթությունից հետո սկսել եմ լիարժեք ապրել, շուտով կլրանա մեր ամուսնության 8-րդ տարին”:
Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը թատրոնում բազմիցս միասին սիրահար զույգերի են մարմնավորել: Դերասանուհին դեկտեմբերի 28-ից աշխատանքային ժամանակավոր դադարի մեջ է, իսկ ամուսինը երեկ թատրոնում պարզեց, որ նոր ներկայացման դերաբաշխման ժամանակ իրեն է վստահվել գլխավոր կերպարներից մեկը.“Շատ հետաքրքիր գործ է, կոչվում է “Միջադեպ մետրոյում”, մոտ 30 տարի առաջ խաղացել են “Մետրո” թատրոնում: Թեեւ այն ժամանակ չեմ դիտել, բայց պիեսը կարդացել եմ, մարմնավորելու եմ բացասական հերոսներից մեկին: Սիրում եմ նման դերեր, ծավալվելու եւ կերպար կերտելու լայն հնարավորություն եմ ունենում, հաճույքով կխաղամ”:
Դերասան-ամուսիններ Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը
6-ամյա Անրին էլ ամենայն լրջությամբ պատմել է, որ նկարահանվել է “Կյանքի կարուսել” ծրագրում, հարցազրույցներ է տվել, կցանկանա թատրոնի բեմ բարձրանալ, բայց իրեն համապատասխան դեր չկա.“Ես արդեն դերասան եմ, մամայիս, պապայիս հետ նկարահանվել եմ: “Կյանքի կարուսել”-ը չեմ դիտում, երբ չեմ հավանում, ասում եմ` լավը չի”: Ծովինարն էլ հավելել է, որ երեխան, թատրոնում մեծանալով, բարդույթներ չունի.“Ոչնչից չի ամաչում, երբեմն մտածում եմ` այդքան էլ լավ երեւույթ չէ:): Նրա ազատությունը չեմ սահմանափակի, եթե ուզում է, թող դերասան դառնա, բայց հուսով եմ` այնքան խելացի կլինի, որ այլ մասնագիտություն կընտրի”:
BRAVO.am-ը շնորհավորում է Ծովինար Մարտիրոսյանի տարեդարձը` մաղթելով երջանկություն եւ բարեհաջող ծննդաբերություն:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: